Լրահոս
Օրվա լրահոսը

Գործազուրկների նոր բանակ՝ էկոնոմիկայի նախարարության «թեթեւ ձեռքով»

Ապրիլ 23,2013 14:09

Արդեն 4-րդ օրն է՝ մայրաքաղաքի բազմաթիվ խանութներ, որոնք զբաղվում են ձայնա եւ տեսասկավառակների վաճառքով, հսկայական վնասներ են կրում, քանի որ ապրիլի 18-ից արգելված է առանց ակցիզների նման ապրանքներ վաճառել: Իսկ ակցիզներ արտադրող կամ իրացնող ընկերությունը կարող է ստանալ միայն էկոնոմիկայի նախարարության մտավոր սեփականության գործակալության թույլտվությամբ, գործակալությունն էլ բազմաթիվ ընկերությունների պարզապես թույլ չի տվել զբաղվել ձայնա եւ տեսասկավառակների արտադրությամբ ու վաճառքով, ինչի պատճառով էլ այդ գործարարները բողոքի ակցիա էին կազմակերպել կառավարության շենքի մոտ: Նույն օրը կառավարության քաղաքացիների ընդունելության եւ դիմումների քննարկման վարչության պետ Ալեքսանդր Ղազարյանը մի քանի ժամ քննարկել է խնդիրը «Ռեքո Ռեքորդս» ընկերության տնօրեն Դավիթ Խանոյանի հետ: Երեկ «Առավոտը» պարոն Խանոյանից փորձեց այդ քննարկման վերաբերյալ որոշ մանրամասներ ճշտել, եւ ինչպես ներկայացրեց պարոն Խանոյանը, կառավարության իրավաբաններից մեկը եւ պարոն Ղազարյանը խնդիրն ամբողջությամբ հասկացան եւ ընդունեցին իրենց դիտարկումները, սակայն թե առաջիկայում ինչ որոշում կկայացվի, որպեսզի փոքր ու միջին այդ խանութներն ու արտադրողները ուղղակի չկործանվեն, դեռեւս պարզ չէ:

«Այսօր մենք շատ ավելի լուրջ խնդրի առաջ ենք կանգնած. եթե անգամ մեր դիտարկումներն ընդունեն եւ օրենքում նորից որեւէ փոփոխություններ կատարեն, առաջնահերթ անհրաժեշտ է պետական մոտեցում եւ թույլտվություն, որպեսզի բազայում եղած դիսկերի համար ակցիզներ ստանալու իրավունք տան: Ակցիզի առկայությունը շատ լավ է, ստվերը կվերանա, բայց դրա տրամադրման մեխանիզմները պետք է փոխել, դրա մեխանիզմի կիրառման ինչ-որ փուլում զբոյա տվել, այսինքն՝ հետեւողական չեն եղել, որ որեւիցե մեկի, այս դեպքում կոնկրետ՝ գործակալության պետ պարոն Ազիզյանի գործողությունների կամայականությունների հետեւանքով հազարավոր անգործներ չլինեն: Եվ առհասարակ՝ օրենքում այնպիսի հստակեցում է պետք, որպեսզի ոչ Ազիզյանը, ոչ էլ նրանից հետո եկողը չկարողանան օրենքի հետ խաղալ եւ իրենց կամայականությամբ մարդկանց այսպիսի խնդիրների առջեւ կանգնեցնել»,- մեզ հետ զրույցում ասաց «Ռեքո Ռեքորդսի» տնօրենը:

Երեկ «Առավոտը» շրջեց ձայնա եւ տեսասկավառակների առեւտրով զբաղվող մի քանի խանութներում: Մեզ հետ զրույցում վաճառողներն ու տնօրենները վստահեցրին, որ այս 4 օրվա ընթացքում մի քանի 100 հազար դրամի վնասներ են կրում. «Դիսկեր չենք վաճառում, միայն ինչ-որ աքսեսուարներ, օրական 10 հազար դրամի առեւտուր ենք անում, բայց դրանով մենք ո՞նց ենք արենդա, հարկ կամ աշխատավարձ վճարելու, վարկեր ունենք վերցրած, դրա տակից Ազիզյա՞նն ա դուրս գալու: Մարդիկ նույնիսկ 2000 դրամանոց օրիգինալ հայկական դիսկ չեն ուզում առնել, ասում են՝ հենա մետրոյի անցումում 500 դրամով կառնենք: Մենք դիսկերի բոլոր խանութներից կուրսի ենք, լիքը խանութներ փակվել են, բա էդ մարդիկ ընտանիքներ էին պահում: Գործակալությունը պահանջ է դրել օրիգինալ դիսկեր միայն վաճառվեն, բայց օրիգինալ դիսկեր բերելու համար մեզ նման առեւտրականները նույնիսկ տուն-տեղ էլ ծախեն, չեն կարա բերեն, էլ չենք ասում, որ 100 հոգուց մեկը կարող ա մի հատ իրանց մատնանշած օրիգինալ թանկարժեք դիսկ առնի»:

Դավիթ Խանոյանի ներկայացմամբ՝ այն, ինչ պահանջում է մտավոր սեփականության գործակալությունը, այսինքն՝ արտադրող ընկերության հետ կնքած պայմանագիր բերել, որպեսզի վաճառքի թույլտվություն ստանան, աբսուրդի ժանրից է. «50-10 միլիոն դոլար է պետք, որպեսզի արտասահմանյան արտադրողի հետ պայմանագիր կնքենք մի տեսակի ապրանք ձեռք բերելու համար»:

Պարոն Խանոյանին փոխանցեցինք մտավոր սեփականության գործակալության պետ Արմեն Ազիզյանի՝ վերջերս արած այն հայտարարությունը, որ իրենք պայքարում են «պիրատական» դիսկերի դեմ, ինչին ի պատասխան՝ պարոն Խանոյանն ասաց. «Ինքը չի պայքարում, ինքը մի բան էլ խթանում է «պիրատական» արտադրությանը: Այսօր խանութներ կան, որոնք Ռուսաստանից կամ Դուբայից մաքսազերծելով դիսկեր են բերել, որոնք օրիգինալն են, այսինքն՝ դրսի այդ խանութները կամ արտադրողներն արդեն այդ իրավունքներն ունեին: Այդ խանութներում 30 հազարանոց փլեյ-սթեյշոն կա, օրիգինալն է, դա նույնիսկ կեղծել չի լինում, բայց գործակալությունը դրա վաճառքի թույլտվությունն էլ չի տալիս: Ես ինքս ռուսական «Մոս մեդիա» ընկերության հետ պայմանագիր ունեմ, ըստ որի՝ ձեռք եմ բերել որոշ ապրանքների բազմացման եւ իրացման իրավունքը, ես կարող եմ բազմացնել եւ վաճառել առեւտրի ցանցերին: Այդ ռուսական ընկերությունն արդեն ունի թույլտվություն արտերկրի մի շարք արտադրողների հետ, իսկ մի պրոդյուսերական ընկերություն կարող է բազմացման իրավունք տալ հազարավոր արտադրողների, որից էլ օգտվում ենք մենք»: Մեր այն դիտարկմանն էլ, որ օրերս պարոն Ազիզյանը «Առավոտի» հետ զրույցում նշել էր, որ այդպիսի գործարքների հետեւանքով հնարավոր է կեղծ պայմանագրեր ներկայացնեն տեղացի արտադրողները, պարոն Խանոյանն ասաց. «Դա արդեն իր գործը չէ, նա ոչ մի իրավունք չունի կասկածի տակ առնելու, դա իրավապահ մարմինների գործն է, թող գան հայտնաբերեն, որ կեղծ պայմանագիր ենք ներկայացրել եւ կեղծ ապրանք ենք վաճառում ու մեզ կամ կալանավորեն, կամ մեծ տուգանքների ենթարկեն»:

«Ռեքո Ռեքորդսի» տնօրենի փոխանցմամբ՝ ներկայումս իրավապահ մարմինները քննում են գործակալության պետի որոշումների օրինավորությունը, իսկ մինչեւ այդ առնչությամբ որեւէ եզրակացություն տալը՝ այսօր բազմաթիվ խանութներ փակ են. «Ըստ էության, մարդկանց մի մեծ խմբի գործազրկության է դրդել այդ մարդը: Ուրբաթ օրը մենք նորից պայմանագրեր էինք ներկայացրել գործակալություն, ինքն էր ասել, որ նորը տանենք, կհաստատի, բայց էլի մերժեց՝ իբր ինչ-որ ցանկ չենք ներկայացրել, հիմա էդ ցանկն էլ ենք տանելու, բայց կասկածում ենք, որ կհաստատի: Մենք միանշանակ ինչ-որ միտում ենք տեսնում Ազիզյանի գործողություններում»:

Այսօր ՀՀ նախագահի նստավայրի մոտ նորից բողոքի ակցիա է լինելու, պահանջով՝ մինչ օրենքը կվերանայեն, իսկ դա երկար ժամանակ է պահանջելու, թույլ տալ ընկերություններին ակցիզներ ձեռք բերել եւ եղած ապրանքը, որը բերվել է այն երկրներից, որտեղ վաճառքի եւ արտադրության թույլտվություն կա, մեզ մոտ վաճառել:

ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930