Լրահոս
Օրվա լրահոսը

Հայոց ցեղասպանության 98-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ Լիբանանում

Ապրիլ 23,2013 18:45

Լիբանանում անց են կացվում բազմաթիվ միջոցառումներ՝  նվիրված Հայոց Ցեղասպանության 98-րդ տարելիցին:

Ապրիլի 6-ին Անթլիլիասի մայրավանքում տեղի ունեցավ Կիպրոսում և Մերձավոր Արևելքի երկրներում Հայոց ցեղասպանության 100-ամյակի հանձնաժողովների ներկայացուցիչների տարածաշրջանային խորհրդաժողովը, որին մասնակցեցին Հայոց ցեղասպանության պետական հանձնաժողովի քարտուղար Հայկ Դեմոյանը, Լիբանանում ՀՀ դեսպան Աշոտ Քոչարյանը, պետական հանձնաժողովի անդամներ Կիրո Մանոյանը, Գաբրիել Չեմբերջյանը, Իրանի (Թեհրան, Սպահան և Թավրիզ), Իրաքի, Եգիպտոսի, Սիրիայի, Արաբական Միացյալ Էմիրությունների, Քուվեյթի, Կիպրոսի և Լիբանանի Հայոց ցեղասպանության 100‑ամյակի հանձնաժողովների և Լիբանանի հայկական կուսակցությունների և հարանվանությունների ներկայացուցիչները:

Ապրիլի 21-ին Հայ Կաթողիկե Պատրիարքարանում կազմակերպվեց Ոգեկոչման Հսկումի Երեկո` Ներսես Պետրոս ԺԹ պատրիարքի նախագահությամբ, որին  ներկա էին դեսպան Քոչարյանը, Հայոց ցեղասպանության 100-ամյակի Լիբանանի կենտրոնական մարմնի ներկայացուցիչները, նախարարներ, խորհրդարանի անդամներ և հոգևորականներ:

Երեկոյի բանախոսն էր Միհրան Նաջարյանը: Ցուցադրվեց «Ս. Գրիգոր Նարեկացի» կենտրոնի կողմից պատրաստված «Post Genocide timeline» տեսաերիզը:

Ելույթ ունեցավ նաև Սուր քաղաքի հույն կաթողիկե առաջնորդ Ժորժ եպիսկոպոս Պագունին, ով 2004թ.-ին իր հոգևոր առաքելությունն իրականացրել էր Երևանում և Գյումրիում: Նա հիշեց, թե ինչպիսի հուզումով է այցելել Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը Երևանում և առաջարկեց կառուցել Ցեղասպանության թանգարան նաև Լիբանանում:

Երեկոն եզրափակվեց  Ներսես Պետրոս ԺԹ պատրիարքի խոսքով և աղոթքով:

Ապրիլի 19-ին և 20-ին Մեսրոպյան վարժարանում «Թ. Ռոսլին» Կերպարվեստի դպրոցի նախաձեռնությամբ կազմակերպվեցին աշակերտական ոգեկոչման երեկո և 5-ից 18 տարեկան աշակերտների ցուցահանդես:

Ապրիլի 21-ին Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության Դեմիրճյան կենտրոնում Հ.Բ.Ը.Մ. և Հ.Ե.Ը. մշակութային մարմնի աջակցությամբ տեղի ունեցավ   ռեժիսոր Արմեն Խաչատրյանի «Մենք կանք» վավերագրական ֆիլմի ցուցադրությունը: Ֆիլմը նվիրված է ներկայումս Թուրքիայի տարածքում բնակվող հայերին: Ցուցադրությունից հետո ֆիլմի հեղինակ Արմեն Խաչատրյանը պատասխանեց ներկաների հարցերին: Միջոցառմանը ներկա էին պաշտոնյաներ, ազգային կառույցների ղեկավարներ ու ներկայացուցիչներ, արվեստագետներ, դիվանագետներ:

ՀՀ արտաքին գործերի նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930