Լրահոս
Օրվա լրահոսը

«Մեծ պատիվ է հայկական մշակույթ ներկայացնելը»

Ապրիլ 23,2013 14:29

Ամերիկաբնակ ռեժիսոր Արտակ Սեւադայի դիտարկումները՝ նոր ֆիլմի առիթով

2015 թվականի ապրիլի 24-ին՝ միջազգային կինոշուկայի ու կինոդիտման բացման օրը, էկրան կբարձրանա Հայոց ցեղասպանության մասին պատմող The GENEX ֆիլմը, որի ռեժիսորն ու սցենարի հեղինակը Արտակ Սեւադան է: «Առավոտի» հետ զրույցում ամերիկաբնակ արվեստագետը հայտնեց, որ The GENEX-ը հայ-ամերիկյան նախագիծ է: Արվեստագետը նշեց, որ այս ֆիլմում Ցեղասպանության թեմային այլ՝ «ավանդականից» շեղված մոտեցում է ցուցաբերվել. «Փորձել ենք ֆիլմում ներկայացնել Հայոց ցեղասպանության կազմակերպիչներին եւ ոչ թե կատարողներին: Դա կարեւոր նրբերանգ է, չնայած շատերին կարող է թվալ, թե կոմպրոմիսի ենք գնացել… Ամեն դեպքում, ընտրել ենք այլ ճանապարհ, ըստ որի՝ մեղվի փեթակը պետք է քանդել, ներխուժել կինոշուկա եւ ասելիքդ ասել ճիշտ լեզվով»:

Մեր դիտարկմանը, թե Ցեղասպանության թեման այնպիսին է, որ ինչպիսի ֆիլմ էլ նկարվի, հավանաբար կլինեն ինչ-ինչ դժգոհություններ, Արտակ Սեւադան պատասխանեց. «Ես պատրաստ եմ ամեն ինչի: Ամեն դեպքում, ունկնդիրը պետք է հասկանա, որ The GENEX-ը միայն հայի համար չի արվում: Եթե մենք ֆիլմ ենք նկարում ինչ-որ բան ապացուցելու համար, ուրեմն դա անիմաստ եւ անօգուտ աշխատանք է»: Նրա ձեւակերպմամբ, օտարազգիներին ցեղասպանության թեման մատչելի «մատուցելու» համար հարկ է նկարահանել տիպիկ ամերիկյան բլոկբաստեր ֆիլմ, իսկ տողատակում արդեն կարելի է ասել, թե ինչ է տեղի ունեցել 1915 թվականին եւ ով են հայերը:

Մեր զրուցակիցը The GENEX-ի մասին ասում է, որ այդ ֆիլմում հայ ժողովրդի 100 տարվա մենությունն է՝ որը սկսվում է ցեղասպանությունից ու հասնում մեր օրերը: Նա նաեւ ուրախությամբ փաստեց, որ նախագիծ են մտել ամերիկյան այնպիսի հզոր պրոդյուսերներ, որոնց թվում է Ռիչարդ Սափերստինը:

Հետաքրքրվեցինք, թե հայկական թեմայով, բայց ամբողջության մեջ՝ համամարդկային ուրիշ ի՞նչ ֆիլմ կուզենար նկարել: Արտակ Սեւադան պատասխանեց, որ մեծ ցանկություն ունի «Սասունցի Դավիթ» նկարել, նույնիսկ գլխավոր դերակատարին է պատկերացնում: Նրա համոզմամբ՝ լավագույն Դավիթը Դեյվիդ Ալփեյն է, որը ժամանակին Ատոմ Էգոյանի «Արարատում» մարմնավորել է երիտասարդ տղայի:

Ամերիկաբնակ արվեստագետն ասում է, որ իր համար ընդհանրապես մեծ պատիվ է համաշխարհային շուկայում հայկական մշակույթը ներկայացնելը: Նա այն համոզումն ունի, որ մեր մշակութային հզոր ժառանգությունը արժեւորելու ու աշխարհին նորովի ներկայացնելու կարիք կա:

ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930