«Ծիծեռնակաբերդում մեծ թափով ընթանում են շինարարական աշխատանքներ: Թանգարանի մասնաշենքն ընդարձակվում է երկու անգամ, ապագա թանգարանի բուն ցուցադրական մակերեսը կմեծացվի երկուսուկես անգամ, սակայն այս ամենը չեն խանգարելու թանգարանում ցուցադրության աշխատանքներին»,-այսօր այս մասին Հայոց ցեղասպանության թանգարանի նախասրահում ասաց թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը :
Նախատեսվում է այս տարի ավարտել շինարարական աշխատանքը: Նախատեսված է նոր ցուցադրությունը պատրաստել բացառապես նոր հայեցակարգի հիման վրա: Դեմոյանի խոսքով` Հայաստանում ներդրվելու է նոր թանգարանային մշակույթ . «Նոր ցուցադրությունը հագեցած է լինելու նոր տեխնոլոգիաներով և ամենակարևորը՝ Հայոց ցեղասպանության թեման ներկայացվելու է նորովի, բացարձակապես նոր նյութի հիման վրա, որը լրջորեն փոխելու է պատկերացումներն ու ընկալումները Հայոց ցեղասպանության մասին»:
Վերջինիս փոխանցմամբ, նոր մասնաշենքերից երկուսը գրեթե պատրաստ են: Շինարարության երկրորդ փուլը ենթադրում է շենքի ներսի հիմնանորոգում և նոր մասնաշենքերի ցուցադրական ծավալների պատրաստում:
«Մենք սկսել ենք երեք-չորս տարի հետո ավարտելու նպատակով և 2015 թվականին դուք կտեսնեք նոր թանգարան, լրիվ նորովի: Թանգարանը առաջիկա երկու տարիների ընթացքում ներկայանալի է լինելու աշխարհի խոշոր մայրաքաղաքների ցուցասրահներում: Մենք նախատեսում ենք առաջիկա տարիներին պատրաստել 15 ցուցադրություններ՝ տարբեր խորագրերով»,- ընդգծեց Հայկ Դեմոյանը:
Կարդացեք նաև
Բանախոսի փոխանցմամբ, այս տարի ընդունել են երկու գիտաշխատողի, որը վկայում է թանգարանի հաջողության մասին:
Ինչ վերաբերում է տարածքի մաքրությանը, տնօրենը հորդորեց հուշահամալիրի շուրջը մոմեր չվառել, քանի որ 24-ի առավոտյան իրենք ստիպված են լինում մաքրել դրա հետևանքները:
Քրիստինա ՄԻՐԶՈՅԱՆ