Հատված Շիրակի նորանշանակ մարզպետ, նախկին ԿԳԲ-ական Ֆելիքս Ցոլակյանի հետ հարցազրույցից:
– Պարոն Ցոլակյան, երբ Դուք նշանակվում էիք Շիրակի մարզպետ, որպես ուժային համակարգի վաստակաշատ պաշտոնյայի՝ Ձեզ հետ մեծ հույսեր էին կապում, որ մարզում կզսպեք քաղաքական հակառակորդների եւ, առհասարակ, քրեական կլանների ակտիվությունը։
– Հիմա ի՞նչ, ես պետք է գնամ մա՞րդ բռնեմ, թե՞ ինչ, որ ուժային կառույցի ներկայացուցիչ եմ եղել։
Ես արդեն ուժային կառույցի ներկայացուցիչ չեմ, հիմա ուժային կառույցներ կան, որոնք իրենց աշխատանքները կատարում են։
Կարդացեք նաև
– Դե, նկատի ունեի՝ որպես մարզի ղեկավար եւ երբեմնի ազդեցիկ պաշտոնյա, պետք է որ կարողանայիք գոնե Ձեր ղեկավարած մարզում քաղաքական հակադիր ուժերի կամ կլանային խմբավորումների մոտ զսպվածության մեխանիզմ գործի դնել։
– Բայց սա քաղաքական ուժերի հետ ի՞նչ կապ ունի, ճամբար չկա, ես Ձեզ նորից եմ ասում՝ հին վեճեր են մարդկանց մեջ, բերել-կապել եւ դարձնել քաղաքական՝ քաղաքական չէ։
– Ի՞նչ եք կարծում՝ Ձեր ասած «սովորական» միջադեպերը, որոնց ժամանակ, ի դեպ, մարդ է մահանում, այսուհե՞տ էլ հաճախակի կլինեն Ձեր ղեկավարած մարզում եւ հատկապես Գյումրիում։ Եվ ընդհանրապես՝ կարելի՞ է սովորական նայել նման դեպքերին։
– Այսինքն ի՞նչ… Ես նայում եմ որպես սովորական հանցագործություն, ես սովորական վեճեր չասացի, ես սովորական չեմ նայում այն դեպքին, երբ արդեն մարդ է մահանում, դա սովորական չի կարող լինել, դա արդեն արտառոց է, եւ ամեն մեկն իր պատիժը պետք է ստանա։
– Իսկ Ձեր նշանակումից հետո, ըստ Ձեզ, Գյումրիում քաղաքական հակասությունները մեղմացե՞լ են։
– Բավականին հանգիստ են դարձել, քանի գնա՝ լավ կլինի, իսկ նման դեպքերը ես չեմ կարող կանխել եւ գնալ-կանգնել, տեսնել, թե ինչ են անում։
Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ
«Հրապարակ»