Դիտորդական առաքելությունների «պուպուշ» գնահատականներն ու միջազգային կազմակերպությունների «քըխ» զեկույցները:
Նախորդ շաբաթվա ավարտին ու ընթացիկ շաբաթվա սկզբին Հայաստանի անունը շրջանառվեց միանգամից երկու կարեւորագույն կառույցների կողմից՝ ԱՄՆ պետքարտուղարության եւ ԵԽԽՎ-ի մեկնարկած գարնանային նստաշրջանի շրջանակներում: Այս շրջանառությունից ոգեւորվելու առանձնակի առիթ, սակայն, չկա, քանի որ արդյունքում բացասական որակումներ են հնչեցվում Հայաստանի վերաբերյալ: «Մարդու իրավունքների ոլորտում Հայաստանի ամենանշանակալի խնդիրները 2012 թվականին սեփական կառավարությունը փոխելու մարդկանց իրավունքի սահմանափակումն է եղել, կոռուպցիան, կառավարությունում թափանցիկության պակասը եւ դատական համակարգի սահմանափակ անկախությունը»,- ասված է ԱՄՆ պետքարտուղարության զեկույցում՝ հավելելով, որ մայիսի 6-ի խորհրդարանական ընտրությունների ընթացքում գրանցված հիմնական խախտումները եղել են պետական ռեսուրսների չարաշահումը հօգուտ իշխող կուսակցության, ընտրակաշառքի մասին հավաստի տեղեկությունները, բողոքարկման գործընթացի թերություններն ու բարեփոխված Ընտրական օրենսգրքի անկատարությունը: Ըստ զեկույցի՝ իշխանության բոլոր մակարդակներում հաստատված կոռուպցիայի մասին պնդումները խաթարել են օրենքի գերակայությունը, չնայած որ իշխանությունները սահմանափակ քայլեր են ձեռնարկել՝ պատժելու ցածր եւ միջին օղակների կոռուպցիոն դրսեւորումները: Իսկ երեկ մեկնարկած ԵԽԽՎ գարնանային նստաշրջանում շրջանառվող փաստաթղթում, որը վերաբերում է անցած նախագահական ընտրություններին, ասվում է. «Փետրվարի 18-ի ՀՀ նախագահական ընտրությունների անցկացման ժամանակ առկա էին բազում բացթողումներ՝ մասնավորապես վարչական ռեսուրսի չարաշահումն ու դրա խոչընդոտումը ընտրական գործընթացին, որոնք հակասում են ժողովրդավարական ընտրությունների անցկացման եվրոպական չափանիշներին եւ բացասաբար անդրադառնում հանրային վստահության վրա»: Զեկույցում մտահոգություն է հայտնվում այն կապակցությամբ, որ ընտրողների ընտրության շրջանակը սեղմվել էր, քանի որ հիմնական քաղաքական ուժերը թեկնածուներ չառաջադրեցին ընտրությունների ժամանակ:
Իշխող Հանրապետական կուսակցության ներկայացուցիչներին այս իրողություններն այդքան էլ չեն մտահոգում, քանի որ նրանց համոզմամբ՝ գույները խտացված են: Մասնավորաբար, ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը երեկ «Առավոտի» հետ զրույցում ԱՄՆ պետքարտուղարության զեկույցի մասով նկատեց. «Իրականում բավականին մեծ աշխատանք է տարվել մարդու իրավունքների ոլորտում առկա բացթողումները եւ հիմնախնդիրները լուծելու առումով: Մասնավորաբար, դժվար է համաձայնել ընտրական գործընթացի թափանցիկության, ընտրությունների՝ ժողովրդավարական ստանդարտներին համապատասխանության մասին դիտողություններին, հատկապես, որ միջազգային դիտորդական ամենատարբեր առաքելություններ դրական արձանագրում են իրականացրել վերջին ընտրությունների հետ կապված»: Արտակ Զաքարյանն այն կարծիքին չէ, որ մեր երկրում ընտրողի իրավունքները սահմանափակված են, որ ընտրական օրենսդրությունը հնարավորություն չի տալիս լիարժեք քաղաքացիական դիրքորոշումներ արտահայտելու եւ քաղաքական մոտեցումներ ցուցաբերելու, որ քաղաքական ընդդիմությունը իրավական առումով սահմանափակ հնարավորություններ ունի պայքարելու եւ հաջողությունների հասնելու համար: Մինչդեռ ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանն այս առիթով երեկ Aravot.am-ի հարցին՝ ասաց. «Ես կարծում եմ՝ իշխանությունները պետք է դրան լուրջ ուշադրություն դարձնեն»:
ԱՄՆ պետքարտուղարության զեկույցում առանձին անդրադարձ կա նաեւ ԼՂՀ հիմնախնդրին: Արտակ Զաքարյանը կրկին համաձայն չէ զեկույցի այդ հատվածում ներառված այն դիտարկման հետ, որ հայկական կողմից «անջատողականության մոտեցումներ» եւ այլ ոչ հայանպաստ ձեւակերպումներ կան: «Տարօրինակ է, որ Մինսկի խմբի համանախագահների լեզվաբանությունից, նրանց ձեւակերպումներից բավականին հեռու եւ ոչ իրատեսական դիտարկումներ են տեղ գտել զեկույցում»: Մինչդեռ Վարդան Օսկանյանն ասում է. «Կարծում եմ՝ իշխանությունները պետք է շատ արագ հակադարձեն եւ ադեկվատ պատասխան տան»: Պարոն Օսկանյանն այդպես էլ չհստակեցրեց, թե իբրեւ նախկին արտգործնախարար, իր կարծիքով՝ ի՞նչ ադեկվատ պատասխան պետք է տա իշխանությունը: Ասաց, որ դա իշխանության որոշելիքն է:
Արտակ Զաքարյանն էլ հիշեցնում է, որ խոսքի ազատության ոլորտում մեզանում բավական առաջընթաց կա: Չի վիճարկում, որ վիճելի հարցեր դեռ կան, բայց. «Իհարկե, նաեւ բավականին դիպուկ եւ հստակ մատնանշված խնդիրներ կան, մասնավորապես՝ մարդու իրավունքների կիրառական ոլորտում, կոռուպցիոն ռիսկերի, արդարադատության համակարգում առկա խնդիրների մասով, բայց դրանք այն խնդիրներն են, որոնք իշխանությունների կողմից պարբերաբար վեր են հանվել, բազմիցս քննարկվել են մեր քաղաքական համակարգում, մենք էլ ընդունում ենք, որ այդ հիմնախնդիրները կան՝ երկարատեւ եւ հետեւողական բարեփոխումներ փորձելով իրականացնել»: Ընդհանուր առմամբ, ըստ ՀՀԿ-ական պատգամավորի, զեկույցն ակնհայտ դիտարկումներ ունի, որոնց հետ դժվար է չհամաձայնել, բայց նաեւ ակնհայտ դիտարկումներ կան, որոնց հետ բարդ է համաձայնել: Այսինքն՝ զեկույցում տեղ գտած դրույթները միանշանակ չեն:
Հետաքրքրվեցինք՝ Զաքարյանը միտումնավորությո՞ւն, թե՞ պատահականություն է համարում ԱՄՆ պետքարտուղարության եւ ԵԽԽՎ-ի՝ իրար հաջորդող որակումները, մասնավորաբար՝ ԵԽԽՎ-ում շրջանառվող բանաձեւի մասին, մեր զրուցակիցն ասաց, որ խնդրի սկզբնաղբյուրներին լիարժեք ծանոթ չէ, ու չի բացառում, որ դա ադրբեջանական լոբբիի արդյունք լինի, քանի որ տարածաշրջանում Ադրբեջանը միակ երկիրն է, որի հակահայկական քարոզչությունը սահման չունի՝ այդպիսով փորձ անելով ծածկելու Ադրբեջանի բոլոր, մեղմ ասած, թերություններն ու թերացումները եւ հավասարության նշան դնելու Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ: «ԵԽԽՎ-ում տարբեր տարիներին եղել են Հայաստանում մարդու իրավունքների վերաբերյալ լուրջ քննարկումներ, եւ եթե դրանք օգտավետության տեսանկյունից են իրականացվել, բավականին բարձր եւ դրական արդյունքներ են արձանագրվել: Բայց եթե դրանք ունեն ակնհայտ քաղաքական շահարկումների դաշտ տանելու մտադրություն, կարծում եմ՝ դրանց քննարկումները երբեք դրական չեն լինի»,- ասում է մեր զրուցակիցը՝ վստահեցնելով, որ Հայաստանում վարչական ռեսուրսն ընտրություններում կիրառվում է միմիայն ընտրական գործընթացների պատշաճ եւ օրենքով սահմանված կարգով: «Զուգադիպությունը ո՞րն է, իրականության արտացոլումն է: Իշխանությունները պետք է շատ լուրջ ուշադրություն դարձնեն դրան». սա էլ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի մոտեցումն է:
ՀՀԿ-ական պատգամավոր Արտակ Զաքարյանն այս երկու փաստաթղթերը մարտահրավեր չի համարում ՀՀ իշխանությունների համար: Նրա կարծիքով՝ ժամանակակից աշխարհում մեր երկրի մարտահրավերները համաշխարհային գործընթացներով ի հայտ եկող, ղարաբաղյան կոնֆլիկտից մնացած, անվտանգության եւ ֆինանսատնտեսական ոլորտի են: «Մեր պետությունը, իշխանությունները՝ նախագահի գլխավորությամբ, բավարար փորձառություն, հմտություն ունեն, որպեսզի հաջորդ հինգ տարիները Հայաստանի համար ապահովեն լավագույն հնարավորություն, լավագույն ընթացք՝ ներքին եւ արտաքին խնդիրները լուծելու համար»,- ասաց մեր զրուցակիցը:
ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ