Լրահոս
Օրվա լրահոսը

Ցեղասպանության 100-ամյակին ընդառաջ` ուր ենք հասել

Ապրիլ 24,2013 12:03

Ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության 98-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ են անցկացվում աշխարհի տարբեր քաղաքներում, այդ թվում եւ Ստամբուլում, Անկարայում եւ Իզմիրում, իսկ որոշ մայրաքաղաքներում տեղի են ունենում բողոքի ակցիաներ Թուրքիայի դիվանագիտական ներկայացուցչությունների մոտ:

Ինչպես ամեն տարի, այս տարի եւս մենք ազգովի սպասում ենք, թե ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման իր ամենամյա ուղերձում 1915 թվականի հայերի ցեղասպանության առիթով կարտասանի՞ գենոցիդ բառը: Օբաման, սակայն մի քանի անգամ ապրիլի 24-ին նախընտրել է՝ Մեծ Եղեռն՝ «Meds Yeghern» արտահայտությունը, ինչը հայերիս համար ցեղասպանության փաստի արձանագրումն է, ասել է թե՝ նա չի վիճարկել Մեծ եղեռնի փաստը: Իր երկրի պետական-քաղաքական շահերից ելնելով՝ ԱՄՆ նախագահը չի արտասանում «գենոցիդ» բառը եւ ԱՄՆ որեւէ նախագահ այդ բառը թերեւս չի արտասանի այնքան ժամանակ, քանի դեռ Թուրքիան չի ընդունի ցեղասպանության փաստը: Թուրքիայի ապագա որեւէ կառավարություն մի գեղեցիկ օր այդպես էլ վարվելու է: Ժամանակի հարց է, իսկ Թուրքիայում ժամանակի ընթացքում թեկուզ դանդաղ քայլերով հասարակական շրջանակներում տրամադրություններ են փոխվում: Օրինակ՝ Ֆեյսբուք սոցիալական ցանցում թուրք երիտասարդներից մեկը երեկ իր՝ որպես օգտատիրոջ, նկարի փոխարեն տեղադրեց Հայաստանի Հանրապետության դրոշը եւ գրառում թողեց՝ տեղեկացնելով, որ այսօր կմասնակցի Ստամբուլի Տաքսիմի հրապարակում «Meds Yeghern»-ի զոհերի հիշատակին նվիրված միջոցառմանը:

Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման եւ երկու երկրների միջեւ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու փորձ կատարվեց 2009-ին, հոկտեմբերին արձանագրություններ ստորագրվեցին, սակայն մի քանի ամիս անց Հայաստանը կասեցրեց այդ արձանագրությունների վավերացումը: Որ Թուրքիան էր այս գործընթացի արգելակողը՝ սա թերեւս հարաբերությունների կարգավորմամբ շահագրգիռ որեւէ երկրի համար գաղտնիք չի:

Նույնիսկ դաշնակցական գործիչներն են այսօր արձանագրում, որ Թուրքիան՝ «առաջվանը չէ, այն ճկուն է դարձել»: Հայ Յեղափոխական Դաշնակցության Բյուրոյի Հայ դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի տնօրեն Կիրո Մանոյանը երեկ հայտարարել է․ «Իրականում կարելի է համարել Ցեղասպանության ճանաչման փուլն արդեն անցած է`եթե խոսքը վերաբերում է միջազգային համայնքի կողմից ճանաչումին: Դրա համար էլ Դաշնակցության մոտեցումը այն է, որ արդեն մենք պետք է բարձրացնենք մեր իրավունքների եւ Ցեղասպանության հատուցման հարցը»: Նա նաեւ հավելել է, որ Հայաստանի համար կարեւոր է ոչ միայն Ցեղասպանության ճանաչումը միջազգային հանրության կողմից, այլեւ Հայաստանի կողմից Թուրքիային պահանջներ ներկայացնելը: Խոսքը՝ տարածքային, ազգային ունեցվածքի, ինչպես նաեւ անհատական հատուցման հարցերի մասին է:

Հայաստանի Հանրապետությունը եւ սփյուռքը Հայոց ցեղասպանության 100-ամյակին ընդառաջ անշուշտ աշխատանքներ պետք է իրականացնեն: Սակայն պակաս կարեւոր չէ՝ հարցը, թե մենք որպես պետություն Ցեղասպանության 100-ամյակին ընդառաջ ո՞ւր ենք հասել․․․

Մենք միջազգային հանրությանը պահանջներ ենք ներկայացնում, «գենոցիդ» բառի արտաբերում ենք ակնկալում, բայց ինքներս մեր պետության քաղաքացու համար չենք կարող ինքնավստահ ամրագրել, որ ՀՀ քաղաքացին արժանավայել է ապրում իր հայրենիքում:

Քաղաքական գործիչների, պետական այրերի, քաղաքագետների ու պատմաբանների գործն է՝ քննարկել, թե Թուրքիային, որը առայժմ չի ճանաչում Հայոց ցեղասպանությունը, տարածքային եւ ազգային ունեցվածքի պահանջներ ներկայացնելը որքան կարող է նպաստավոր լինել մեր երկրի համար եւ կարո՞ղ է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման թեկուզ թույլ հնարավորությանը ինչ-որ ձեւով ազդել:

Սակայն Թուրքիային պահանջներ ներկայացնելու ավելի արդիական խնդիր կա, որի ուղղությամբ ՀՀ իշխանությունները կարծես քայլեր չեն ձեռնարկում: Թուրքիան շրջափակել է Հայաստանը (իսկ դա թշնամական վերաբերմունքի արտահայտություն է) Ղարաբաղյան հիմնախնդիրի պատճառով՝ այդ քայլով իր աջակցությունը հայտնելով Ադրբեջանին: Պետական մակարդակով միջազգային հանրությանը այս հարցով պահանջներ ներկայացնելու առումով մենք ակնհայտորեն թերանում ենք: Մինչդեռ սա մի փաստ է, որը Թուրքիան չի կարող հերքել:

Աշխարհի տարբեր քաղաքներում Թուրքիայի դրոշը այրելուց առավել կարեւոր է այն, թե Հայաստանի Հանրապետության իշխանությունները ինչ են անում, որպեսզի միջազգային թատերաբեմում Հայաստանը ավելի հզոր երկիր ընկալվի առաջատար երկրների կողմից: Իսկ դա հնարավոր է միայն կոնկրետ քայլեր իրականացնելով: Թուրքիայի իշխանությունները օրերս արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուի մակարդակով հայտարարեցին, որ Թուրքիայի իրական նպատակը ոչ թե տարածաշրջանային առաջնորդ, այլ՝ գերտերություն դառնալն է:

Այս համատեքստում արժե հարց բարձրացնել՝ գոնե մեր տարածաշրջանում Հայաստանի նշանակության ու ազդեցության մեծացման ուղղությամբ Հայաստանի Հանրապետության անկախության այս քսան տարիների ընթացքում եւ Ցեղասպանության 100-ամյակին ընդառաջ մենք որպես պետություն ի՞նչ ձեռքբերումներ ու հաջողություններ ենք արձանագրել․․․

Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930