ՀԱԿ քաղաքապետի թեկնածու Վահագն Խաչատրյանը նկատել է, որ նույնիսկ նախագահական ընտրություններին իշխանությունն այսքան ինտենսիվ չէր աշխատում, որքան հիմա՝ ավագանու ընտրություններին:
«Իշխանության եւ ՀՀԿ-ի ուժերը մոբիլիզացվել են: Բոլոր մարզպետերին, իրենց մոտ ընկերներին հանձնարարված է շտաբներ բացել Երեւանում: Մեկը գալիս է Սյունիքի շտաբ է բացում, մեկը` Շիրակի, մեկը` Արագածոտնի: Շտաբի պետեր են նշանակված մարզպետները: Հավաքում են իրենց ընկերներին, ցուցակ են կազմում, կարող է նույնիսկ ձեզ էլ կանչեն: Մեր քառասուն թեկնածուներից մեկին քիչ է մնացել ընդգրկեն էդ ցուցակի մեջ, որ ՀՀԿ-ի համակիրն է: Իրենք մեծ ցանկություն ունեն ամեն գնով վերարտադրվելու »,- այսօր Արաբկիր համայնքում բնակիչների հետ հանդիպման ժամանակ ասաց պարոն Խաչատրյանը:
Նա անդրադարձավ երեկ Աջափնյակ համայնքում իրենց ակտիվիստների միջադեպին, դատապարտեց դեպքն ու շարունակեց.«Եղել է անօրինականություն, մենք դիմելու ենք ոստիկանությանը: Եթե դուք լավ տղաներ եք, ինձ համար չակերտավոր, գործ տալու հետ գործ չունեք, գնացեք ձեր կյանքով ապրեք»:
Պարոն Խաչատրյանը 2008-ի իրենց քարոզարշավը համեմատեց այս քարոզարշավի հետ ու նկատեց. « Երբ այն ժամանակ դռները թակում էինք, տեղեկություն էինք հավաքում, 30 տոկոսը չէր բացում դռները՝ վախեցած էին: Այժմ պարզվում է՝ 40-50 տոկոս մարդ չկա: Հայաստանը դատարկվում է, 40-50-ը կդառնա 60-70 տոկոս, մենք կկորցնենք ամբողջ պետությունը»:
Ի՞նչ է անելու ՀԱԿ-ը, եթե ընտրվի՝ այս հարցին պարոն Խաչատրյանը պատասխանեց. «Մետրոյի հարցը վաղը կլուծենք, եթե չէ՝ մյուս օրը հաստատ կլուծենք: Կանաչի հարցը վաղը կլուծենք, մի խելոք մարդ կգտնենք, որ կգա շատ գեղեցիկ աղբահանություն կանի, փոքր բիզնեսին կօգնենք: Բայց մի կարեւոր խնդիր կա` ազատ քաղաքացու խնդիր կա»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
Կարդացեք նաև