Լրահոս
Օրվա լրահոսը

Դատախազը` Գյումրիում հնչած կրակոցների մասին. «Որևէ անձ` անկախ պատկանելությունից, անպատիժ չի մնալու»

Ապրիլ 23,2013 23:52

Այսօր լրագրողները  Շիրակի նորանշանակ դատախազ Կարեն Շահբազյանին հարցրեցին, թե ի ՞նչ երաշխիք կտա, որ Գյումրիում  կրակոցները չեն շարունակվի ու   մարդ չի սպանվի,  երբ որ այսօրվա դեպքերը վաղուց սկսված  քրեական պատմությունների, հաշվեհարդարների շարունակությունն են, և մարզում վաղուց են շոշափվում  Շեկոյի,  քավոր Հարութի, Ղուկասյանների տղաների անունները: «Վստահեցնում եմ որպես մարզի դատախազ, որ այն անձիք, ովքեր որևէ կերպ` ուղղակի կամ անուղղակի, առնչություն են ունեցել տվյալ հանցագործությանը, ենթարկվելու են քրեական պատասխանատվության»,-ասաց Կարեն Շահբազյանը:

Նա  նաև տեղեկացրեց, որ  դիտավորյալ սպանություն  է տեղի ունեցել, Շիրակի մարզի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ` երկու և ավելի անձանց սպանության փորձ` շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով և ապօրինի կերպով զենք կրելու հոդվածներով:

Կարեն Շահբազյանը նաև տեղեկացրեց, որ  կազմված է օպերատիվ քննչական խումբ, կատարվում են անհետաձգելի   բոլոր քննչական գործողությունները` դեպքի  հանգամանքները լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի հետազոտելու ուղղությամբ: Ըստ դատախազի,  արդեն իսկ ունեն ապացույցներ տարբեր մեքենաների,  որոնք դեպքի վայրում են եղել, դեպքի վայրում նաև հայտնաբերվել են  տարբեր տրամաչափի պարկուճներ: «Կատարվում են բոլոր հնարավոր և անհնարին քննչական գործողությունները, իրավիճակը ամբողջությամբ  վերահսկվում է իրավապահ  մարմինների կողմից, և վստահեցնում եմ, որևէ անձ` անկախ պատկանելությունից, անպատիժ չի մնալու», -խոստացավ նորանշանակ դատախազը:

Իսկ թե ում կողմից է հանցանքը  կատարվել, դատախազը վաղաժամ համարեց այդ մասին խոսել:Սակայն հիշեցնենք, որ  այս պահին ոստիկանության Գյումրու բաժանմունքնում հարցաքննվում է Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան  Ղուկասյանը, նրա որդին և և ևս 7 հոգի:  Ոստիկանությունը բերման է ենթարկել  նաև նրա եղբորորդուն` Նիկոլայ Ղուկասյանին, վերջինս կասկածվում է   ԱԺ պատգամավոր Մարտուն Գրիգորյանի մտերիմներին` քավոր Հարութին և Շեկոյին  հրազենային վնասվածքներ հասցնելու մեջ: Հիշեցնենք,  որ Շեկոն հիվանդանոցում  մահացել է:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. գյումրեցի says:

    պարոն նախագահ ինչքան ենք տառապելու ձեր կլոուն մարդասպանի ու դրա բարեկամների ձեռքը?ասում են վոր էլի տեղը ուրիշների են նստեցնելու…արդեն հարցը լուծված է….վրեքը վերցնողներնել կան…արի ու ապրի այս ապահով Հայաստանում…..

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930