Լրահոս
Օրվա լրահոսը

Ձայն առնեմ դոլարով

Ապրիլ 24,2013 11:19

ՀՀ ֆոնդային բորսայում դրամը շեշտակի արժեվորվում է։ Ինչով է դա պայմանավորված՝ հստակ չգիտի ոչ ոք։

Սակայն ակնհայտ է, որ դասական կանոններով այդ արժեւորումը ոչ մի կերպ հնարավոր չէ բացատրել։ Օրինակ, համաշխարհային շուկայում պղնձի գինը կտրուկ նվազում է։ Իսկ Հայաստանից արտահանվող ապրանքների մեջ ամենամեծ բաժինը հանքաքարինն է, որի գինը ուղիղ համեմատական է պղնձի միջազգային գներին։ Ու եթե պղնձի գինը նվազում է, պետք է նվազի նաեւ դրա վաճառքից ՀՀ մտնող արտարժույթի ծավալը։ Դա պետք է հանգեցնի արտարժույթի «քաղցի», ինչն էլ իր հերթին պետք է հանգեցնի դրա նկատմամբ պահանջարկի աճին։ Իսկ այն ապրանքը, որի նկատմամբ պահանջարկը աճում է, պետք է թանկանա։ Բայց դոլարը կտրուկ արժեզրկվում է ՀՀ-ում, այսինքն՝ դրամը արժեվորվում է։ Տրամաբանական չէ։

Հիմա կատարենք մի պարզ հաշվարկ։ Միայն մեկ ամսվա ընթացքում դրամը արժետրվել է 2 տոկոսով՝ մեկ դոլարի գինը 420-ից հասել է 412 դրամի։ Դրանից առաջ եւս մեկ ամսվա ընթացքում տեղի է ունեցել հակառակը՝ մեկ դոլարի գինը 410-ից հասել է 420-ի։ Հիմա պատկերացրեք, որ դուք փետրվարին ունեցել եք 410 հազար դրամ եւ դրանով գնել եք հազար դոլար։ Մարտին, երբ մեկ դոլարի գինը 420 դրամ էր, դուք այն վաճառել եք եւ ստացել եք 420 հազար դրամ։ Հիմա, երբ մեկ դոլարն արժե 412 դրամ, ձեր ունեցած 420 հազար դրամով դուք կարող եք գնել արդեն հազար 19 դոլար։ Եւ ուրեմն, ունենալով հազար դոլար, երկու ամսվա ընթացքում դրամի փոխարժեքի տատանումների հաշվին դուք վաստակեցիք 19 դոլար։ Եթե խոսքը մեկ միլիոն դոլարի մասին է, ապա դուք կվաստակեիք 19 հազար դոլար։ Եթե 10 միլիոն դոլար ունենայիք, կվաստակեիք 190 հազար դոլար։ Մոտ 5 տոկոս եկամուտ երկու ամսում։ Ոչ մի բանկ նման տոկոսադրույքով եկամտաբերություն չի ապահովում ավանդների համար։ Եվ ընդհանրապես, դժվար է գտնել մի բիզնես, որի մեջ մեծ գումար դնելով՝ ընդամենը երկու ամսում կվաստակես «ներդրածիդ» 5 տոկոսը։

Այս պարզ հաշվարկից հետո կարելի՞ է արդյոք անլուրջ վերաբերվել այն պնդումներին, որ դրամի փոխարժեքի այս տատանումները արհեստական են եւ դրա արդյունքում ինչ-որ մեկը, կամ մի ինչ-որ խումբ հսկայական գումարներ է «վաստակում»։ Բայց սա հարցի մի կողմն է։

Դրամի փոխարժեքը մի շատ հետաքրքիր պահվածք է դրսեւորում ընտրությունների շրջանում։ Մինչեւ ընտրություններն ընկած ժամանակահատվածը, դրամը կամ արժեւորվում է կամ կայուն է։ Իսկ ընտրություններից մի կարճ ժամանակ անց սկսում է կտրուկ արժեզրկվել։ Այս երեւույթը նկատվել է թե 2012 թ. մայիսին տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների եւ թե 2013 թ. նախագահական ընտրությունների շրջանում։

… Եվ ուրեմն,կարո՞ղ ենք ենթադրել, որ դրամի փոխարժեքի տատանումների վրա փող են վաստակում նրանք, ովքեր ընտրությունների շրջանում մեծ ծախսեր են անում եւ ապահովում ՀՀԿ-ի «հաղթանակը»։ Եթե չենք կարող, ուրեմն պետք է բացատրեք, թե ինչու։

Հայկ ԳԵՎՈՐԳՅԱՆ

«Հայկական ժամանակ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930