Լրահոս
Օրվա լրահոսը

Դ. Հարությունյանը ԵԽԽՎ-ում՝ Հայոց ցեղասպանության և երկու իրարամերժ Թուրքիաների մասին

Ապրիլ 23,2013 14:56

Այսօր ԵԽԽՎ գարնանային նստաշրջանում ֆրանսիացի պատվիրակ Ժոզեթ Դուրուին ներկայացրեց Թուրքիայում կատարված մոնիթորինգի արդյունքները: Չնայած պատվիրակը նշեց, որ Թուրքիայում ընթանում են բարեփոխումներ, այնուամենայնիվ նաև շեշտեց, որ այս երկրում դեռ խնդիրներ կան սահմանադրական բարեփոխումների, քրեական օրենսգրքի, խոսքի ազատության, տեղական և տարածաշրջանային ապակենտրոնացման ու քրդական հարցի լուծման առումով:

Ելույթի համար հերթագրվել էր ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը, որի հերթը չհասավ, սակայն քանի որ դահլիճում էր՝ ելույթի տեքստը կցվեց նիստի պաշտոնական արձանագրությանը:

Ելույթում մասնավորապես ասված է. «Ես չեմ խոսի հայ-թուրքական արձանագրությունների կամ Ղարաբաղյան խնդրի, հայկական, ու թուրքական լոբբիների մասին… Այսօր ես ուզում եմ հիշել դարասկզբին Օսմանյան Թուրքիայի դպրոցներում սովորող երեխաների մասին: Երբ 1915 թվականին այդ մանուկներին տեղահան էին անում ու քշում Դեր Զորի անապատները, նրանք խաղալիքները թողած՝ կրծքներին սեղմած երկու մասունք էին տանում իրենց հետ՝ դասագրքերն ու Սուրբ գիրքը: Որովհետև հավատում էին գրքի ու նաև դասագրքերի սրբությանը ու վստահ, թե որտեղ էլ տանի իրենց զրկանքներով ու տառապանքներով լի ուղին, հնարավոր կլինի շարունակել կյանքն ու ուսումը: Նրանցից շատերն այլեւս երբեք այդ գրքերը չբացեցին՝ մահացան սովից, զրկանքներից, գազազած խուժանի քարերից ու յաթաղաններից: Նրանց հաղորդակցումը գրի հավերժությանը, գրքին, անցյալին եւ բարուն ու չարին անավարտ մնաց»:

Պարոն Հարությունյանը շեշտել է անցյալից դասեր քաղելու հանգամանքն ու նշել. «Անցյալից դասեր քաղելու ու սովորելու հնարավորություն կա իրադարձություններից թե՛ 10, թե՛ 100 տարի անց: Մնում է բացել մարդկային պատմությունների դասագիրքը ու սովորել: Բայց սովորել ճշմարիտ ու ազնիվ, անկողմնակալ և փաստերն ընդունել որպես իրականություն, աքսիոմա, այնպես ինչպես մեկին գումարած մեկն է, որ բոլոր դասագրքերում էլ երկուսի է հավասար»:

Դ. Հարությունյանը ԵԽԽՎ իր ելույթում գրել է երկու իրարամերժ Թուրքիաների մասին. «Ներկայիս Թուրքիայի պատմության եւ սոցիալական իրականության մասին գրողները ասես երկու իրարամերժ դասագրքերից են օգտվում, ասես երկու՝ իրար հետ որևէ առնչություն չունեցող Թուրքիաների մասին են գրում: Առաջինն այն Թուրքիան է, որ Օրհան Փամուքինն է, Էլիֆ Շաֆաքինը, Թաներ Աքչամինը, Ֆաթմա Մյույե Գյոչեքինը, Մուրաթ Բելգեինը, Ռագիփ Զարաքոլուինը, ինչպես նաեւ այն մտավորականներինը, ովքեր չեն վախենում անցյալից, ընդունում են անցյալի սխալները և շարունակական ներողություն են հայցում հայ ժողովրդից ոչ անձամբ իրենց կատարածի համար: Առաջինը նաեւ այն Թուրքիան է, որի քաղաքացիները ցնցվեցին 2007 թ. հունվարի 19-ին և դուրս եկան փողոց՝ գոռալու «Բոլորս Հրանտ Դինք ենք», «Բոլորս հայ ենք»: Իսկ մյուսն այն Թուրքիան է, որն իր ժողովրդի անցյալում ոչ մի սեւ բիծ չի տեսնում, իսկ ներկայում էլ սև բիծ է համարում, որ Թուրքիայում այժմ ապրող մի քանի տասնյակ հազար հայերին չեն արտաքսում էթնիկ պատկանելության պատճառով, որ ցամաքային ճանապարհի հետ չեն փակել նաև օդայինը… Այն մարդկանց Թուրքիան, ովքեր կարծում են, թե հնարավոր է հավերժ ապրել 100 տարվա կայսերական կարծրատիպերով, վախերով ու կասկածամտությամբ, այն Թուրքիան, որի պատմությունը ներկայացվում է բացառապես անսխալական ու անբիծ վերելքների ընթացք:

Երկու թուրքիաներն ամենուր են, ամեն քայլափոխի, թե՛ Թուրքիայում, թե՛ նրա սահմաններից դուրս: Ամենուր հանդիպում են այն Թուրքիայի ներկայացուցիչները, որոնց պապերը 1915-ին, վտանգելով իրենց գոյությունը՝ փրկել ու ապաստան են տվել հային: Նրանք հպարտ են իրենց պապերի արածով եւ ունեն դրա իրավունքը: Այդ իրավունքն ունեն նաեւ այն Թուրքիայի ներկայացուցիչները, որոնց տան բակերում դեռ շրջում է հայի ոգին, որոնց ընտանեկան հիշողություններում հայերը շարունակում են մնալ որպես հարեւան ու բարեկամ: Ավելի ու ավելի սակավ է հանդիպում այն Թուրքիան, որի ներկայացուցիչների համար Թուրքիայի պատմությունն սկսվում է 1919 թ. մայիսի 19-ից, որոնց համար Թուրքիայում ապրող տասնյակ ինքնությունները գոյություն չունեն, այլ կա միայն մեկ, միատարր, թուրքերի Թուրքիան»:

Հայաստանի պատվիրակության ղեկավարը վստահ է, որ առաջին Թուրքիայի հաղթանակն այլընտրանք չունի, վաղ թե ուշ հարեւան ժողովուրդը կազատի ինքն իրեն ուսերին դրված տանջալի բեռից:

Պարոն Հարությունյանը ելույթն ավարտել է Միացյալ Թագավորության նախկին վարչապետ Թոնի Բլերի մի առիթով ասված միտքի վերաձևակերպմամբ ու հաստատմամբ. «Թուրքիային անհրաժեշտ է հրաժարվել պատմության ընտրովի ընկալումից և ընտրել ճշմարիտ պատմությունը»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930