Լրահոս
Օրվա լրահոսը

Ում ձեռքին էր ոստիկանապետը սիգարետ հանգցրել

Ապրիլ 24,2013 10:38

Բելգիայում ապաստան գտած Գրիշա Վիրաբյանը, որը Եվրադատարանում ընդդեմ Հայաստանի Հանրապետության հաղթողներից է, այդ հեռավոր երկրից հիշեցրեց, որ Աշոտ Կարապետյանն իրեն խոշտանգող ոստիկաններից մեկն էր, եւ հիշատակեց ինչ-որ աղջկա մասին, որի ձեռքին Աշոտ Կարապետյանն իբր սիգարետ է հանգցրել, եւ արյան պատերազմ հայտարարեց ոստիկանապետին՝ իր եւ այն աղջկա համար: Թե ով է եղել այս աղջիկը, գտանք, խորանալով 2004 թվականի քրեական խճապատկերում. Սեւան քաղաքի բնակիչ Նատաշա Ոսկանյանն էր, որն այն ժամանակ աշխատում էր Սեւանի «Հարսնաքար» հյուրանոցում որպես ադմինիստրատոր:

«Կարապետյանը մեկ-երկու անգամ հարվածեց դեմքիս, որից հետո ամբողջ ուժով սկսեց խփել ձեռքերիս, երեսիս, հիմնականում մատներիս շրջանում, իսկ երբ ցավից թաքցրեցի ձեռքերս թեւատակիս, նա վառվող ծխախոտը մոտեցրեց ձախ ձեռքիս երեսին ու այրեց ձեռքս: Այդ ամենն ուղեկցվում էր հայհոյանքներով, անպատիվ խոսքերով ու սպառնալիքներով»,- պատմել է Նատաշան «ArmeniaNow» պարբերականի թղթակցին 2004-ին: Ժամանակի մամուլն այս գործին հանգամանալից է անդրադարձել: Այն ժամանակ շիկահեր, ռուսախոս այս կինն այցելում էր խմբագրություններ, բողոքելով Ավան եւ Նոր Նորք համայնքների դատախազի ավագ օգնական Հովիկ Պետրոսյանից եւ նույն համայնքների ոստիկանապետի տեղակալ Աշոտ Կարապետյանից, որոնց մեղադրում էր իրեն ծեծելու, նվաստացնելու եւ խոշտանգումների միջոցով իրենից կեղծ ցուցմունքներ կորզելու համար:

Իրավապահ մարմինների տեսադաշտում նա հայտնվել էր մի շատ խորհրդավոր գործի շրջանակներում, որը, մեր տեղեկություններով, հարուցվել էր սպանության հոդվածով: Զոհը, քննիչների վարկածով, Երեւանի Ավան թաղամասում բնակվող Ռոբերտ Խաչատրյանն է եղել: Վերջինիս ընտանիքի անդամները դիմում էին գրել Ավանի ոստիկանություն, հայտնելով, որ 2003 թվականի հունիսի 19-ին Ռոբերտ Խաչատրյանը դուրս է եկել տնից եւ չի վերադարձել: Քննիչների վարկածով, Ռոբերտ Խաչատրյանը սպանվել էր Սեւանի «Հարսնաքար» հյուրանոցի մատույցներում, քոթեջներից մեկում, եւ հյուրանոցի մի քանի աշխատողները, այդ թվում նաեւ Նատաշա Ոսկանյանը, տեսել էին Խաչատրյանի դին: Հետագայում տեսնողները հրաժարվեցին դրանից, իսկ դիակը չկար ու չկար: Նատաշա Ոսկանյանին մեղադրեցին սպանությունը պարտակելու համար: 21 օր նրան պահեցին «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում, իսկ հարցաքննությունների ժամանակ ծեծի եւ կտտանքների էին ենթարկել` քաշել էին մազերից, խփել ծոծրակին, հայհոյել, վառել էին ձեռքերը, ինչպես նա էր պատմում:

Նրան եւ «Հարսնաքարի» աշխատակիցներ Գարիկ Բադալյանին, Էդգար Խաչատրյանին, Կարո Գեւորգյանին, եւս 4 հոգու կալանավորել էին եւ, ըստ նրանց վկայությունների, հարցաքննությունների ժամանակ ծեծել, հոգեբանական ճնշումների ենթարկել: Ահա մի կտոր «ArmeniaNow»-ում 2004 թվականի փետրվարի 13-ին հրապարակված Գարիկ Բադալյանի խոսքից. «Երբ ասացի, որ ոչինչ չգիտեմ, Կարապետյանը վերցրեց ռետինե մահակն ու սկսեց ուժգին հարվածներ հասցնել, իսկ երբ, չդիմանալով ցավին, վայր ընկա գետնին, նա շարունակեց հարվածել ինձ պառկած վիճակում: Ամբողջ մեջքս կապտել էր: Ծեծին ներկա Պետրոսյանը չէր միջամտում»:

Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ

«Հրապարակ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (7)

Պատասխանել

  1. Արսինյա says:

    Դեպի ապահով Հայաստան…

  2. Gayane says:

    Այսքան շատ թուրք մեր մեջ որտեղի՞ց…

  3. Համլետ says:

    Սա կոչվում է ֆաշիզմ՝ հայկական ձևով:Չմոռանանք,որ ըստ Լևոն Տեր-Պետրոսյանի քաղաքագիտական գնահատականի,ՀՀԿ-ն ֆաշիստական գաղափարախոսություն դավանող կուսակցություն է:

  4. Սևակ says:

    «Ապահով Հայաստան», ապահով՝ գողերի, թալանչիների, տականքների ու մարդասպանների համար: «Կառավարություն» կոչվածն ամբողջ Հայաստանը վերածել ա զոնայի…

  5. Ֆելիքս says:

    Ինչու Նատաշան ժամանակին չի բողոքել, եթե իրականում նման դաժան վերաբերմունքի է արժանացել: Թող բողոքելով ինքն էլ հասներ Եվրոպական դատարան, մեկ էլ տեսար իրեն էլ մի քանի հազար եվրո կտրամադրեին…: Տպավորություն է ստեղծվում, որ Գրիշան այժմ Նատաշային վկայակոչում է իր գործի գինը բարձրացնելու և այս պատմության մեջ մենակ րմնալու նպատակով:

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930