Այսօր ԿԸՀ-ն քննեց Երեւանի ավագանու ընտրությունների քարոզարշավում «Բարեւ Երեւան» դաշինքի կողմից արձանագրված խախտումներով վարչական վարույթ հարուցելու պահանջի մասին Դանիել Իոաննիսյանի դիմումը:
ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը հայտնեց, որ նշված անձի կողմից ստացվել է դիմում, որում խնդրվում էր պատժել իրավախախտներին, որոնք թույլ էին տվել մի շարք խախտումներ: Ըստ Իոաննիսյանի դիմումի՝ խախտումները թույլ են տրվել մասնավորապես ՀՀԿ, ԲՀԿ եւ ՕԵԿ կուսակցության անդամների կողմից: Խախտումները վերաբերվում են քարոզչական նյութերին, ապրիլի 9-ի հետ կապված դեպքերին, Արմեն Մարտիրոսյանի ծեծին, ապրիլի 7-ին իրականացրած միջոցառմանը, որը ծառայեցվել է իբրեւ քարոզչություն՝ անցորդներին ծաղիկ նվիրելով Տարոն Մարգարյանի անունից, մանկապարտեզներից մեկի տարածքում ծնողներին ստիպողաբար Տարոն Մարգարյանի հետ հանդիպման բերելուն եւ այլն:
ԿԸՀ-ի որոշման համաձայն՝ կոնկրետ ապրիլի 7-ի հետ կապված միջոցառումը քարոզչություն չի եղել, մանկապարտեզի տարածքում ոչ մեկը ստիպողաբար Մարգարյանի հետ հանդիպման չի բերվել: Իսկ այն կուսակցությունները, որոնք թույլ են տվել քարոզչական նյութերի հետ կապված խախտումներ՝ ԿԸՀ-ն քաղաքապետարանի հետ համատեղ իրականացրած շրջայցերի ժասմանակ լուսանկարել է դրանք, քննել, այնուհետեւ կուսակցությունները տեղեկացվել են այդ մասին, իսկ դիմումում նշված որոշ դեպքերում էլ՝ ԿԸՀ-ի ներկայացուցիչների այնտեղ եղած ժամանակ այդ խախտումներն արդեն վերացված են եղել:
Մուկուչյանը հավելեց, որ ինչ վերաբերվում է ապրիլի 9-ի իրադարձությունների ժամանակ տեղի ունեցած Արմեն Մարտիրոսյանի ծեծին, ապա ԿԸՀ-ի քննարկման առարկա չի կարող հանդիսանալ այդ դեպքը, քանի որ այն ոստիկանության գործն է:
Կարդացեք նաև
Եվա ՀԱԿՈԲՅԱՆ