Երեկ Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը խորհրդակցություն էր հրավիրել փողոցների ասֆալտապատման թեմայով: Նա աշխատանքները ձգձգելու պատճառով այնպես զայրացավ «Շիրակջրմուղկոյուղու» պաշտոնյաների վրա, որ վերջիններս անակնկալի եկան: Ի դեպ, նրանց հետ էին նաև Գյումրու շուրջօրյա ջրամատակարման ծրագիրն իրականացնող գերմանացի պատասխանատուները:Քաղաքապետը սկսեց անխնա քննադատել նրանց, թե այլևս այսպես լինել չի կարող, մարդիկ ցեխերի պատճառով տնից դուրս գալ չեն կարողանում, մեքենաներն էլ ոլոր-մոլոր են երթևեկում: «Ինչո՞ւ եք քննարկումից ուշանում, քաղաքի փողոցնե՞րն էին փակ: Եթե ձեր դիմաց դնենք բողոքների փաթեթը, կզարմանաք: Քսերոքս կանեմ, կուղարկեմ ձեր կազմակերպությանը: Մինչև հիմա լյուկ պիտի տեղադրեիք, չեք տեղադրել էսքան ժամանակ, քանի՞ ժամ եք աշխատում, մինչև ժամը մեկը»,- բորբոքվեց քաղաքապետը: Ջրմուղի պաշտոնյաները զարմացան, ասելով` ի՞նչ եք խոսում,մինչև ժամը վեցը աշխատել ենք հրապարակում, որին Սամվել Բալասանյանը արձագանքեց այսպես. «Լավ, նշանակում է, որ հինգ ժամ ընդմիջումով եք աշխատում, Զոհրապ (քաղաքապետի մամլո խոսնակն է.- Ն. Ա.)՝ կգնաս, կնկարես ոնց են աշխատում հրապարակում, երևի հեռուստասերիալ հանենք ձեր վրա»:
Այնուհետ դարձյալ դժգոհեց, որ մարդիկ չեն կարող քաղաքի փողոցներով նույնիսկ ոտքով անցնել, գոնե խոստացված վայրերը ավարտեք: «Պետք է գիշերն էլ աշխատեք, երկրորդ հերթով», -առաջարկեց քաղաքապետը: Ջրմուղի պաշտոնյաները բացատրեցին, որ կոմունիկացիաների վիճակը շատ վատ է, արտեզյան ջրերով կոմունիկացիաներ են գնում, եթե այդպես հապշտապ ու գիշերով աշխատեն, ապա վթար է ստեղծվում, որը կրկնակի բարդացնում է իրենց գործը: Այդ դեպքում լ այն վտանգը կա, ստիպված կլինեն բուն գործը թողած` աշխատեն վթարները վերացնելու համար: «Անհարմարությունից հանեք մեզ»,- գոչում էր պարոն Բալասանյանը: Վերջինս սակայն խիստ զայրացած պահին շնորհակալություն հայտնեց լրատվամիջոցներին, որոնք քանդել տվեցին հորդառատ անձրևի տակ արված ասֆալտը:
Ի դեպ, քաղաքապետը սպառնաց նաև պաշտոնաթող անել իր բաժնի պետերին ու նրանց օգնականներին, եթե ճիշտ ժամանակին չհասցրեցին փողոցաշինությունը: Գյումրու քաղաքապետի խոսելու տոնը փոխվեց հանդիպման վերջում: «Չասեք քաղաքապետը ահաբեկում է, եթե հանկարծ լավ չեղավ, ես ձեր ակտերը չեմ ստորագրի», -Ջրմուղկոյուղու պաշտոնյաներին սպառնաց քաղաքապետը:
Նշենք, որ նրա զայրույթը կապված է նրա հետ, որ մշակութային մայրաքաղաք հռչակված Գյումրին հունիսից հյուրեր է ընդունելու, իսկ մինչ այդ ասֆալտապատման աշխատանքները պարտադիր հասցնելու են:
Կարդացեք նաև
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ