Նա անարդարացի է համարում միայն ՀՀԿ-ին թիրախ ընտրելը եւ քննադատելը:
Ստյոպա Սաֆարյանն Aravot.am-ի հետ զրույցում բացի իր ֆեյսբուքյան գրառումից, պարզաբանումներ տվեց այսօր ՀՅԴ նախընտրական շտաբի հայտարարության հետ կապված:
Մեր հարցին՝ ո՞ւմ պատվերն եք կատարում Դուք, պարոն Սաֆարյանը պատասխանեց. «Քննադատությունը ընդունում եմ, միշտ բաց եմ եղել քննադատության համար, բայց այդ ոճը մերժում եմ: Դաշնակցության ոչ մի ընկեր չի կարող ցույց տալ իմ գրառման մեջ որեւէ անկոռեկտության դրսեւորում: Հետեւաբար ինձ համար անհասկանալի է, որ փոխանակ պատասխանեն իրենց ուղղված մեղադրանքին, որը հասցրեց ի դեպ ՀՀԿ-ի ներկայացուցիչը, փոխանակ նրան պատասխանելու, պարզապես վերլուծել են ինձ, իմ անձը եւ նաեւ ցեխարձակել ինձ վրա»:
Կարդացեք նաև
Մեր դիտարկմանը, որ եկեք անկեղծ լինենք, այս օրերին «Բարեւ Երեւանի» անդամների կողմից հնչում են քննադատություններ՝ բոլոր թիմերի հետ կապված, ինչի՞ համար եք դա անում, Ստյոպա Սաֆարյանը համաձայնեց. «Այո, որովհետեւ «Բարեւ Երեւանը» չի կարող խոսել ՀՀԿ-ի կողմից Երեւան քաղաքի ռեսուրսների թալանի մասին, երբ որ այդ բյուջեն հաստատվում է ավագանու անդամների կողմից: «Բարեւ Երեւան» դաշինքը չի կարող խոսել միմիայն ՀՀԿ-ի մասին եւ չասել, որ օրինակ զարմացած է, թե ինչպես կարող էին 4 տարվա ընթացքում բոլոր որոշումներն ընդունվել ավագանիում միաձայն: Արդարությունը համենայնդեպս պահանջում է չլինել ընտրողական եւ թիրախի տակ չպահել միայն ՀՀԿ-ին»:
Մենք ճշտեցինք՝ այսինքն դուք պայքարում եք նաեւ ընդդիմության հետ, հա՞, այսպես է ստացվում, Ստյոպա Սաֆարյանը պատասխանեց. «Ոչ, ամենեւին ոչ: Երեւան քաղաքում կառավարումն իրականացվել է ՀՀԿ-ի կողմից, բայց նաեւ այդ ավագանիում ներկայություն է ունեցել ԲՀԿ-ն, ՀԱԿ-ը, որը 2009-ին ուղղակի ամեն ինչ արեց, որպեսզի մենք չառաջադրվենք, նաեւ մանդատներ նվիրեց: Հիմա կներեք, սխալներ թույլ են տրվել նաեւ իրենց կողմից, եւ հիմա «Բարեւ Երեւանը» երբ խոսում է մեկի սխալներից, ապա պարտավոր է խոսել նաեւ մյուսների սխալներից: ՀՅԴ-ի հետ կապված որեւէ քննադատություն չի հնչել միայն այն պարզ պատճառով, որ Դաշնակցությունը ներկայացված չի եղել ավագանիում: Հետեւաբար, մենք կարող ենք ասել, որ ՀՅԴ-ն պատասխանատու չէ առնվազն այս իրավիճակի համար՝ բյուջեի ատկատների եւ այլ հարցերի համար: Բայց նստարանների խնդրով ՀՀԿ-ի ներկայացուցիչն ինքն է ասում, որ մատակարարը, «դրա մեղավորը Նիկոլ Դումանն է»: Դաշնակցությունն ինքն է, որ պիտի հստակություն մտցներ»:
Մեր հարցին՝ իսկ ինչո՞ւ եք ձեր ընտրողներին հայտարարում, որ ՀՅԴ-ն չի հաղթահարելու նվազագույն շեմը, չէ՞ որ Դուք հետընտրական դաշինքի հետ կապված պլաններ ունեք, Ստյոպա Սաֆարյանը պատասխանեց. «2009-ին, 2012-ին ՀՅԴ-ի ստացած բացարձակ քվեները Երեւանում ավելի ցածր են եղել, քան մարզերում: Ես ոչ թե սոցիոլոգիա եմ արել, այլ ասել եմ, որ այդ 3 քվեարկությունների ընթացքում, չեմ ասում տոկոսները, համենայնդեպս 3 ընտրություններում ես տեսել եմ, որ ՀՅԴ-ն Երեւանում ստացել է շատ ավելի քիչ տոկոս, քան մարզերում»:
Այս ողջ պարզաբանումներից հետո մենք եւս մեկ հարց ճշտեցինք պարոն Սաֆարյանից՝ Դուք նո՞ւրբ տղա եք, թե՞ չէ, պարոն Սաֆարյան: Հիշեցնենք, որ ՀՅԴ-ի նախընտրական շտաբը նրան որակել էր «նուրբ տղա»: Ստյոպա Սաֆարյանը չհամաձայնեց որակմանը. «Բացարձակ: Մանկուց ինձ շատ նուրբ պայմաններում չեն պահել անկեղծ ասած: Իմ մանկությունն էլ, պատանեկությունն էլ եւ ընդհանրապես քաղաքական կենսագրությունն էլ անցել է բավականին ոչ կոմֆորտային միջավայրերում: Երբեք չեմ եղել իշխանության մաս, երբեք իշխանության կոմֆորտից չեմ օգտվել: Հետեւաբար ում՝ ում, բայց ինձ չեն կարող մեղադրել նուրբ լինելու մեջ, որովհետեւ իմ անցած պայքարի բոլոր փուլերը համենայնդեպս չեն կարող նուրբ համարվել»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ