Այսօր կայացավ տնտեսական համագործակցության հարցերով հայ-լեհական միջկառավարական համատեղ հանձնաժողովի 3-րդ նիստը:
Նիստի ընթացքում ընդունված որոշումների արձանագրության ստորագրումից հետո ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արա Պետրոսյանը լրագրողների հետ ունեցած ճեպազրույցում ասաց. «Պետք է արձանագրենք, որ բավականին արդյունավետ աշխատանք ստացվեց, եւ արձանագրությունն, որ մենք այսօր ստորագրեցինք, պարունակում է բավականին ընդգրկուն ոլորտներ՝ սկսած առեւտրատնտեսական հարաբերություններից մինչեւ գիտության ոլորտ, կրթության ոլորտից մինչեւ բնապահպանության ոլորտ, ռազմատեխնիկական ոլորտից մինչեւ տարածքային զարգացման ոլորտ»:
Էկոնոմիկայի նախարարի տեղակալը համաձայնագրի շրջանակներում շրջանառված համաձայնագրերից առանձնացրեց տրանսպորտի եւ ռազմական ոլորտին վերաբերող համաձայնագրերը:
Լեհաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տոմաշ Տոմչիկեվիչն իր հերթին նշեց, որ Լեհաստանը կողմ է Հայաստանի՝ Եվրամիության հետ Ասոցացման պայմանագրի ստորագրելուն եւ հատկապես կարեւորեց Հայաստանի զբոսաշրջության պոտենցիալը:
Կարդացեք նաև
Լեհաստանի էկոնոմիկայի նախարարի տեղակալը նաեւ տեղեկացրեց, որ մոտ ապագայում Հայաստանի եւ Լեհաստանի բնապահպանության նախարարությունները համագործակցության արձանագրություն կստորագրեն:
Հիշեցնենք, որ երկրորդ միջկառավարական համատեղ հանձնաժողովի նախորդ նիստը կայացել էր 2011 թվականին՝ Վարշավայում:
Իսկ 2012 թվականի տվյալներով՝ Հայաստանի եւ Լեհաստանի միջեւ առեւտրաշրջանառությունը կազմել է 42.4 մլն ԱՄՆ դոլար, որից արտահանումը կազմել է 599.3 հազար ԱՄՆ դոլար ու ներմուծումը՝ 41.8 մլն ԱՄՆ դոլար:
Աշոտ ԱԹԱՅԱՆ