Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչպե՞ս «Լսել վիզուալը»

Ապրիլ 23,2013 16:28

«3 տարի առաջ ես Փարիզում էի, ու ինչպես բոլորը, քայլում էի փողոցներով ու հիանում ֆրանսիական ճարտարապետությամբ: Երբ հասա Փարիզի Աստվածամոր տաճարին, երկար նայում էի այդ շինությանը ու լսում տաճարից հնչող երաժշտությունը»,-այսօր Aravot.am-ի հետ զրույցում նշեց «Լսել վիզուալը» ֆիլմի գլխավոր դերակատար, կոմպոզիտոր Ալեքսանդր Իրադյանը:

Ալեքսանդր Իրադյանը, որը համարվում է իր սերնդի ամենախոստումնալից հայ երաժիշտներից մեկը, սկսում է իրագործել վաղուց մտածված ծրագիրը՝ աշխարհի ամենամեծ նվագախմբային պարտիտուրի ստեղծումը, որը հիմնված է ճարտարապետական առանձնահատկությունների եւ համամասնությունների վրա: Որպես ստեղծագործական հիմք՝ ընտրվում է աշխարհահռչակ Notre Dame de Paris Աստվածամոր տաճարը՝ կապված շենքի հիմնադրմամ 850-ամյակի հետ:

2012թ.-ին ռեժիսոր Տիգրան Շահինյանը առաջարկում է Ալեքսանդր Իրադյանին նկարահանել դոկումենտալ ֆիլմ՝ «Նոտր Դամ Սիմֆոնիա» այդ նվագախմբային պարտիտուրի ստեղծման ընթացքի մասին: Արդյունքում ստեղծվեց աշխարհի ամենամեծ, ամենամասշտաբային «Notre Dame Symphony» պարտիտուրը: Նկարահանումները չէին կայանա առանց UNESCO-ի՝ Ակումբների եւ Ասոցիացիաների Հայկական Դաշնության աջակցության: Աշխատանքի լայնությունը կազմեց 4 մետր, բարձրությունը՝ 6 մետր: Յուրաքանչյուր տող համապատասխանում է տաճարի ճարտարապետական կառուցվածքին:

«Երբ լարեցի լսողությունս, հասկացա, որ այդ երաժշտությունն իրականում իմ ուղեղում էր հնչում: Ես լսում էի ճարտարապետությունը: Իմ հիմնական նպատակներից մեկն էր կոտրել երաժշտության ստանդարտ ձեւերը եւ ներկայացնել աշխարհին, թե ինչպես կհնչի նվագախմբային երաժշտությունը՝ ճարտարապետության մեջ, որտեղ շենքի յուրաքանչյուր ճարտարապետական գիծ կհամապատասխանի սիմֆոնիկ նվագախմբի մեկ գործիքին»:

Հատուկ ուշադրություն է դարձված տաճարի կենտրոնական վիտրաժին՝ 25 գիծ, որը, ըստ ստեղծագործության, հավասար է 25 երաժիշտի, որոնք նվագում են տարբեր հարվածային եւ երաժշտական գործիքների վրա՝ ստեղծելով ապակու եւ ձուլվող, միահյուսվող գույների երաժշտություն:

Ռեժիսոր Տիգրան Շահինյանի խոսքով, ֆիլմի նպատակն է խթանել հայ-ֆրանսիական բարեկամությունը եւ միջմշակութային կապերը.

«Ինձ գրավեց երիտասարդ կոմպոզիտորի համարձակ միտքը: Ֆիլմը Ֆրանսիայի հետ որոշակի գործունեություն ծավալելու միջոց է, որը հետագայում հուսանք կիրականացվի»:

2013թ.-ին Հայաստանի Հանրապետության Պետական Ֆիլհարմոնիկ Նվագախմբի գլխավոր դիրիժոր եւ գեղարվեստական ղեկավար Էդուարդ Թոփչյանը, տեսնելով ֆիլմը եւ պարտիտուրը, ցանկություն է հայտնում Հայաստանի Օպերայի եւ բալետի թատրոնի՝ Արամ Խաչատրյան մեծ համերգասրահում կատարել ստեղծագործության պրեմիերան՝ Հայաստանի Պետական Ֆիլհարմոնիկ Նվագախմբի եւ Հովեր երգչախմբի մասնակցությամբ: Պրեմիերան նշանակված է 2013թ.ի մայիս ամսին: Նույն օրը նաեւ նախատեսվում է Տիգրան Շահինյանի դոկումենտալ ֆիլմի պրեմիերան:

Անժելա ՇԱՀՈՒՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930