18-ամյա Մարիամ Ղազանչյանը սովորում է Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում: Դաշնամուրային ֆակուլտետի առաջին կուրսի ուսանողուհի է: Դաշնամուր սկսել է նվագել յոթ տարեկանից: Ի տարբերություն շատ երեխաների, փոքր հասակում Մարիամը պարտադրված չէր գնում դաշնամուրի դասերին: Ինչպես ինքն է ասում՝ երաժշտական այդ գործիքից անհնար է բաժանվելը: Հանրապետական եւ միջազգային մրցույթների դափնեկիր է, մենահամերգներ եւս ունեցել է:
«Որպես դաշնակահարուհի երազում եմ նվագել աշխարհի լավագույն բեմերում: Օրինակ՝ Կարնեգի Հոլում»,- ասում է Մարիամը:
«Նվագելիս եղի՛ր ազատ». Սա դաշնակահարուհու ամենաթանկ խորհուրդն է, որը ստացել է իր ուսուցչից: Արդեն 11 տարի է, ինչ նվագում է ու եկել է այն եզրակացությանը, որ յուրաքանչյուր նոտա պետք է սարքել սեփականը:
Հայերի մեջ կա ձեւավորված մի ավանդույթ, երբ հավաքույթի ժամանակ իմանում են, որ իրենց հետ նաեւ երաժիշտ է ներկա, անպայման նրան նվագեկու խնդրանքով են դիմում: Մարիամի խոսքով՝ նման դեպք իր կյանքում շատ է եղել, բայց ինքն է հրաժարվել դրանից, որովեհետեւ կարծել է, թե իր նվագած երաժշտությունը համապատասխան չի լինի մթնոլորտին:
Դաշնամուրը Մարիամի կյանքի միակ հետաքրքրությունը չէ: Արդեն մի քանի ամիս է՝ նա զբաղվում է լուսանկարչությամբ: Սկզբում դա առօրյա զբաղմունք էր, սակայն հիմա աղջիկը որոշել է խորանալ նաեւ այդտեղ. «Ոչ ոք չի օգնում ինձ այդ հարցում: Լուսանկարչությունը գերագույն հաճույք է տալիս ինձ: Նկարներիս միջոցով կարծես խոսում են բնության հետ: Ցանկանում եմ դառնալ պրոֆեսիոնալ լուսանկարչուհի»,- ասում է նա:
Մարիամը սիրում է նկարել մարդկանց, բնությունը եւ իհարկե՝ իր ընկերներին:
Արամ Արարատյան