Լրահոս
Օրվա լրահոսը

Ցեղասպանությունից փրկվածների ողբերգական պատմությունները` մեկ գրքում (Տեսանյութ)

Ապրիլ 23,2013 15:25

ՀՀ ԳԱԱ հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը եւ Հնագիտության եւ ազգագրության ինստիտուտը լույս են ընծայել բանահավաք, բանագետ, ժողովրդագետ Վերժինե Սվազլյանի «Հայոց ցեղասպանություն. ականատես վերապրողների վկայությունները» գիրքը, որը հրապարակվել է հայերեն եւ անգլերեն լեզուներով: Այսօր այս մասին «Հենարան» մամուլի ակումբում խոսեց հեղինակը` նշելով, որ գրքի նյութերը հավաքել է դեռեւս ուսանողական տարիներից` դժվարին պայմաններում:

Տիկին Սվազլյանը տեղեկացրեց, որ գրի է առել, իսկ հետագայում` ձայնագրել եւ տեսագրել Արևմտյան Հայաստանի եւ Կիլիկիայի հայության` ցեղասպանությունից հրաշքով փրկված-ականատեսների վկայությունները, ինչպես նաեւ տեղեկություններ հավաքագրել հայկական համայնքներից Հունաստանում, ԱՄՆ-ում, Կանադայում, Լիբանանում, Սիրիայում, Թուրքիայում գտնվելու ժամանակ: Բոլոր նյութերը ներկայումս պահվում են Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի արխիվում:

Վերժինե Սվազլյանը նշեց, որ գիրքը ներառում է 700 միավոր վկայություն, ինչպես նաեւ` ցեղասպանության թեմայով երգեր:

Հեղինակը պատմեց, որ ժամանակին իրեն հաջողվել է մուտք գործել Կոստանդնուպոլսի ծերանոց եւ գաղտնի կերպով հավաքագրել շուրջ 40 վերապրածի վկայություն: Պատմություններից մեկի համաձայն` թուրքերի կողմից սպանված հայերի 4-ամյա աղջիկ երեխան, օրեր շարունակ դեգերելով Դեր Զորի անապատում, ի վերջո հայտնվում է արաբ անապատական կնոջ մոտ, որը երեխա չուներ: Կինը վերցնում է երեխային իր եւ ամուսնու խնամակալության տակ, անունն էլ դնում Այշա: Երբ տարիներ անց որբահավաքները անապատային բնակավայրերում փնտրում էին ցեղասպանությունից որբացածներին, վրաններից մեկի առաջ տեսնում են 8-ամյա կապուտաչյա աղջկա, որն ասում է, թե ինքը հայ չէ, ծնողների անուններն էլ Ֆաթմա է եւ Մուստաֆա: Երեխան անգամ հայերենն է մոռացած լինում: Արաբերենով «Ինչպե՞ս ես խաչակնքվում» հարցին ի պատասխան՝ երեխան խաչակնքվում է այնպես, ինչպես սովորեցրել էին հայ ծնողները…

«Վերապրածներից յուրաքանչյուրն ունի իր ողբերգական պատմությունը եւ կոտրված աշխարհը: Որպես զանգվածային ոճրագործություն` ցեղասպանությունը դարձել է հայերի հոգեգիտակցական աշխարհի եւ ազգային ինքնության բաղադրիչը»,-ասաց Վերժինե Սվազլյանը:

 Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930