«Կա կարծիք, որ եթե պոլիոմելիտ չկա, կարմրուկ չկա, դիֆտերիա չկա, ապա ինչո՞ւ պատվաստել, դա նաեւ բուժաշխատողներն են ասում, բայց ասեմ, որ դա թյուր կարծիք է, հարուցիչը շրջանառվում է, դեռեւս չի վերացել, ուստի պետք է պատվաստումները շարունակել մինչեւ վերանա այդ հիվանդությունը:
Երբ պոլիոմելիտի, կարմրուկի, կարմրախտի դեպքերը վերացվեն տարածաշրջաններում, այդ ժամանակ պետք է մտածենք`պե՞տք է շարունակենք պատվաստումը, թե՞ ոչ»,-այսօր «Հայելի» ակումբում իմունիզացիայի եվրոպական շաբաթին նվիրված ասուլիսին ասաց առողջապահության նախարարության իմունականխարգելման ազգային ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանը:
Նրա ներկայացմամբ` Հայաստանում կարմրուկի եւ կարմրախտի առումով համաճարակային իրավիճակը շատ հանգիստ է եւ բարենպաստ. 2007 թվականին կարմրուկի եւ կարմրախտի դեմ իրականացված զանգվածային պատվաստումների, իսկ հաջորդիվ պլանային պատվաստումների ենթակա երեխաների մոտ 98% ընդգրկվածության ապահովման արդյունքում, այդ ժամանակից ի վեր, հանրապետությունում կարմրուկի եւ կարմրախտի դեպքեր չեն արձանագրվում:
Վերջերս տուբերկուլոզի դեմ պատվաստումից հետո 30 երեխաների մոտ բարդություններ էին առաջացել. https://www.panarmenian.net/arm/news/144501/ իսկ լրատվամիջոցներում էլ շրջանառվում էր այն կարծիքը, որ երեխաները հիվանդացել են տուբերկուլոզով եւ պետք է լրացուցիչ բուժում ստանան: Aravot.am-ը տիկին Սահակյանից հետաքրքրվեց, թե դա ինչի արդյունք էր, արդյոք այդպես պետք է լինի պատվաստանյութի կողմնակի ազդեցությունը:
Կարդացեք նաև
Ըստ մասնագետի, յուրաքանչյուր պատվաստանյութ դիտվում է որպես դեղամիջոց, իսկ դեղամիջոցը պետք է ունենա կողմնակի ազդեցություն. «Դրանք հետպատվաստումային սպասելի ռեակցիաներ են: ԲՑԺ-ն, դա այդ պատվաստանյութն է, եթե ներմուծում ես օրգանիզմ, պետք է սպասես, այդ դեպքերի հետ կապված` ոնց առաջացավ դա, այնպես էլ հետ է ներծծվելու: Իսկ եթե այդ դեպքերը համատարած լինեին, այդ դեպքում կլիներ իրոք պատվաստանյութի խնդիր: Բայց եթե 40 հազար պատվաստումից, կողմնակի ազդեցություն առաջանում է 30 երեխայի մոտ, դա անհատական ռեակցիա է, սա սպասելի ռեակցիա է: Այդ բոլոր դեպքերն իմ հսկողության տակ են»:
Տիկին Սահակյանի վստահեցմամբ, այդ պատվաստանյութերի որակի հետ էլ խնդիր չկա, քանի որ այն ներմուծվում է ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի կողմից, իսկ հիմնադրամը ներմուծում է միայն առողջապահության համաշխարհային կազմակերպության չափանիշներին համապատասխան դեղանյութեր:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ