Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Հայտարարություն. Թուրքիայից պահանջում են անհապաղ վերադարձնել հայկական եկեղեցիները, վանքերը եւ եկեղեցապատկան կալվածքները

Ապրիլ 24,2013 10:13

2015 թ.  հայ ժողովուրդը Հայաստանի Հանրապետությունում, Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում և ի սփյուռս աշխարհի նշելու է 100-րդ տարելիցը Օսմանյան Թուրքիայի կողմից կազմակերպված Հայոց ցեղասպանության:

1915 թ. ցեղասպանությանը զոհ գնացին ավելի քան մեկուկես միլիոն հայեր, աքսորի ճանապարհներին վերապրած հայերը ապաստան գտան Արևելյան Հայաստանում` ներկայիս Հայաստանի Հանրապետությունում, Սիրիայում, Լիբանանում, արաբական այլ երկրներում ու աշխարհի տարբեր պետություններում:

Անհատական սեփական կալվածքների հետ Օսմանյան կայսրության ենթակայության ներքո գտնվող Արևմտյան Հայաստանում և Կիլիկիայում, ինչպես և Թուրքիայի այլ շրջաններում ապրող հայությունը կորցրեց նաև եկեղեցապատկան կալվածքներ` եկեղեցիներ, սրբատեղիներ, վանքեր, կրոնական, կրթական ու բարեսիրական կենտրոններ, մշակութային ու կրոնական մեծ արժեք ունեցող իրեր` խաչքարեր, ձեռագրեր, սրբանկարներ և այլն: Ցեղասպանության ենթարկված ու բռնի միջոցներով տեղահանված հայ ժողովրդին պատկանող բոլոր կալվածքները սեփականացվեցին Թուրքիո պետության կողմից` «լքյալ կալվածքներ» անվան տակ:

Ցեղասպանությունից 98 տարիներ անց Թուրքիո ներկա պետությունը` որպես իրավահաջորդը Օսմանյան կայսրության, ոչ միայն մերժում է իր նախորդների ծրագրած ու իրագործած ցեղասպանությունը, այլև շարունակում է իր հակահայ քաղաքականությունը` բռնագրավված պահելով հայ ժողովրդի կրոնական ու մշակութային արժեքները` եկեղեցապատկան կալվածքներն ու իրերը:

Հետևաբար, կոչ ենք ուղղում Թուրքիո պետությանը և պահանջում.

1)         Ճանաչել Հայոց ցեղասպանությունը

2)         Ամբողջապես հատուցել հայ ժողովրդի կրած կորուստների և մարդկային ու ազգային ոտնահարված իրավունքների դիմաց

3)         Անհապաղ վերադարձնել հայ ժողովրդին` որպես իրավատիրոջ, հայկական եկեղեցիները, վանքերը, եկեղեցապատկան կալվածքները և հոգևոր-մշակութային արժեքները:

Աղոթքով հիշելով Հայոց ցեղասպանության զոհերին` դատապարտում ենք ամեն բռնարարք` ուղղված աստվածապարգև կյանքի, մարդու արժանապատվության և մարդկության խաղաղ համակեցության դեմ, քանզի «Աստված խռովության Աստված չէ, այլ` խաղաղության» (Ա Կորնթ. 14.33), որ մարդկանց կոչել է սիրո, համերաշխության և գործակցության:

Երախտագիտությամբ ենք հիշում բոլոր ժողովուրդներին ու պետություններին, որոնք Ցեղասպանության օրերին ապաստան տվեցին տեղահանված հայերին և հոգատարություն ու եղբայրական սեր ցուցաբերեցին հայրենազրկված ու տարագրված հայերի հանդեպ:

Հայ ժողովուրդը հավետ երախտագետ է լինելու նաև այն բոլոր պետություններին, որոնք մարդասիրության և արդարության սկզբունքներով առաջնորդված` դատապարտել և պաշտոնապես ճանաչել են Հայոց Ցեղասպանությունը:

Հայոց Ցեղասպանության հարյուրամյակի նախասեմին մեր բոլոր կարելիությունները ի գործ պիտի դնենք` միասնաբար իրականացնելու հայ ժողովրդի պահանջները` հանուն արդարության և հայության իրավունքների պաշտպանության:

ԳԱՐԵԳԻՆ Բ    ԱՐԱՄ Ա
 ԿԱԹՈՂԻԿՈՍ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ  ԿԱԹՈՂԻԿՈՍ ՄԵԾԻ ՏԱՆՆ ԿԻԼԻԿԻՈ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930