Ավանդույթի համաձայն Նորվեգիայի փոքրաթիվ հայկական համայնքը այս օրերին կազմակերպել է միջոցառումներ նվիրված հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին, ինչպես նաև հարգանքի տուրք մատուցելու հայ ազգի մեծ բարեկամներ նորվեգացի Ֆրիտյոֆ Նանսենին և Բուդիլ Բյորնին:
Ս.թ. ապրիլի 24-ին Օսլոյից ոչ հեռու կտնվող Օս քաղաքի բնագիտական համալսարանում կկայանա մեծ հայասեր և մարդասեր, Նորվեգացի միսսիոներ Բուդիլ Բյորնի մասին «Ինձ կոչում են Մայրիկ» փաստավավերագրական ֆիլմի ցուցադրությունը:
Ս.թ. ապրիլի 28-ին Նորվեգիայում Հայկական մշակութային միության նախաձեռնությամբ` Օսլոյի և մերձական բնակավայրերի հայերը կայցելեն Բաերում համայնքում գտնվոգ Ֆրիտյոֆ Նանսենի նախկին առանձնատան տարածք, որն այժմ զբաղեցնում է Ֆրիտյոֆ Նանսենի Ինստիտուտը: Հենց այդ տան բակում է գտնվում մեծ մարդասեր ու հայ ազգի անձնուրաց բարեկամ Նանսենի գերեզմանը, որն էլ դարձել է տեղի հայերի համար յուրովի սրբավայր և ցեղասպանության հիշատակի հուշահամալիր: Նրա գերեզմանին ոգեկոչման ճառեր կասվեն, ծաղիկներ կդրվեն և կկատարվի մոմավառություն: Հիշատակի միջոցառման ավարտին Նանսենի տան բակում կլինի հյուրասիրություն:
Նորվեգիայի մեծությամբ երկրորդ քաղաք Բերգենում կա Ֆրիտյոֆ Նանսենին նվիրված և Հայոց Ցեղասպանությունը ոգեկոչող խաչքար, որը տեղադրվել է 2007թ. ապրիլին: Տեղի հայերը ամեն տարի այս օրերին հավաքվում են խաչքարի մոտ ոգեկոչման միջոցառումներ կազմակերպում:
Օրվա խորհրդի հետ կապված` ս.թ. ապրիլի 21-ին Amatøren ուսանողական միությունը, հայկական նախաձեռնություններից անկախ` կազմակերպել էր Ատոմ Էգոյանի հանրահայտ ԱՐԱՐԱՏ ֆիլմի ցուցադրություն:
Նորվեգիայի հայկական համայնքը տարբերվում է Եվրոպայի դասական հայկական համայնքներից, քանի որ այն համեմատաբար փոքրաթիվ է ու նոր: Համայնքը հիմնականում բաղկացած է Միջին Արևելքից, Իրանից և Հայաստանից ոչ վաղ անցյալում ներգաղթած հայերից: Հայերը սփռված են Նորվեգիայի տարբեր մարզերով և չկայ հայաշատ ավաններ կամ թաղամասեր:
Էրիկ Գրիգորյան
Օսլո, Նորվեգիա