Լրահոս
Օրվա լրահոսը

ԵԽԽՎ պատվիրակները սպասում են, որ Թուրքիան կարտաբերի երկար սպասված բառերը

Ապրիլ 24,2013 12:31

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ԵԽԽՎ գարնանային նստաշրջանում ֆրանսիացի պատվիրակ Ժոզեթ Դուրուին ներկայացրեց Թուրքիայում կատարված մոնիթորինգի արդյունքները:  Նա մասնավորապես նշեց, որ թուրքական խնդիրները պետք է լուծվեն թուրքերի կողմից ու շեշտեց հատկապես քրդական հարցը. «Բանակցություններն ընթացքի մեջ են, և կարծում ենք, որ շուտով հնարավոր կլինի հասնել հակամարտության խաղաղ կարգավորման»:

Գերմանացի պատվիրակ Անդրեյ Հունկոն էլ նշեց, որ Թուրքիայում տեղի ունեցող առաջընթացը խիստ հակասական է: Որպես օրինակ նա ներկայացրեց. «Թուրքիայում մենք մի կողմից տեսանք, թե ինչպիսի մեծ կազմակերպվածություն կար ընտրությունների օրը կալանավայրերում, մյուս կողմից էլ ականատես եղանք, որ ընտրությանը ներկա էր նաև ոստիկանությունը: Երբ մենք խոսում ենք Թուրքիայի՝ Վեհաժողովի հիմնարար սկզբունքներին համապատասխանելու հարցի մասին, ես միշտ ցանկանում եմ շեշտել, որ 2010-ի հունիսին ընտրված հինգ անդամներ, տասնյակ քաղաքագլուխներ դեռ գտնվում են բանտերում: Կարծում եմ այս հարցերը հրատապ լուծման կարիք ունեն, որոնք նաև ամրագրված են զեկույցում: Ես նաև ուզում եմ խոսել մի հանգամանքի մասին, որը վերջին ամիսներին ինձ ցնցեց: Թուրք-գերմանացի մի ճանաչված գրող, ով ուսումնասիրում էր հայ-թուրքական պատմությունը, դատապարտվել ու կալանավորվել է»:

Ֆրանսիացի պատվիրակ Ռենե Ռուքեն էլ նշեց. «Թուրքիան պետք է առաջընթաց գրանցի, պետք է հակադրվի իր անցյալին: Հավատացեք, ես բացում եմ պատմության ցավոտ մի էջ, բայց ուզում եմ նշել, որ Ֆրանսիային 50 տարի պահանջվեց , որպեսզի իրապես վերագնահատի հրեաների աքսորման հարցը: Ուստի ուզում եմ հույս հայտնել, որ Թուրքիան վերջապես ուժ և կամք կցուցաբերի և կարտահայտի այն բառերը, որոնք մենք բոլորս, ինչպես նաև Հայաստանը, սպասում ենք նրանից, քանի որ Եվրոպան այժմ հաշտեցման ու խաղաղության ապահովման մի նոր ազդակ է»: Ներկայացված զեկույցում որոշ լրացումներ կատարվեցին, որոնց շարքում Հայաստանի պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանն առանձնացրեց այն հարցը, թե լրացում է անհրաժեշտ է, որը կսահմանի Թուրքիայի կողմից տրված երաշխիքները՝ ապահովել կրոնական հիմնարար ազատությունները երկրում՝ հղում կատարելով Վեհաժողովի ընդունած փաստաթղթին: Պարոն Հարությունյանը նաև նշեց, որ լրացման առաջարկի նպատակն է օրենքոց ամրագրել թուրքական ազգություն չունեցող երեխաների՝ազգային փոքրամասնությունների դպրոցներում սովորելու իրավունքը: Այս լրացումը ևս ընդունվեց:

Այնուհետև ԵԽԽՎ ամբիոնից ելույթ ունեցավ Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին: Նա, անդրադառնալով Հայաստանում և Վրաստանում գոյություն ունեցող խնդիրներին ՝ հատկապես կապված ընտրությունների կազմակերպման հետ, նշեց, որ խնդիրներն ընդհանուր են թե′ Ադրբեջանի, թե′ Վրաստանի, թե′ Հայաստանի համար: Հայաստանի պատվիրակության անդամ Լևոն Զուրաբյանը պարոն Իվանիշվիլիից հետաքրքրվեց աբխազական երկաթուղու վերաբացման մասին: Նա հարցրեց՝ համամի՞տ է արդյոք այն տեսակետի հետ, որ վրաց-աբխազական երկաթուղու վերաբացումը կարող է հիմք դառնալ աբխազական հակամարտության հարցի լուծման համար և դառնա տարածաշրջանում տնտեսական համագործակցության խթան: Իվանիշվիլին կարճ պատասխանեց. «Ես վստահ եմ, որ երկաթուղին կարող է վերաբացվել, բայց դա հնարավոր չէ կազմակերպել կարճ ժամանակահատվածում, քանի որ բազում հարցեր կան , օրինակ՝ մեր հարաբերությունները Ռուսաստանի, մեր աբխազ եղբայրների հետ: Դա հեշտ գործընթաց չէ և մեծապես կապված է քաղաքականության հետ: Բայց դա օրերից մի օր տեղի է ունենալու, և պաշտպանված են լինելու խնդրում ներգրավված բոլոր կողմերի իրավունքները»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930