ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի արտաքին օգնության հատկացման համար պատասխանատուներին դիմել են Հայկական հարցերով հանձնախմբի համանախագահներ Ֆրենք Փալոնը և Միայքլ Գրիմը և ԱՄՆ-ի ավելի քան քսան կոնգրեսական
ԱՄՆ-ի Կոնգրեսի Հայկական հարցերով հանձնախմբի համանախագահներ Ֆրենք Փալոնը և Միայքլ Գրիմը և իրենց ավելի քան քսան գործընկերներ հորդորել են 2014 թվականի արտաքին օգնության մասին օրինագիծը մշակող ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի արտաքին օգնության հատկացման համար պատասխանատուներին ավելացնել Հայաստանին տրամադրվող օգնությունը, ավելացնել Լեռնային Ղարաբաղին տրամադրվող օժանդակությունը, նախատեսել հատկացումների կատարում Ջավախքի համար, ինչպես նաև օժանդակել Մերձավոր Արևելքից տեղահանված հայերի և այլ փոքրամասնությունների վերաբնակեցման ջանքերի ֆինանսավորման:
Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի կողմից տարածված հաղորդագրության համաձայն, ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի պետական արտաքին գործառնությունների ենթահանձնաժողովի նախագահ, հանրապետական Քեյ Գրեյնջերին և դեմոկրատական կուսակցության ավագ անդամ Նիթա Լոուլիին ուղղված նամակում երկու կուսակցությունները ներկայացնող կոնգրեսականները ներկայացրել են Միացյալ Նահանգների և Հայաստանի միջև ռազմավարական հարաբերությունները տնտեսական զարգացման և անվտանգության ապահովմանն ուղղված օժանդակության միջոցով աջակցելու վերաբերյալ փաստարկներ:
Կոնգրեսականների կողմից ներկայացվել են հետևյալ հիմնական պահանջները՝
Կարդացեք նաև
- առնվազն 5 միլիոն դոլարի տրամադրում Լեռնային Ղարաբաղին՝ որպես ԱՄՆ-ի մարդասիրական և տնտեսական զարգացմանն ուղղված օգնություն:
- Առնվազն 50 միլիոն դոլարի տնտեսական օգնություն Հայաստանին:
- Ֆինանսական միջոցների տրամադրում մարդասիրական և վերաբնակեցման օգնության համար, որոնք նպատակաուղղված կհատկացվեն Մերձավոր Արևելքում վերջին ժամանակներին ծավալված խռովությունների հետևանքներից տուժած հայերին և քրիստոնյա այլ բնակչությանը, ինչպես նաև այլ փոքրամասնություններին:
- Ադրբեջանին ԱՄՆ-ի կողմից տրամադրվող օգնության սահմանափակման վերաբերյալ Ազատության աջակցության օրենքի 907-րդ հոդվածի ձևակերպման խստացում:
- Լեռնային Ղարաբաղի հանրապետության ներկայացուցիչների հետ շփման և հաղորդակցման արգելքների վերացում:
- Լեռնային Ղարաբաղի առաջնորդների ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի բանակցություններում մասնակցությունը հորդորող ձևակերպումների ներառում:
Արմեն Հովհաննիսյան
«Ամերիկայի Ձայն»