«Առավոտ»-ի հետ զրույցում Թբիլիսիի հայերի ասամբլեայի ղեկավար, «Բազմազգ Վրաստան» քաղաքացիական շարժման նախագահ Առնոլդ Ստեփանյանը, պատասխանելով մեր հարցին, թե ո՞րոնք են այն խնդիրները, որոնք կարող են երկու ժողովուրդների մեջ «սեպ խրելու» աստիճան վտանգ ունենալ, նկատեց, թե դա նախեւառաջ բացասական, էմոցիոնալ վերաբերմունքն է երկու ժողովուրդների միջեւ:
«Ջավախքում մշակութային էքսպանսիայի, լեզվի խնդիրներն են, ինչպես նաեւ համայնքի մասնակցությունն ու ներգրավվածությունը Վրաստանի հասարակական-քաղաքական կյանքում: Հայերը, ինչպես մյուս ազգային փոքրամասնությունները, Վրաստանում գործընկեր չեն Վրաստանի պետականության շինարարության ծրագրերում, թեեւ Վրաստանի քաղաքացիներ են: Այսինքն, նրանք վճորոշ դեր չունեն որոշումների կայացման հարցում, եւ սա փաստ է, անկախ նրանից, թե ով ինչ է հայտարարում։ Սա վտանգավոր է, քանի որ կան բավական մարդիկ, ովքեր չեն հանդիսանում այդ ծրագրի մասը, սակայն առավել ազդեցիկ են: Սրա հետեւանքով հայերի մոտ մեկուսացածի կերպարը էլ ավելի է խորանում: Սա ամենամեծ վտանգն է ներքաղաքական առումով, ինչպես նաեւ արտաքին քաղաքական առումով», -նկատեց մեր զրուցակիցը:
Առնոլդ Ստեփանյանը հավելեց նաեւ, որ այս ուղղությամբ իհարկե հնարավոր է աշխատանք իրականացնել, թեեւ դա բավական բարդ աշխատանք է, սակայն անհրաժեշտ ռեսուրսներ չկան: «Այս խնդիրների լուծմամբ զբաղվելու ուղղությամբ քիչ են հետաքրքրված կողմերը: Բացի այդ, ցավոք չկա նպատակաուղղված քաղաքականություն այս առումով երկու երկրներում էլ, որպեսզի բացառվեն պատահականությունները, որոնք կարող են ապակայունացման հանգեցնել», հավելեց «Բազմազգ Վրաստան» քաղաքացիական շարժման նախագահը:
Կարդացեք նաև
Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ
Թբիլիսիի հայերի ասամբլեայի ղեկավար, «Բազմազգ Վրաստան» քաղաքացիական շարժման նախագահ Առնոլդ Ստեփանյանի հետ հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ վաղվա տպագիր «Առավոտ»-ում: