Երբ Դոնեցկի «Շախտյորի» եւ Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հայտարարեց մրցաշրջանի ավարտին ակումբը փոխելու մտադրության մասին, նրանով սկսեցին հետաքրքրվել եվրոպական մի շարք գրանդ ակումբներ:
Նշվում են բազմաթիվ ակումբներ, որոնք ցանկանում են ձեռք բերել ֆուտբոլիստին: Սակայն «Մխիթարյանի գործում» աստիճանաբար կոնկրետություն է նկատվում: Օրինակ, օրերս նրա գործակալն ակնարկել է, թե Մխիթարյանին տանելու է Իտալիա: Հիմա էլ «rus.newsru.ua»-ն տեղեկացնում է, որ «Լիվերպուլը» պատրաստ է Ուկրաինայի առաջնության լավագույն ռմբարկուի համար վճարել 20 միլիոն ֆունտ (մոտավորապես 23,5 միլիոն եվրո): Սակայն այդ գումարն ամենայն հավանականությամբ «Շախտյորին» ձեռք չի տա, քանի որ ակումբն արդեն իսկ հայտարարել է, թե Մխիթարյանին բաց թողնել համաձայն է առնվազն 40 միլիոն եվրոյով:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ