«Տեսակետ» մամուլի ակումբում այսօր տեղեկատվական անվտանգության փորձագետ Տիգրան Քոչարյանը խոսեց ապրիլի 24-ին ընդառաջ հնարավոր հարձակումների մասին` նշելով, որ հայկական կողմի անվտանգությունն ավելի է ուժեղանում, եւ պատասխան հարձակումներ են լինում: Կայքերի խոցելիության պատճառներից մեկը մասնագետը համարում է դրանց թվի ավելացումը. «Նախընտրական շրջանի հետ կապված բազմաթիվ կայքեր են բացվել, որոնք մեծ ուշադրություն չեն դարձնում անվտանգության վրա»:
Տիգրան Քոչարյանի խոսքով` հայկական կողմի պատասխանները որակապես ավելի ուժեղ են. «Օրինակ, Սաֆարովի դեպքի առնչությամբ աշխարհը լրատվություն էր ստանում հայկական կայքերից, որովհետեւ ադրբեջանական կայքերը երկար ժամանակ չէին աշխատում»:
Տիգրան Քոչարյանն անդրադարձավ նաեւ «Ֆեյսբուք» սոցցանցում օգտատերերի կողմից «ակամա» լայքած էջերին` նշելով, որ էջերի «սեփականատերերը» օգտագործում են «Ֆեյսբուքի» գովազդի տեխնոլոգիան, ուստի էջի հեղինակին մեղադրել նման կերպ լայքեր հավաքելու համար, սխալ է. «Ֆեյսբուքը» տալիս է այդ հնարավորությունը, մանավանդ` գումար վերցնում դրա համար, հետեւաբար խնդիր չկա: Կարելի է պարզապես էջը «անյալք» անել: Այստեղ որեւէ կրիմինալ չկա: Եթե մտածում եք, որ ձեզ խաբել են, առաջին հերթին «Ֆեյսբուքին» պետք է դատի տաք»:
Տիգրան Քոչարյանը խորհուրդ տվեց. «Ուշադիր եղեք, թե ինչի վրա եք սեղմում, որովհետեւ «Ֆեյսբուքում» վիրուսներ են տարածվում: Հետո էլ կսկսեն գրել, թե թուրքերն են էջը «ջարդել»: Վիրուսները վխտում են «Ֆեյսբուքում» եւ ադրբեջանցիների ու թուրքերի հետ կապ չունեն: Համացանցային հիգիենան պետք է պահպանել»:
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ