Ստյոպա Սաֆարյանն էլ վստահեցնում է, որ Նիգ-Ապարանի միայն մի քանի անդամ են սատարում Տարոն Մարգարյանին:
«Ժառանգություն» կուսակցության գլխավոր քարտուղար Ստյոպա Սաֆարյանն այսօր «Բարեւ Երեւան» դաշինքի քարոզարշավին Դավիթաշեն համայնքում հիշեցրեց Տարոն Մագարյանի կարգախոսը. «ՀՀԿ-ն խոստանում է ավելի լավ Երեւան: Բայց չի ասում, թե ում համար ավելի լավ»: Ըստ նրա, ՀՀԿ-ի մենիշխանության համար են լավ Երեւան սարքելու: Իսկ իրենք տրանսպորտի ուղեվարձն են էժանացնելու, ծերերի համար դարձնելու են անվճար:
Ստյոպա Սաֆարյանի խոսքերով՝ «Այս օրերին բուռն քննարկում են, թե հայրենակցական որ միությունն ում է սատարում: Ես գիտեմ, որ Դավիթաշենում շատ կան ծագումով ապարանցիներ: Ասում են, որ «Նիգ-Ապարանը» սատարում է գործող քաղաքապետին: Ուզում եմ հավելեմ, որ այս համայնքում բազմաթիվ ապարանցիներ քվեարկել են 2007-ին, 2012-ին Արմեն Մարտիրոսյանի օգտին: Եվ թող «Նիգ-Ապարանի» մի քանի անդամներ քվեարկեն Տարոն Մարգարյանի օգտին»:
Անահիտ Բախշյանն էլ հարց ուղղեց ՀՀԿ-ին. «Ի՞նչ եք ուզում Երեւանից, ուզում եք, որ ի՞նչ անեք, ավերակների վրա՞ թագավորեք»: Բնակիչներից մեկը այդ պահին գոռաց՝ «Ապահով Հայաստան»: Անահիտ Բախշյանը չհամաձայնեց. «Չէ, ապահով չի Հայաստանը, այսօր էլ երիտասարդի են սպանել: Ես կողմնակից եմ համագործակցության: Ես դեմ եմ թշնամությանը: Մեր «Բարեւ» դաշինքով, բարեւ հեղափոխության ամբողջ նպատակը սիրով մարդկանց ծառայելն է: Հարգելի դավիթաշենցիներ, մեր երեխաները արժանի են ապրելու ավելի արդար, իրավական, օրինական պետության մեջ՝ ցանկացած ՀՀԿ-ականի երեխայից սկսած»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
Կարդացեք նաև