Լրահոս
Օրվա լրահոսը

Գյուղերում ավտոմեքենաներով փոստային ծառայություններ կմատուցեն (Տեսանյութ)

Ապրիլ 23,2013 17:30

«Դեռեւս բավականին շատ գյուղեր կան Հայաստանում, որոնք կարիք ունեն փոստային ծառայությունների»,-այսօր Հանրապետության հրապարակում ասաց Տրանսպորտի եւ կապի նախարար Գագիկ Բեգլարյանը: Նախարարը մասնակցեց

«Հայփոստ» ընկերության ներկրած 25 նոր ավտոմեքենաների շնորհանդեսին, որոնք կայանված էին հրապարակում: «Հայփոստ»-ի պատասխանատուների ուղեկցությամբ պարոն Բեգլարյանը շրջեց եւ հարցուփորձ արեց, թե ո՞ր գյուղերն են այդ մեքենաները սպասարկելու, ընկերության պարկը քանի՞ մեքենայով է համալրվել եւ այլն:

Լրագրողների հետ զրույցում Գագիկ Բեգլարյանը վստահեցրեց, որ այդ մեքենաների համալրմամբ «Հայփոստի» սպասարկումը գյուղական համայնքներում մի քանի անգամ կբարելավվի. «Պետություն-մասնավոր համագործակցության շնորհիվ բարելավվում են գործառույթները եւ մարդկանց կարողանում ենք սպասարկել նրանց արժանի մակարդակով: Մյուս տարի կլինեն 26 այսպիսի մեքենաներ եւս: Գյուղերը շաբաթական երեք օր կսպասարկեն այս մեքենաները: Սպասարկման գինը չի բարձրանալու»:
Aravot.am-ի հարցին, թե էլ ի՞նչ խնդիրներ կան կապի ոլորտում, պարոն Բեգլարյանը նկատեց. «Կապի հետ կապված բավականին շատ խնդիրներ կան, հիմա «Հայփոստի» տնօրենը կներկայացնի»:

«Ինձ խնդիրնե՞րը թողեցիք»,-կատակեց «Հայփոստ թրասթ մենեջմենթ»-ի տնօրեն Խուան Պաբլո Գեչիջյանը: Ըստ նրա. «Մենք պետք է շատ աշխատանքներ անենք, որպեսզի մեր որակը բարձրանա եվրոպական փոստերի մակարդակին: Լավ պայմաններ պետք է առաջարկենք մեր հաճախորդներին, արագ պետք է սպասարկենք, այս մեքենաները օգնելու են, որ այդ ամենը արվի: Մենք լայնացնում եւ վերանորոգում ենք մեր բաժանմունքները, փոխում ենք մեր աշխատանքի ձեւը»:
Նոր ավտոմեքենաներով կսպասարկվեն Արարատի, Արմավիրի եւ Գեղարքունիքի մարզերի գյուղերը: Մեքենաները ներկրվել են Կորեայից, Ֆրանսիայից:

«Հայփոստը» ներկայումս ունի 126 մեքենա, ընկերության պատասխանատուները ծրագրել են դրանց թիվը հասցնել 200-ի: 25 ավտոմեքենայի համար ընկերությունը ներդրել է 380 հազար դոլար: Գյուղեր այցելած մեքենաների միջոցով բնակիչները կարող են իրականացնել կոմունալ վճարումներ, դրամական փոխանցումներ, բաժանորդագրություն եւ այլն:

Խուան Պաբլո Գեչիջյանը համաձայն չէր, որ Հայաստանից ծանրոցներ ուղարկելու ծառայությունը մեր երկրում թանկ է. «Ընդհակառակը, Հայաստանը շատ անգամ ավելի էժան ծառայություն է մատուցում, քան միջազգային այլ փոստեր»:

Ընկերությունը նաեւ ծրագրել է Պետեկամուտների կոմիտեի հետ պայմանագիր կնքել, որպեսզի արտասահմանից եկող ծանրոցները «Հայփոստ»-ի բաժանմունքներում մաքսազերծվեն:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930