Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՅԴ-ի նման վարքագիծ դրսեւորող ուժը ունա՞կ է միավորել ընդդիմադիր դաշտը

Ապրիլ 24,2013 10:58

Հատկապես վերջին օրերին ՀՅԴ ղեկավարությունը տարբեր առիթներով հայտարարում է, որ Հայաստանի ընդդիմադիր դաշտը կարող է միավորել միայն «Դաշնակցություն»-ը եւ որ Երեւանի ավագանու ընտրություններից հետո ընդդիմությանը չմիացած կուսակցությունները ցույց կտան իրենց իսկական դեմքը։ Արդյո՞ք սա ընդդիմադիր դաշտի մնացած ուժերին քաղաքական շանտաժի ենթարկելու փորձ է, թե՞ սեփական արժանիքները գերագնահատելու դրսեւորում, դժվար է ասել։ Հավանաբար ե՛ւ մեկը, ե՛ւ մյուսը։ Սակայն երկու դեպքում էլ ակնհայտ է, որ «Դաշնակցության» նման պահվածքը դրական արդյունքի չի հանգեցնի՝ ո՛չ կուսակցության հեղինակության բարձրացման, ո՛չ էլ ընդդիմադիր դաշտի միավորման առումով։ Առավել եւս, որ վերջինի հետ կապված՝ դաշնակցականների պահվածքը, մեղմ ասած, խնդրահարույց է։

Բոլորն են հիշում, թե ինչպիսի պատրաստակամությամբ ՀՅԴ ղեկավարությունը փետրվարի 20-ին շտապեց Րաֆֆի Հովհաննիսյանի համակիրներով լեփ-լեցուն Ազատության հրապարակ՝ փորձելով իր բաժինը պոկել այնտեղ հավաքված մարդկային կապիտալից։

Հետագայում, ոչինչ չանելով հանդերձ, «Դաշնակցություն»-ը շարունակում էր «մնալ ժողովրդի կողքին»՝ այնքան ժամանակ, մինչեւ այդ ժողովուրդը սկսեց հիսաթափվել եւ հեռանալ հրապարակից։ Իր կողմից որեւէ քայլ չձեռնարկելով դա կանխելու համար՝ ՀՅԴ ղեկավարությունը, հակառակը, փութաջանորեն հետեւեց հրապարակից հեռացողներին եւ ապրիլի 9-ին միայնակ թողեց Րաֆֆի Հովհաննիսյանին, այն դեպքում, երբ ընդամենը օրեր առաջ անգամ նրա առավոտյան վազքուղին էր կիսում։

Սակայն միայն դրանով չի սահմանափակվում ՀՅԴ «միավորիչ» վարքագիծը։ Նախօրեին «Ժառանգության» քարտուղար, եզակի գաղափարական քաղաքական գործիչ Ստյոպա Սաֆարյանի ֆեյսբուքյան գրառմանը հետեւած ՀՅԴ նախընտրական  շտաբի պատասխանի տոնայնությունն ու բովանդակությունը լավագույնս ի ցույց դրեց «Դաշնակցության» «միավորիչ ներուժը»։ Հիշեցնենք, որ Սաֆարյանն ընդամենն արձանագրել էր ՀՀԿ-ական ավագանու թեկնածուի՝ հեռուստաեթերից հնչեցրած փաստը, որ Երեւանում տեղադրված գերթանկ թուջե նստարաններն արտադրողը դաշնակցական է, եւ դիմելով մինչեւ վերջերս հարթակն իրենց հետ կիսող «գործընկերներին»՝ ասել էր. «Գնդակը ձեր դաշտում է, հարգելի ՀՅԴ-ականներ։ Ինչ կպատասխանեք. «Նիկոլ Դուման» ԱԿ-ն է գերշահույթներ ստանում՝ սահմանելով շուկայականից անհարկի բարձր գին, թե քաղաքապետարանն է նման թիվ նկարում, իսկ իրականում ձեռք բերում այլ գնով»: Եվ ահա՝ փոխանակ պատասխանելու շատ կոնկրետ հարցադրմանը, ՀՅԴ նախընտրական շտաբը գռեհիկ ձեւակերպումներով լի մի ցեխարձակում է կատարել Սաֆարյանի հասցեին՝ նրան մեղադրելով «պատվեր կատարելու» մեջ։

Արդյոք նման վարքագիծ դրսեւորող ուժը ունակ է միավորել ընդդիմադիր դաշտը՝ հարցը տվյալ դեպքում հռետորական է:

«Ժողովուրդ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930