Լրահոս
Օրվա լրահոսը

Ավիատոմսերի գները չեն կարողանում զսպել

Ապրիլ 23,2013 14:13

Մոտ մեկ ամիս է՝ ավիաընկերությունները շարունակում են ուղեւորների հաշվին գերշահույթներ ստանալ

Չնայած նրան, որ օրերս ՀՀ Քաղաքացիական ավիացիայի վարչությունը հայտարարել էր, որ ավիատոմսերի գները թռիչքային բարձրանալուց հետո կրկին նվազել են, սակայն երեկվա դրությամբ «Սիբիր» ավիաընկերությունը Մոսկվայի մոտակա օրերի տոմսը վաճառում էր 140 հազար դրամով, իսկ «Աէրոֆլոտը», որի օդանավը պետք է վայրէջք կատարեր «Շերեմետեւո» օդանավակայանում՝ 160 հազար դրամով: Չէր նվազել եւ մոտ 100 հազար դրամ արժեր Կրասնոդարի տոմսը՝ նախկին 70 հազարի փոխարեն: «Առավոտի» հետ զրույցում ավիատոմսերի վաճառքով զբաղվող մայրաքաղաքի մի շարք ընկերությունների աշխատակիցներ նույնպես փաստեցին, որ թանկացումներից հետո էժանացում գրեթե չի արձանագրվել, եւ իրենք շարունակում են ավիաընկերություններից նույն գներով ստանալ տոմսերը:

Նշենք, որ «Արմավիա» ավիաընկերության փակվելուց հետո հատկապես ռուսական ավիաընկերությունները, առիթից օգտվելով, ավիատոմսերի գները միանգամից բարձրացրել էին: Թանկացրել էին այն ուղղությունները, որտեղ մեր երկրից շատ են մեկնում: Մասնավորապես՝ թանկացել էին Մոսկվայի, Սանկտ Պետերբուրգի, Կրասնոդարի, Եկատերինբուրգի, Տյումենի, Մինվոդիի, Ռոստովի ուղղություններով տոմսերը: Ավիատոմսերի գների բարձրացման պատճառները պարզելու համար Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովն (ՏՄՊՊՀ) արդեն մոտ տասը օր է՝ ավիաշուկայում ուսումնասիրություն է կատարում: Երեկ հանձնաժողովից հետաքրքրվեցինք, թե ի վերջո ինչի՞ հետեւանքով էին ավիաընկերությունները բարձրացրել տոմսերի գները, հատկապես, որ այդ օրերին ավիավառելիքի թանկացումներ չէին գրանցվել:

Պարզվեց՝ ՏՄՊՊՀ-ն դեռ մինչեւ մայիս էլ կուսումնասիրի եւ միայն այդ ամսին իր ուսումնասիրությունների ողջ փաթեթը կներկայացնի ՀՀ կառավարություն: «Հանձնաժողովը միայն գնային ուսումնասիրություն չի կատարում, այլ այս պահին իրականացնում է ուսումնասիրություն ավիափոխադրողների ողջ համակարգում՝ կա՞ մուտքի հետ կապված խոչընդոտ կամ մրցակցային մեկ այլ խնդիր, թե՞ ոչ, կամ տոմսի գնի մեջ որքա՞ն տոկոսն է կազմում ավիավառելիքի գինը եւ այլն: Արդեն չորս օր է՝ ԱՄՆ-ի նույն հանձնաժողովի իրավաբանը, որը Հայաստանում է փորձի փոխանակման համար, հայ մասնագետների հետ նույնպես մասնակցում է ուսումնասիրություններին եւ օգնում է՝ փոխանցելով իր փորձն այդ ոլորտում եւս: Գործընթացին նաեւ մասնակցում են Համաշխարհային բանկի մասնագետները»,- փոխանցեցին հանձնաժողովից:

Ստացվում է, որ մինչեւ ուսումնասիրությունների ավարտը ավիաընկերությունները կշարունակեն ավիատոմսերը վաճառել բարձր գներով եւ գերշահույթներ ստանալ, քանի որ մեր երկրում որեւէ այլ մեխանիզմ չկա՝ մինչ ուսումնասիրության ավարտը այդ թանկացումները զսպելու:

ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930