Լրահոս
Օրվա լրահոսը

«Լսել ժամանակի դիսոնանսը եւ գտնել դրա լուծումները»

Ապրիլ 23,2013 14:30

Վաչե Շարաֆյանը՝ կոմպոզիտորի խնդրի մասին

Կոմպոզիտոր Վաչե Շարաֆյանի ստեղծագործությունները հնչում, ձայնագրվում, հրատարակվում են բազմաթիվ երկրներում: Ապրիլի 20-ին Նովոսիբիրսկի Ֆիլհարմոնիկ նվագախմբի կատարմամբ հնչեցին կոմպոզիտորի՝ դուդուկի, սոպրանոյի եւ լարայինների համար գրված «Ակացիաների երգի առավոտյան բուրմունքը» եւ «Մշակումներ եւ փոխադրումներ» (դուդուկի եւ լարայինների համար) երկերը: Ապրիլի 24-ին Միչիգանում տեղի կունենա Վ. Շարաֆյանի սաքսոֆոնի եւ թավջութակի համար գրված «Երազի եւ արթնության միջեւ» ստեղծագործության պրեմիերան: Մայիսի 27-ին Մեծ Բրիտանիայում նշանավոր բրիտանական «Հիլիարդ» վոկալ արական քառյակը Սոլսբըրիի միջազգային արվեստների փառատոնի ժամանակ կներկայացնի նրա հիմներից (2013 թ. հունվարին «Հիլիարդ»-ի կատարմամբ ձայնասկավառակով թողարկվել են կոմպոզիտորի հիմները): Առաջիկայում սպասվում են կոմպոզիտորի շատ այլ երկերի կատարումներ (այդ թվում՝ Վիեննայի Կոնցերտհաուզում), պրեմիերաներ…

– Ձեր ստեղծագործություններում օգտագործել եք հայկական, նաեւ չինական, ճապոնական, արաբական… ժողովրդական գործիքներ: Քանիցս օգտագործել եք դուդուկ: Ո՞րն է դուդուկի մոգական ուժը:

– Ժողովրդական գործիքը, ներմուծվելով արեւմտյան նվագախմբի կամ անսամբլի մեջ, համադրության եւ հարաբերության մեջ է մտնում այդ նվագախմբի, անսամբլի հետ ո՛չ միայն որպես գործիք, այլեւ որպես մի ամբո՛ղջ էսթետիկայի, փիլիսոփայության կրող:

Անդրադառնալով դուդուկին՝ ասեմ. այն կարող է նախահայր համարվել այլ փողային գործիքների՝ օրինակ հոբոյի համար: Ի տարբերություն հոբոյի, որը դարերի ընթացքում կատարելագործվել է՝ ընդլայնելով իր տեխնիկական հնարավորությունները, դուդուկը պահպանել է իր նախնական վիճակը: Դուդուկի զարգացումը՝ պատմության խտացումն է փոքրիկ հնարավորությունների մեջ. այդ խտացումն ի վերջո պայթյունի՛ է հանգում: Արդի աշխարհում սրանով է բացատրվում դուդուկի հանրամատչելի դառնալու փաստը:

Հայկական եւ այլ ազգերի ժողովրդական գործիքներ պարունակող իմ երկերում՝ նշված գործիքներն երկխոսության, նաեւ կոնֆլիկտի մեջ են մտնում արեւմտյան կայացած նվագախմբի, անսամբլի, հետեւաբարեւ բոլորովին այլ էսթետիկայի հետ՝ ցուցադրելով թե՛ մեծ դիսոնանս (աններդաշնակություն) եւ հակասական իրադրություն, թե՛ դրանց լուծումները: Յուրաքանչյուր կոմպոզիտորի խնդիրն է լսել ժամանակի դիսոնանսը եւ գտնել դրա լուծումները. այս ամենն իմ ստեղծագործությունների (որոնցում օգտագործել եմ ժողովրդական գործիքներ) էսթետիկայի հիմքն է, որը բխում է արդի քաղաքակրթությունից, որտեղ կան նաեւ իրար մերժող բազմաթիվ էսթետիկաներ, կրոններ, փիլիսոփայություններ…: Մինչդեռ այս ամենը միասին մի ամբողջական աշխարհ է՝ ամբողջություն, որում առկա է նյութականի եւ հոգեւորի պայքարը. այս ամբողջության մեջ մեծ գեղեցկություն եւ իմաստ կա:

– Ձեր ստեղծագործությունների կատարողների շարքում են աշխարհահռչակ մենակատարներ, երաժշտական կոլեկտիվներ: Խնդրեմ ներկայացրեք կոմպոզիտոր-կատարող հարաբերությունը, որը, հիրավի, փոխհարստացնող է:

– Ուրախալի է, որ իմ համագործակցությունը նշանավոր երաժիշտների հետ իրականացել է հիմնականում երաժշտությանս ուժի՛ շնորհիվ: Բազմիցս համագործակցել եմ այնպիսի նշանավոր երաժիշտների, երաժշտական կոլեկտիվների հետ, ինչպիսիք են թավջութակահար Յո-Յո Ման, դիրիժոր, ալտահար Յ. Բաշմետը, «Հիլիարդ» անսամբլը եւ այլն: Ի վերուստ կոչված լինելով՝ կոմպոզիտորը, շնորհիվ նաեւ կատարողների, անընդհատ գտնվում է կատարելագործման եւ բացահայտման ընթացքի մեջ: Միեւնույն ժամանակ, կոմպոզիտորը խթանում է կատարողների զարգացումը. նա իր ստեղծագործություններով բացահայտում է երաժշտական գործիքների նո՛ր հնարավորություններ, որոնք (երբ արդարացված են երաժշտության ուժով ու արտահայտչականությամբ), ժամանակի ընթացքում համարվում են նո՛ր քայլ գործիքների հնարավորությունների ընդլայնման ոլորտում:

Ինձ համար շատ կարեւոր է կոմպոզիտոր, կատարող եւ ունկնդիր երրորդությունը: Ստեղծագործելիս միաժամանակ պետք է լինել թե՛ կոմպոզիտոր, թե՛ կատարող, թե՛ ունկնդիր: Ըստ իս՝ երաժշտությունը պիտի ունենա այնպիսի ունիվերսալ հատկություն, հոգեւոր արժեք, որը կատարողին ինքնարտահայտվելու հնարավորություն կտա: Իսկական երաժշտությունը նման է աղոթքի, օրինակ՝ ամեն ոք յուրովի է ասում «Հայր Մեր»-ը:

– Բազմաժանր կոմպոզիտոր եք: Նկատել եմ՝ առավել հաճախ դիմում եք կամերային ժանրին: Ո՞րն է այդ ժանրի գրավչությունը:

– Կամերային ժանրում ստեղծագործություններ գրելու ավելի շատ պատվերներ եմ ստանում: Ամեն անգամ այս ժանրին անդրադառնալիս՝ մեծ ուրախություն եմ ապրում: Միայն վերջին երեք ամսում գրել եմ 1 ժամից ավելի տեւողությամբ կամերային երաժշտություն՝ 3-րդ դաշնամուրային տրիոս, դուետներ եւ այլն: Այս ժանրում կարելի է օգտագործել գործիքների հնարավորությունների, արտահայտչամիջոցների լայն սպեկտր, որն ինձ շատ հարազատ է: Կարծում եմ՝ որոշ առումով, ես եւս հարստացրել եմ այդ արտահայտչամիջոցները:

Կամերային երկերս հաճախ են հնչում՝ իմ առջեւ բացելով նոր ճանապարհներ եւ նորերը գրելու առիթ դառնում: Օրինակ՝ վերջերս Փարիզում հնչեց իմ 2-րդ դաշնամուրային տրիոն, որը մեծ հաջողություն ունեցավ, արդյունքում՝ պատվեր ստացա գրելու 3-րդը:

Կուզենայի սիմֆոնիկ երկեր գրելու ավելի շատ առիթներ ունենալ: Առաջին հայաստանցի կոմպոզիտորն եմ, որը պատվեր է ստացել ամերիկյան սիմֆոնիկ նվագախմբի կողմից. «Գրեմմի»-ի մրցանակակիր Բոստոնի նվագախմբի պատվերով գրել եմ 2-րդ սիմֆոնիաս, որի պրեմիերան, դիրիժոր Գիլ Ռոուզի ղեկավարությամբ, անցավ մեծ հաջողությամբ:

Ստեղծագործական պատվերների ֆինանսավորման տեսակետից, իհարկե, ավելի լայն հնարավորություններ կան Հայաստանից դուրս: Պատվերների առումով խնդիրը բարդ է հայաստանցի կոմպոզիտորի համար. մեր պետությունը դեռեւս գտնվում է զարգացման փուլում… Սակայն, միեւնույն ժամանակ, մենք բոլորս Հայաստանում մնալու եւ մեր երկրի զարգացման գործին մասնակցելու առաքելություն ունենք:

– Ի՞նչ կասեք ստեղծագործական ընթացքի մասին:

– Երաժշտություն ստեղծելը կյանք է, որով ես ապրում եմ: Երաժշտությունս ստեղծվում է իմ լսողության, գեղեցիկի ճանաչողության, ինձ ի վերուստ տրված հնարավորությունների միջոցով: Երբ տրված են բոլոր այս հնարավորությունները, տրվում է նաեւ աշխատելու մեծ ուժ: Երբեմն աշխատում եմ 24 ժամ եւ չեմ կարողանում հանգստանալ: Նախքան երկի ստեղծումը՝ տեսնում եմ դրա տեսիլը, որն ինձ հանգիստ չի տալիս, մինչեւ չհանձնեմ թղթին. մեծ տառապանք է այդ պրոցեսն ավարտելը:

Եթե ես չապրեմ իմ ստեղծագործությունը, նախապես չունենամ դրա ամբողջական տեսիլը եւ կորցնեմ ինքս ինձ քննադատելու ազնվությունը, ապա երաժշտությունս հաջողված չի լինի:

ԱՐՓԻՆԵ ԿԱԼԻՆԻՆԱ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930