Հայոց ցեղասպանության թանգարանի նախասրահում տեղի ունեցավ վերջին հինգ տարիների ընթացքում թանգարան-ինստիտուտի կողմից հրատարակած գրքերի շնորհանդեսը, որի ընթացքում ներկայացվեց շուրջ քսանհինգ հատոր` թողարկված տարբեր մատենաշարերով: Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտն իր գրահրատարակչական գործունեությունն իրականացնում է «Դիվանագիտական փաստաթղթեր», «Վերապրողի հիշատակարան», «Ականատեսի վկայություններ» և այլ մատենաշարերով:
Շնորհանդեսի ընթացքում Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը ներկայացրեց բացառիկ նշանակության հուշագրություն:
Սարգիս Թորոսյան. «Դարդանելից մինչև Պաղեստին», որտեղ հերոսը չի վերապրել Մեծ եղեռնը, սակայն քսաներորդ դարի մեծագույն ոճրագործություններից մեկի՝ օսմանյան կառավարության կողմից կազմակերպված հայոց ցեղասպանության զոհն է։ «Սարգիս Թորոսյանի կարևոր այս հուշագրությունը տպագրված է նաև թուրքերեն և, ունեցած տվյալներով, այն արդեն առաջացրել է լուրջ հետաքրքրություն թուրքական շրջանակներում՝ միևնույն ժամանակ դառնալով տարաբնույթ մեկնաբանությունների ու բանավեճերի առարկա։
Հուշագրությունն առաջին անգամ է ներկայացվում ընթերցողին հայերեն թարգմանությամբ»,-ասաց Դեմոյանը:
Կարդացեք նաև
ՀՑԹԻ հրատարակել էր պատմական գիտությունների թեկնածու Մելինե Անումյանի «Ճանաչում և դատապարտում. երիտթուրքերի դատավարությունները (1919-1921 թթ. և 1926 թ.)» մենագրությունը, որն այսօր ևս ներկայացվեց շնորհանդեսին: Հեղինակը ներկայացնում է ազգայնական պայքարում էական դերակատարում ունեցած երիտթուրքերի` Թուրքիայի Հանրապետության հռչակումից հետո ընդդիմության ճակատում հայտնվելու պատճառները և հանրապետության նախագահ Մուստաֆա Քեմալի դեմ ծրագրված Իզմիրի մահափորձը: Գրքի վերջին հատվածում համեմատություն է անցկացվում երիտթուրքերի 1919-1921թթ. և 1926թ. դատավարությունների միջև, և ընդգծվում Թուրքիայի Հանրապետության քաղաքական կյանքում, գաղափարախոսության և պետական կառավարման մեջ իթթիհադական ավանդույթի պահպանման փաստը»,-նշեց Մելինե Անումյանը:
Ներկայացված հատորները ներառում են ինչպես վերահրատարակված և թարգմանված սկզբնաղբյուրային գրականություն, այնպես էլ ՀՑԹԻ գիտաշխատողների մենագրությունները: Հայկ Դեմոյանը հավելեց, որ գրահրատարակությունը հանդիսանում է ՀՑԹԻ ռազմավարության կարևորագույն մաս:
Քրիստինա ՄԻՐԶՈՅԱՆ