Ապրիլի 23 – ին Թբիլիսիում անցկացվեց արդեն ավանդական բնույթ կրող ջահերով
երթ, նվիրված Հայոց Եղեռնի 98 ամյակին: Երթը սկիզբ առավ «Վակեի այգու» մոտ
եւ ավարտվեց Թուրքիայի դեսպանատան մոտ, որտեղ եւ մասնակիցնեը իրենց
բողոքական վերաբերմունքն արտահայտեցին ընդդեմ թուրքական քաղաքականության, կապված Հայոց Եղեռնի հետ:
Միջոցառման նախաձեռնողն ու կազմակերպիչն է հանդիսանում «Վրաստանի Հայ
Համայնք»-ի Ուսանողական միությունը: Ջահերով երթին միացան նաեւ Վրաստանում
գործող աշխարհիկ եւ կրոնական կազմակերպությունները: Երթի ընթացքում
ցուցարարները վանկարկում էին «Արդարություն», «Թուրքիա- հանցագործ» բառերն
ու երգում հայրենասիրական երգեր: Թուրքիայի դեսպանատան մոտ հավաքված 100 –
ից ավել ցուցարարի հիմնական պահանջն ուղղված էր Թուրքիայի կառավարությանը,
որպեսզի վերջինս դադարեցնի վարել ցեղասպանությունը հերքող քաղաքականություն
եւ իրագործած հանցագործության համար դատապարտի Թուրքիային, որպես մեղավոր երկրի իրավահաջորդ:
Հիշեցնենք, որ ապրիլի 24 – ին, ժամը 14:00 – ին Թբիլիսիում Թուրքիայի
դեսպանատան մոտ կանցկացվի բողոքի խաղաղ ցույց Հայոց ցեղասպանությունը
ճանաչելու պահանջով:
Ընթացիկ տարվա ապրիլի 24 – ին լրանում է Օսմանյան կայսրության տարածքում
հայ ազգի, իրենց իսկ պատմական հայրենիքում պետական մակարդակով նախատեսված համընդհանուր ոչնչացման ծրագրի – ցեղասպանության 98 – րդ տարելիցը:
1915-1923 թթ. վերոնշյալ ծրագրի հետեւանքով հայ ժողովորդը կորցրեց ավելի
քան 2 միլիոն հայրենակից եւ իր հայրենիքի մեծ մասը: 1915-1923թթ. հայ
ժողովրդի դեմ կատարված հանցագործությունը որակում են որպես
ցեղասպանություն, որը մարդկության դեմ կատարված հանցագործություն է:
Ներկայումս Հայոց ցեղասպանությունը ճանաչել է աշխարհի ավելի քան 20
պետություն, ինչպես նաեւ բազմաթիվ միջազգային կազմակերպություններ, այդ
թվում՝ Եվրոպական պառլամենտն եւ Եվրոխորհուրդը:
«Վրաստանի Հայ Համայնք» -ի մամուլի ծառայություն