«Հանրապետական» կուսակցության բոլոր քաղաքապետերն էլ վերջին 20 տարիների լավագույն քաղաքապետերն են»,- երեկ այսպես պատասխանեց ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Ռուբեն Սադոյանը հարցին՝ կիսո՞ւմ է իր կուսակիցների այն գնահատականը, որ Տարոն Մարգարյանը վերջին 20 տարիների լավագույն քաղաքապետն է:
Պարոն Սադոյանը երեկ մասնակցում էր մայրաքաղաքի Կենտրոն վարչական շրջանում ՀՀԿ-ի քարոզարշավին:
Aravot.am-ի դիտարկմանը՝ այդ դեպքում ինչո՞ւ են ձեր կուսակիցների մի մասը Տարոն Մարգարյանին հատուկ առանձնացնում, պարոն Սադոյանը պատասխանեց. «Մեր կուսակիցներից կլինեն մարդիկ, ովքեր առանձնահատուկ կարծիք կունենան այդ հարցի վերաբերյալ: Ես հարգում եմ յուրաքանչյուր մարդու կարծիքը»:
Այն, որ վարչապետի աշխատանքից շատերն էին դժգոհում եւ Տիգրան Սարգսյանը նորից վերանշանակվեց, ըստ ՀՀԿ-ական պատգամավորի, ի՞նչ է նշանակում. արդյոք՝ ապտակ մնացյալ քաղաքական ուժերին: «Իհարկե՝ ոչ: Մենք քաղաքական մեծամասնություն ենք կազմում եւ իրավունք ունենք վարչապետ նշանակելու: Մենք այդ քայլը կատարել ենք,- ասաց պատգամավորը՝շարունակելով,- ինձ թվում է դժգոհություն միշտ պետք է լինի եւ ոչ միայն վարչապետից: Սխալվում են նրանք, ովքեր աշխատում են: Բոլոր պետական պաշտոնյաների աշխատանքից միանշանակ պետք է դժգոհություն լինի, մինչեւ որ մեր պետությունը հասնի կատարելությանը: Ինձ թվում է, աշխարհի բոլոր զարգացած երկրներում էլ, զարգացած՝ ոչ թե զարգացող, լինում է դժգոհություն եւ դա շատ բնական է»:
Կարդացեք նաև
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ