Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ Ցեղասպանության ճանաչման համար չեն առաջնորդվում դատական ակտերով

Ապրիլ 24,2013 11:45

100 տարի գրեթե լռության է մատնվել 20-րդ դարի Մարդկության դեմ իրականացված ամենադաժան հանցագործության` Հայոց Եղեռնի ոճրագործների պատասխանատվության խնդիրը: Պատասխանատվությանն առնչվող մի շարք հիմնարար հարցերի կապակցությամբ զրուցեցինք ՀՀ սահմանադրական դատարանի խորհրդական, «Սահմանադրական իրավունքի կենտրոնի» խորհրդի նախագահ, իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գևորգ Դանիելյանի հետ:

Պարոն Դանիելյան, ցեղասպանության առնչությամբ պատասխանատվության մասին, թերևս, բարձրաձայնում են տարբեր կտրվածներով, Ֆրանսիայի սենատի պարագայում հարցն անգամ դրվեց Հայոց Եղեռնի փաստը ժխտելու համար քրեական պատասխանատվության կտրվածքով: Միաժամանակ, կարծես շրջանցվում է առավել առանցքային հարցադրումը` կոնկրետ Հայոց Եղեռնի համար ինչպիսի՞ պատասխանատվություն կարող է լինել:

-Այն, որ Հայոց Եղեռնի փաստն ինքնին համարժեք ճանաչվել է հենց թուրքական դատական ատյանների կողմից, անվիճելի է, քանզի 1919-21թթ. օրինական ուժ ստացած և սահմանված ժամկետներում երբևիցե չբեկանված դատական ակտերում արտացոլված իրավական դիրքորոշումները գրեթե տառացի համապատասխանում են 1948թ. դեկտեմբերի 9-ի կոնվենցիայի նորմերին: Ասվածից բխում է, որ, հատկապես, 1915թ. ցեղասպանության (իսկ Հայող Եղեռնն ընդգրկել է ավելի մեծ ժամանակահատված, այն անգամ շարունակվել է դատավարությունների ընթացքում և տևել է մինչև 1923թ.) համար պատասխանատու իշխանության բարձրաստիճան պաշտոնյաները, այս կամ այն չափով, ենթարկվել են քրեական պատասխանատվության: Բնականաբար, հիմնական պատասխանատուները միջազգային ուժերի աջակցությամբ կարողացել են ճողոպրել և թաքնվել արևմտյան Եվրոպայի երկրներում կամ խորհրդային Ռուսաստանում: Բայց նրանց անգամ համաներումը չի փրկել, քանզի բոլորն էլ սպանվել են:

Այս կտրվածքով արդեն հարիր չէ խոսել անհատական պատասխանատվության մասին, սակայն նույն դատական ակտերում արձանագրված են արդեն պետության պատասխանատվության առնչությամբ ելակետային նշանակություն ունեցող դրույթներ: Ասել կուզի, որ եթե դարասկզբին արդիական էր ոճրագործներին պատասխանատվության ենթարկելու խնդիրը, ապա դրանից հետո իր հրատապությունը դեռևս պահպանել է պետության պատասխանատվության հարցը:

Բազմիցս Թուրքիայի իշխանությունները հայտարարում են, որ իրենք չեն կարող օսմանյան կայսրության իրավահաջորդը լինել, հատկապես, այդ պետության իշխանության մարմինների կողմից իրականացված ոճրագործությունների համար: Այս դեպքում, ո՞ր պետության պատասխանատվության մասին եք խոսում: Խոսքս միանշանակ Թուրքիայի մասին է, իսկ իրավահաջորդության մասին խոսելիս իրավաչափ եմ համարում ոչ թե իրավական մտավարժանքներ անել, այլ անդրադառնալ դարձյալ օրինական ուժ ստացած դատական ակտերի: Այս առնչությամբ արդեն այլ բնույթի դատական ակտերի մասին եմ կամենում խոսել: Առաջին համաշխարհային պատերազմից հետո Թուրքիայի դեմ հայցեր ներկայացրեցին արևմտյան Եվրոպայի մի շարք երկրներ` փորձելով ստանալ ինչպես արտաքին պարտքի գումարները, այնպես էլ` իրավաչափ եղանակով հատուցում ստանալ իրենց պատճառված վնասների, հատկապես, այդ երկրների ռազմագերիների սպանությունների և այլ դաժանությունների արդյունքում հասցված վնասի դիմաց: Այն ժամանակ, Թուրքիան ևս փորձեց ընդդիմանալ և պատճառաբանել, որ չի հանդիսանում Օսմանյան կայսրության իրավահաջորդը, սակայն, այսպես կոչված, «Օտտոմանյան պարտքի արբիտրաժի» վճռով Թուրքիան ճանաչվեց իրավահաջորդ և հարկադրված եղավ ստանձնելու արտաքին պատքերը, ինչպես նաև հատուցելու Օսմանյան կայսրության կողմից պատճառված վնասները: Իհարկե, Օսմանյան կայսրության կազմից դուրս էին եկել մի շարք պետություններ` Իրաքը, Լիբանանը, Սիրիան, սակայն արբիտրաժը հիմք ընդունեց այն իրավական փաստարկը, որը պետության կառավարման հիմնական ու վճռորոշ լծակները գտնվել են հենց թուրքական իշխանության ձեռքում:

Իսկ ինչպիսի՞ն է թուրքական իշխանության պաշտոնական վերաբերմունքը 1919-21թթ. ազգային դատական ատյանների դատավճիռների նկատմամբ: Չէ՞ որ այս դեպքում խոսքը հենց Թուրքիայի , եւ ոչ թե Օսմանյան կայսրության դատական ատյանների մասին է:

-Դուք ճիշտ եք նկատել, որ խոսքը հենց Թուրքիայի դատական ատյանների մասին է, իսկ դատավարությունները կյանքի են կոչվել ոչ այնքան միջազգային ուժերի ճնշման, որքան հենց նոր իշխանության եկած թուրքերի ամբիցիաների «շնորհիվ»: Ինչևէ, մեկ այլ առիթով առավել հանգամանորեն կանդրադառնանք դատավարության նախաձեռնության հարցադրմանը: Իսկ վերադառնալով Ձեր հարցին, պետք է նկատեմ, որ անձամբ ինձ զուտ իրավական կտրվածքով չի էլ հետաքրքրում, թե ինչպես են Թուրքիայի իշխանությունները վերաբերում իրենց իսկ ազգային դատական ատյանների դատավճիռներին: Իհարկե, ակնհայտ է, որ վերջիններս ափսոսում են, որ ինչ-ինչ գործոնների ազդեցությամբ իրենց իսկ ձեռքով անհերքելի, ավելին` լրացուցիչ քննարկման ոչ ենթակա իրավական փաստաթղթեր են ընդունել, սակայն մեզ պետք է հետաքրքրի մի հարց` դրանք բավարար ե՞ն, արդյոք, պետության պատասխանատվության հայց նախաձեռնելու համար: Պատասխանը, միանշանակ դրական է: Եթե Թուրքիայի իշխանությունները գտնում էին, որ դատական ատյանները զանգվածաբար սխալվել են (իսկ դատավարությունների թիվը հասնում է մի քանի տասնյակի), ապա կարող էին իրենց բնորոշ ավտորիտար հնարքներով բեկանել տալ բոլոր դատական ակտերը, սակայն 1923թ. մարտի 31-ին նույն Թուրքիայի իշխանւթյուններն ընդունել են օրենք` ոճրագործությունների համար դատապարտված անձանց ներում շնորհելու մասին: Իհարկե, եթե թուրքական իշխանությունները դույզն ինչ հարգանք տածեին իրենց ազգային դատական ատյանների նկատմամբ, ապա արդեն 2 տարի անց ազատ չէին արձակի ու հերոսացնի զուտ էթնիկական հողի վրա զանգվածային սպանություններ կազմակերպած ու իրականացրած անձանց, սակայն դա չպետք է մեզ զարմացնի, քանզի նույն քաղաքականությունը շարունակվում է նաև մեր օրերում: Իսկ մի՞թե նույն ձեռագիրը չենք նկատում Ռամիլ Սաֆարովի պարագայում. երեխաներին, կանանց, պարզապես քնած անձանց սպանելը, ցավոք, այդ երկրների իշխանությունների տեսանկյունից բացառապես ազգային հերոսության արտառոց և օրինակելի նմուշներ են:

Այդ դեպքում ի՞նչ նշանակություն կարող են ունենալ այդ դատական ակտերը և ի՞նչ ենք հասկանում պետության պատասխանատվության տակ:

-Այդ դատական ակտերը կարող են և պետք է դրվեն Թուրքիայի պատասխանատվության հարցը քննության առնող միջազգային միջազգային դատական ատյանի դատավարության հիմքում, ավելի արժեքավոր փաստերի ու ապացույցների մասին խոսելն անգամ իրատեսական չէ, քանզի դրանք իրավական չափանիշներով ուղղակի չեն կարող դրվել միևնույն նժարի վրա: Ցավալին այն է, որ ներկայումս այդ դատական ակտերը ոչ իրենց իրական նպատակային նշանակությամբ օգտագործելու խնդրում ակնհայտ բացթողումների պատճառով ոչ միայն ականատեսն ենք լինում Ֆրանսիայի սահմանադրական խորհրդի (նկատի ունեմ 2012թ. փետրվարի 28-ի որոշումը` Հայոց Ցեղասպանության փաստը ժխտելու համար քրեական պատասխանատվություն սահմանող օրենքը Սահմանադրությանը հակասող ճանաչելու մասին) ու նմանաբնույթ այլ ատյանների ակնհայտ անհիմն որոշումների ու տարբեր երկրների նախագահների ու խորհրդարանների զգուշավոր արտահայտությունների ու գնահատականների, այլև գրեթե բացառվում է իրավաչափ եղանակներով Թուրքիայի պատասխանատվության հարցը բարձրացնելը: Թուրքիան ներկայումս նեղացկոտ կեցվածք է ընդունում հիշյալ հարցն անգամ քննարկման նյութ դարձնելու պարագայում, սակայն վերջինս առնվազն պետք է ելակետ ընդունի այն պոստուլատը, որ առաջին անգամ հենց իր ազգային իրավասու ատյաններն են ճանաչել Հայոց Եղեռնի փաստը, որ հենց Թուրքիայի իրավասու դատական ատյաններն են այդ ոճրագործության հեղինակ ճանաչել ոչ թե մասնավոր անձանց կամ պաշտոնյաների, այլ հենց իշխանություններին, ավելին` հստակ ու միանշանակ ամրագրել են, որ ոճրագործությունները կատարվել են բացառապես կենտրոնական իշխանությունների կողմից կազմակերպված ու վերահսկելի ընթացակարգերով, իսկ ցուցումներն ու հրամանները տրվալ են գաղտնագրված տարբերակներով, որպեսզի հետագայում հնարավոր լինի թաքցնել իրադարձությունների բուն էությունը:

Ես դեմ չեմ պատմաբանների կողմից տարաբնույթ գիտական հետազոտություններին, անգամ ողջունում եմ, սակայն պատասխանատվության խնդիրը զուտ իրավական ինստիտուտ է, այն ենթադրում է բացառապես օրինական ուժ ունեցող դատավճիռների առկայություն, որպիսի պարագայում անհեթեթ են դառնում թուրքերի կողմից` պատմաբանների մասնակցությամբ տարբեր ձևաչափի հանձնաժողովներ ստեղծելու և արխիվային փաստաթղթեր ուսումնասիրելու նախաձեռնությունները. դատավճիռները իրավական նշանակության փաստաթղթեր են և կարող են միայն կոնկրետ իրավական հետևանքներ առաջացնել, դրանք պատմաբանների ուսումնասիրության նյութ կարող են դառնալ բացառապես գիտական ու տեսական նկատառումներով:

Ինչ վերաբերում է պետության պատասխանատվությանը, ապա այն պետք է համարժեք լինի պատճառված վնասին, որի հաշվարկման առնչությամբ, ցավոք, դեռևս համարժեք աշխատանքներ չեն տարվել: 5 տարի առաջ ՀՀ արդարադատության նախարարության նախաձեռնությամբ և աշխատակիցների անմիջական մասնակցությամբ պատրաստվեցին հազարավոր հայցեր, որոնց բավարարման արդյունքում ցեղասպանության զոհերի ժառանգները գոնե պետք է ստանային ապահովագրական ընկերություններից համապատասխան փոխհատուցումներ (ընդ որում, ապահովագրական ընկերությունները նախապես տվել էին փոխհատուցում տալու իրենց համաձայնությունը):

Հավելեմ, որ այդպիսի դրական փորձ արդեն ձևավորվել էր նախկին արդարադատության նախարար պարոն Դավիթ Հարությունյանի օրոք: Սակայն ԱՄՆ-ի նահանգային դատարանի խայտառակ վճռի արդյունքում կասեցվեցին անգամ այդ փոխհատուցումների վճարումները. այժմ վերանայման գործընթացներ են: Սա առավել ևս վկայում է Թուրքիայի պատասխանատվության հարցի աննախադեպ հրատապության մասին:

Իսկ, ինչո՞ւ նույն այդ դատավճիռների առնչությամբ արձագանքը, մեղմ ասած, համարժեք չի եղել, ինչո՞ւ նույն Ֆրանսիայի սահմանադրական խորհուրդը չի անդրադարձել դրանց, ինչո՞ւ տարբեր երկրների խորհրդարաններն անդրադառնալով Հայոց Ցեղասպանության ճանաչման խնդրին, առաջին հերթին չեն ղեկավարվում այդ դատական ակտերով:

-Կարծում եմ, հենց հայ իրավագետների հոգու պարտքը պետք է լինի դրանց առնչությամբ նպատակասլաց ու համալիր հետազոտություններն ու գիտագործնական առաջարկություններով հանդես գալը: Եթե այդ հարցում կան խնդիրներ, ապա դրանց պատասխանատուն առաջին հերթին հայ իրավագետներն են, այդ թվում` ինքս: Կարծում եմ, խնդրի լուծմանն էապես կնպաստի ՀՀ սահմանադրական դատարանի և ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի ղեկավարության աջակցությամբ և իմ նախաձեռնությամբ մշակված ու գիտության կոմիտեի քննարկմանը ներկայացված ծրագիրը. այն միտված է հենց վերը նշված հարցադրումների համակողմանի քննարկմանն ու կոնկրետ լուծումներ առաջադրելուն: Ներկայումս ունեմ ոչ միայն աջակիցներ, այլև շնորհաշատ երիտասարդ իրավաբաններից բաղկացած համակիրներ, որոնք պատրաստ են տևական ու աշխատատար գիտական հետազոտությունների. արդյունքները, համոզված եղեք, խիստ արժեքավոր են լինելու:

Հարցազրույցը վարեց՝ Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930