«Ես հասկացա, որ երբեք չես կարող փախչել քո սիրուց, եթե նույնիսկ այդ մարդու հետ չլինես, միևնույն է, նա միշտ քո մտքերում կլինի, ամբողջ կյանքիդ հիշողություններում»,-ասում է 23-ամյա Ժաննան: Հիշում է ՝ 20 տարեկան էր, երբ առաջին անգամ սիրահարվեց: Նորայրն աշխատում էր այն վարսավիրանոցում, որտեղ ինքը հենց նոր էր ընդունվել: Մտերմանում են, մշտապես աշխատանքից հետո միասին ճանապարհ ընկնում դեպի տուն. «Ես ամենափոքրն էի մեր աշխատավայրում, բոլորն ինձ երեխու պես էին վերաբերվում ու համարյա չէին շփվում ինձ հետ, բացի այդ՝ ես սովորում էի քոլեջում, տնօրենս ինձ թույլ էր տալիս կեսօրից հետո գալ աշխատանքի, իսկ նման արտոնություն միայն ես ունեի, դրա համար էլ նախանձում էին ինձ,-պատմում է Ժաննան ու հավելում,- կոլեգաներից Նորոյի հետ էի ամենամոտը, նա հենց սկզբից էլ ինձ շատ լավ ընդունեց, միայն նրա հետ էի ընդմիջման ժամանակ զրուցում, եթե մեկ ժամ ազատ էինք լինում, միասին ինչ-որ տեղ էինք գնում»:
Ժաննայի խոսքով՝ աշխատանքը լայն հնարավորություն տվեց միմյանց ճանաչելու և մտերմանալու համար, իսկ մտերմությունը ժամանակի ընթացքում վերածվեց ավելի խորը զգացմունքի: «Ընդունված կարծիք է, որ տղամարդ վարսավիրները կանացի հատկություններ ունեն, բայց նույնիսկ ի զարմանս ինձ՝ նա շատ լուրջ և հավասարակշռված տղամարդ է: Այն ժամանակ միշտ օգնում էր ինձ, եթե դասերիս պատճառով ուշանում էի աշխատանքից, գործերս ինքն էր անում: Բոլոր հաճախորդները նրանք շատ էին սիրում: Երևի թե այդ պատճառով էլ սիրահարվեցի (ժպտում է- հեղինակ)»:
Հիշում է ՝ մի անգամ նույնիսկ թույլ է տվել Նորայրին կտրել և հարդարել իր վարսերը. «Երբեք չեմ մոռանա այդ օրը, այդքան նուրբ երևի թե ոչ մեկի հետ չէր վարվել: Ինձ ասում էր, որ մազերս արտասովոր փափուկ են և առիթը բաց չէր թողնում շոյելու»,-պատմում է Ժաննան:
Շուտով վարսավիրանոցում շշուկներ են տարածվում նրանց մասին, ոմանք չարախոսում են, թե ջահել աղջիկը սեթևեթում է տղայի հետ, ոմանք էլ կարծում, թե ամենը լուրջ է, բայց բոլորը համոզված էին՝ նրանք միասին են: Շուտով զույգը հաստատում է լուրերը. «Երբ մի օր նստած էին սրճարանում, Նորոն ասեց, որ սիրում է ինձ, և որ չի կասկածում, որ ես ևս անտարբեր չեմ իր նկատմամբ: Նա նաև խոսեց այն մասին, որ աշխատավայրում բոլորն այն կարծիքին էին, թե մենք իրար շատ ենք սազում, ասաց. «Արի ընկերություն անենք, մենք իրար լավ ենք ճանաչում և ժամանակ ձգելու կարիք չկա»,-պատմում է Ժաննան: Անկեղծանում է՝ տղայի առաջարկությանն անմիջապես պատասխանում է այսպես. «Ահա, կարելի ա, էսպես թե էնպես մենք ընկերություն ենք անում»:
Աղջկա խոսքով՝ ամեն ինչ հոյակապ էր ընթանում մինչև որ մի օր տնօրենը, ով Ժաննայի հորեղբոր ընկերն էր, առաջարկում է վերապատրաստման դասերի գնալ Մոսկվայում: Նորայրն արգելում է ՝ ասելով, թե աղջիկը ընտրություն կատարի Մոսկվայում դասերի եւ նրա միջեւ. «Նորոն չէր ուզում, որ ես գնայի, որովհետև շատ էր խանդում, քանի որ տնօրենիս մյուս վարսավիրանոցից երկու տղա աշխատողներ ընդգրկված էին մեր խմբում: Ես չէի կարող մերժել տնօրենիս, վերջիվերջո նա այդքան բան էր արել ինձ համար, չէր ուզում ծնողներս գլուխները կախ ման գային, իսկ դա ընդամենը երկու ամիս էր տևելու, կարծում էի՝ այդ ընթացքում Նորոն կարոտից կփափկեր»,- ասում է աղջիկը:
Այնինչ վիրավորված տղան նույնիսկ հրաժեշտ չի տալիս սիրելիին: Երկու ամսվա ընթացքում աղջիկը մի քանի անգամ զանգում է տղային, սակայն Նորայրը չի պատասխանում, մի օր էլ Ժաննան լսում է կանացի մի ձայն. «Հեռախոսը վերցրեց մի ջահել աղջիկ, ասեց, որ էլ չզանգեմ, որ Նորոն զբաղված ա ու ինձ վրա թքած ունի: Ասեց ու անջատեց, մեկ օր հետո էլի զանգեցի. համարը գոյություն չուներ»: Հուսահատված աղջիկը իրեն դավաճանված է զգում, վճռում է մոռանալ նրան. «Սկսեցի ավելի շատ ուշադրություն դարձնել Արտակին, ով մեր խմբից էր ու որքանով ես էի նկատել, անտարբեր չէր իմ նկատմամբ, լավ տղա էր, ու ես շատ կապվեցի նրան»,-պատմում է Ժաննան:
Վերադառնում են: Նորայրը, ի զարմանս Ժաննայի, սիրով ողջունում է, հարցեր տալիս և զրուցում նրա պրակտիկայի շուրջ: Մեկ շաբաթ անց՝ Արտակի՝ իրենց վարսավիրանոց անընդհատ կատարած այցելություններից և աղջկա հանդեպ գերուշադրությունից ելնելով, կռահում է իսկությունը, այդ մասին հարցնում Ժաննային. «Ասացի, որ Արտակը ընտիր մարդ ա, իսկական տղամարդ, ու շատ լավ կլիներ, եթե սիրահարվեի նրան, բայց դա խնդիր չէ, միայն ժամանակի հարց է:
Ասացի նաև, որ հիմա լավ, շնորհքով ու բարոյական մարդիկ քիչ են, ոչ թե իր ընկերուհու նման»,-պատմում է աղջիկը: Նրա խոսքով՝ Նորայրը կարմրում է, մոտենում նրան, բռնում ձեռքն ու ասում. «Գիտեմ, թե ինչ ես ասում, բայց նա իմ ընկերուհին չէ, ես պարզապես զայրացած էի, չպիտի տենց վարվեի քո հետ, խնդրում եմ, ներիր ինձ, արի միանանք, խոսք տուր, որ մյուս անգամ չես հակաճառի ինձ, իսկ էտ Արտակի հարցերը ինքս կլուծեմ, կբացատրեմ ու նա քեզ հանգիստ կթողնի»: Ժաննան չէր մոռացել Նորայրին, սիրում էր նրան, ուրախ էր, որ այդպես ստացվեց. «Ես, կարծես, երկնքում լինեի, որովհետև ինչքան էլ փորձել էի մոռանալ Նորոյին, չէի կարողացել, իսկ նրա հետ աշխատելու ժամանակ ավելի էի կարոտում, միայն թե տխուր էի Արտակի համար, բայց բարեբախտաբար նա հասկացող տղա է ու ամեն բան նորմալ ընթացավ: Մենք հասկացանք, որ սերն ամենակարևորն է կյանքում»,-ասում է Ժաննան:
Անցել են տարիներ, զույգը դեռ միասին է եւ շարունակում է ապրել խենթ սիրով:
Նազենի Բաղդասարյան