Լրահոս
Օրվա լրահոսը

Նյութական վնասիս հասցնում են բարոյական վնաս

Ապրիլ 23,2013 14:33

«Բաց նամակ» ՀՀ նախագահին

Մեծարգո նախագահ, Դուք ասում եք, որ սա օրենքի գերակայության Հայաստան է եւ վերջ: Կներեք, բայց միայն ասելով չի, քանի որ եթե (անգամ Ձեր ասելուց հետո) դատախազությունը ստեղծում է կեղծիքներ ու այդ կեղծիքների հիմքով Վճռաբեկ դատարանի դատավորները կայացնում են հիմնազուրկ (որոշում, վճիռ) դատական ակտեր եւ դրանից հետո, համաձայն զոռբայության՝ իրենց հոգեհարազատ «օրենքի», գլխավոր դատախազի հետ համարում են, որ 20.04.02թ. կարճման որոշումը «բազմակողմանի ու օբյեկտիվ ստուգված է» եւ գոյություն ունեն դատարանի «ուժի մեջ մտած որոշումները» ու դրանով Արարատ Խրիմյանի ու Սամվել Կարախանյանի կողմից ինձ պատճառված նյութական վնասին ավելացնում բարոյական վնաս, զրկելով ինձ ապրելու իմ կյանքի 12 տարիներից: Այս ամենից հետո (եթե մինչ օրս շարունակվում են նախկին անօրինականությունները), ինչ խոսք կարող է լինել օրենքի գերակայության Հայաստանի մասին:

Դուք ամեն անգամ ճանապարհատրանսպորտային ոստիկաններից եք խոսում, լավ կլինի, որ կոնկրետ խոսեք Աղվան Հովսեփյանի ղեկավարած դատախազության ու դատարանների մասին: Պահանջեք համապատասխան ծառայություններից, այդ թվում՝ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանից եւ ՀՀ նախագահի մամլո ծառայության ղեկավարից՝ տեղեկացնելու Ձեզ, գոնե անձամբ Ձեզ ուղղված մամուլում հրապարակված «բաց նամակներին»:

Մեծարգո նախագահ, ինչպես տեսնում եք, ես «դարան մտած, հրազենով հեռվից չեմ կրակում» իմ հակառակորդների եւ նրանց արարքները պարտակող զոռբաների վրա, այլ բոլորի՝ ողջ օրինազանց ու զոռբա խմբի դեմ դուրս եմ եկել դեմ հանդիման՝ «խանչալով՝ առանց վահանի» եւ իմ պարզ ու շիտակ խոսքն ու արտահայտությունները ճիշտ տեղին է հասցնում «զոռբաների ուղեղին-մտածելատեղին»:

Մեծարգո նախագահ, եթե այսպես է շարունակվելու ու կտրուկ փոփոխություններ չեն լինելու, ապա ինչ խոսք կարող է լինել Ձեր ասածը, որ հետեւողականորեն մի կողմ ենք նետելու ամբողջ վատն ու թերին, որ կա մեր աշխատանքում եւ կենցաղավարության մեջ: Հարկավոր է ավելացնել եւ հստակ մատնանշել դատաիրավական համակարգի կողմից լկտիաբար թույլ տված կեղծիքները եւ դատարանների ակնհայտ հիմնազուրկ որոշումները ու վճիռները:

Դուք ասում եք, որ դրա համար մենք բազում քայլեր արդեն արել ենք, որ դեռ նոր պիտի պտուղներ տան: Ինչ խոսք կարող է լինել բազում քայլերի ու պտուղներ ակնկալելու մասին, եթե անգամ Ձեր ասելուց հետո իրավապահները շարունակում են իրենց զոռբա ու սեւ գործը: Գուցե նրանք չեն լսել ու կարդացել Ձեր ասածը, բայց անկախ ամեն ինչից, իրավապահների նման վարվելակերպը չի կարող հավատ ներշնչել Ձեր ասածը ժողովրդի մեջ, իսկ եթե իրավապահները մտածում են, թե Ձեր խոսքն ասված է ինչպես «սոխակին առակով կշտացնելու համար», ապա թող լավ իմանան այն, որ «ինձ նման սոխակին» առակով կշտացնել անհնար է:

Իմ այս խոսքը խնդրում եմ չընդունեք եւ չմտածեք որպես շահարկում, եթե շահարկեի, ապա դեռ 2008թ.-ին կշահարկեի: Ես բայբուրթցի Գրիգոր Գուլգուլյանի ավագ ծոռն եմ, նախ ասեմ, որ ճիշտ է ասված՝ «պտուղը ծառից հեռու չի ընկնում», քանի որ ինչպես իմ նախապապը միայնակ դուրս եկավ շուն Հասանի դեմ խանչալով (նրա հետ զրուցելով ու համոզվելով, որ դա Հասանն է, այսինքն՝ պատահական շուն չի սատկացրել) ու չվախենալով նրա թիկնապահներից, սատկացրեց մարդակեր Հասանին, այնպես էլ ես չեմ վախենում որեւէ մեկից եւ առանց փշաքաղվելու պատրաստ եմ, քանի որ ես համոզված եմ, որ համաձայն զոռբայության «օրենքի», նրանք են հիմնականում տապալել այս գործը, առերեսման դուրս գալու Ձեզ մոտ կամ իրենց ցանկացած հեռուստատեսությամբ՝ հանձինս դատախազ Աղվան Հովսեփյանի, նախկին դատախազ (այսօր դատավոր) Վլ. Գրիգորյանի եւ 13.12.2002թ. ակնհայտ հիմնազուրկ որոշում կայացնող ՀՀ քր. գործերով Վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախկին նախագահ (այսօր Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն դատարանի նախագահ)՝ նախագահող դատավոր Մհեր Խաչատրյանի հետ:

Եթե համարձակություն ունեն, ապա թող գան, քանի որ պատվի ու նամուս-թասիբի հարց է, իսկ եթե նրանք չհամարձակվեն ու առավել եւս՝ այս հերթական «բաց նամակս» չհասնի Ձեզ ու Դուք ինձ չընդունեք, ապա ես ստիպված կլինեմ (երդվում եմ) անել այն, ինչ-որ որոշել եմ, դրա համար ինձ մեղադրող ու քննադատող չլինի, քանի որ ես օրենք չեմ խախտելու, իսկ այն, որ դա գեղեցիկ ու հաճելի չի լինի, ինձ չի հուզում, թող առիթ հանդիսացողները ու մեղավորները մտածեն ու հուզվեն:

Միեւնույն ժամանակ, խնդրում եմ հանձնարարել ՀՀ արդարադատության խորհրդին եւ ՀՀ քրեական գործերով Վճռաբեկ դատարանին, որպեսզի պարզվի, թե ինչու են բացակայում Արարատ Խրիմյանի մահը հաստատող եւ նրա դին (ուղեբեռը) Գերմանիայից Երեւան տեղափոխելու փաստաթղթերը, իսկ գործում եղած ոչ բնօրինակ եւ առանց նոտարական վավերցման գերմաներենից-ռուսերեն եւ ռուսերենից-հայերեն պատճենահանված (ինչ-որ պատճենահանված տեղեկանք, որը դատավորներ Սիմիզար Հովսեփյանը եւ Դանիել Խաչատրյանը որպես մահվան վկայական են ընդունել) «փաստաթղթերը» հիմնազուրկ են, դրանք օրենքի ուժ չունեն, քանի որ դատարանը, համաձայն քաղաքացիական կացության 64 հոդվածի, պարտավոր էր պահանջելու բնօրինակ փաստաթղթեր եւ առավել եւս՝ թարգմանությունները՝ պատշաճ նոտարական վավերացված: Եթե չներկայացվեն պահանջվող փաստաթղթերի բնօրինակներ, ապա հարկավոր է պահանջել արտաշիրիմում ու ԴՆԹ-ի հետազոտում, իմ պարտադիր մասնակցությամբ:

ՊԱՐՈՒՅՐ ԳՈՒԼԳՈՒԼՅԱՆ 

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930