Սակայն օտարերկրացիները, բացի Մաքսային միությանն անդամակցած երկրների քաղաքացիներից, ՌԴ կայցելեն արտասահմանյան անձնագրերով:
Հայաստանի կառավարության եւ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի միջեւ ապրիլի 10-ին կնքվեց փոխգործակցության հուշագիր, այն Երեւանում ստորագրեցին Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Տիգրան Սարգսյանը եւ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Վիկտոր Խրիստենկոն:
Փաստաթղթում ՀՀ կառավարությունն ու Եվրասիական տնտեսական հանձնաժողովը համաձայնության են եկել զարգացնելու փոխգործակցությունը առեւտրային քաղաքականության, տեխնիկական կարգավորման, ստանդարտացման, չափումների միասնության ապահովման, սանիտարական, անասնաբուժական եւ բուսասանիտարական պահանջների եւ միջոցների կիրառման հարցերում, փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ ոլորտներում: Կողմերը փոխգործակցելու են նաեւ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերով՝ խորհրդատվությունների, համաժողովների, սեմինարների, սիմպոզիումների, ֆորումների եւ այլ միջոցառումների անցկացմամբ, այդ թվում՝ Հայաստանի եւ Մաքսային միության ու Միասնական տնտեսական տարածքի անդամ-պետությունների գործարար հանրության ներկայացուցիչների մասնակցությամբ: Անդրադառնալով ստորագրված հուշագրին՝ Խրիստենկոն Երեւանում Սերժ Սարգսյանի հետ հանդիպմանը ընդգծել էր, որ այդպիսով գործակցության համար կողմերը կազմակերպչական պայմաններ ստեղծեցին:
Փաստաթղթում ամրագրված է, որ կողմերն առնվազն տարին մեկ անգամ հանդիպումներ պետք է անցկացնեն ՀՀ կառավարության ղեկավարի եւ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահի մակարդակով, կա նաեւ կետ, որ հուշագիրը չի հանդիսանում միջազգային պայմանագիր եւ չի առաջացնում միջազգային իրավունքով կարգավորվող իրավունքներ եւ պարտականություններ, ինչպես նաեւ կողմերի համար չի առաջացնում որեւէ ֆինանսական պարտավորություն: Փաստաթղթի վերջում նշված է, որ այն ստորագրված է «երկու օրինակից՝ հայերեն եւ ռուսերեն, ընդ որում՝ երկու տեքստերն էլ հավասարազոր են»:
Կարդացեք նաև
Վերոնշյալ հուշագրի ստորագրումը ուշագրավ է, որ փորձագետների, քաղաքական շրջանակների կողմից չգնահատվեց որպես սպառնալիք Եվրամիության առջեւ Հայաստանի ստանձնած պարտավորությունների նկատմամբ: Եվ սա թերեւս հասկանալի է, քանի որ ՀՀ կառավարության եւ համապատասխան հանձնաժողովի մակարդակով կնքված հուշագիրը տեղին չի լինի որպես հակակշիռ ներկայացնել օրինակ՝ ԵՄ Ասոցացման համաձայնագրին կամ Խորը եւ համապարփակ ազատ առեւտրի գոտու պայմանագրին: Տպավորություն է ստեղծվում, որ այն առավելապես փոխգործակցության շուրջ ցանկությունների շարադրանք է։
Բայց գնահատելով հուշագրի ստորագրման փաստը՝ կարելի է նաեւ այլ եզրահանգումներ անել: Մինչ այժմ Ռուսաստան-Ուկրաինա մակարդակով անորոշությունները Եվրասիական միության, Մաքսային միության շուրջ կարծես մեզ հնարավորություն էին ընձեռել ազատ մանեւրելու: Սակայն այժմ, թեկուզ հանձնաժողովի մակարդակով, փաստորեն, Հայաստանի կառավարության հետ նման հուշագիր ստորագրվեց, որի միջոցով Մոսկվան, թերեւս, հնարավորություն կունենա այլ երկրներին մատնացույց անել Երեւանի հետ ստորագրած հուշագիրը եւ այդ ձեւով փորձելով ճնշում գործադրել մյուս երկրներին՝ հուշել նրանց, թե ինչից կարելի է սկսել…
Անցյալ շաբաթ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը եւ Վիկտոր Խրիստենկոն քննարկել էին Մաքսային միությանը եւ Հայաստանի հնարավոր համագործակցության ձեւաչափերը: Խրիստենկոն Պուտինի հետ զրույցում նշել էր, որ Հայաստանի կողմից հետաքրքրություն է նկատում. «Մենք «ԵվրԱզԷս»-ում դիտորդ-երկրներ ունենք՝ Ուկրաինան, Հայաստանը, որոնք նույնպես հետաքրքրություն են ցուցաբերում»: Իսկ Պուտինի խոսքով՝ վերջերս Մաքսային միության հետ համագործակցելու հետաքրքրություն եւ շահագրգռվածություն են դրսեւորել մի շարք երկրներ: «Ես այդ հարցով շատ դիմումներ եմ ստացել: Մենք այդ ուղղությամբ ակտիվ աշխատում ենք, գործընկերների հետ մշտական կապի մեջ ենք գտնվում»,- նշել է Պուտինը: ՌԴ նախագահը, մասնավորապես, անդրադարձել էր Հայաստանին` Խրիստենկոյին հարցնելով, թե Հայաստանի հետ ընդհանուր սահմանի բացակայության խնդիրն ինչպե՞ս կարող է լուծվել: «Անջատված տարածքների կառավարման տեխնիկայի եւ տեխնոլոգիայի տեսանկյունից, այդ թվում՝ մաքսային տարածքների դեպքում, ունենք եվրոպական փորձը, եւ ըստ էության այստեղ խնդիր չկա»,- նկատել էր Խրիստենկոն:
Առայժմ պաշտոնական Մոսկվան Մաքսային միության մասին խոսելիս եւ Հայաստանը հիշատակելիս կանգ է առնում ձեւաչափային ճշգրտումների վրա եւ այդ կոնտեքստում է դիտարկում Հայաստանի հետ համագործակցությունը։ Հիշեցնենք, որ Սերժ Սարգսյանը լրագրողների հետ հանդիպմանը անդրադառնալով այս թեմային՝ ասել էր, որ դեռ հստակ չէ՝ արդյոք Մաքսային միության անդամները ցանկություն ունե՞ն որեւէ մեկին ներգրավելու:
Թե ինչն է ստիպել Մոսկվային այսպիսի մեղմ քայլերով առաջ ընթանալ՝ թերեւս ժամանակի ընթացքում պարզ կլինի: Սակայն օրերս ՌԴ-ից մի ուշագրավ տեղեկատվություն տարածվեց, որն իր հերթին մտորելու տեղիք է տալիս: Ապրիլի 19-ին «Էխո Մոսկվի» ռ/կ-ն հաղորդեց, որ բոլոր օտարերկրացիները, բացի Մաքսային միությանն անդամակցած երկրների քաղաքացիներից, Ռուսաստան կայցելեն միայն արտասահմանյան անձնագրերով, եւ Դաշնային միգրացիոն ծառայության համապատասխան առաջարկն աջակցություն է ստացել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից: Դաշնային միգրացիոն ծառայության ղեկավար Կոնստանտին Ռոմոդանովսկիի հետ հանդիպման ժամանակ Պուտինն առաջարկել է նման փորձ սահմանել 2015թ.: Նա ընդգծել է, որ այս դրույթը չի վերաբերի Ղազախստանի եւ Բելառուսի քաղաքացիներին: Միեւնույն ժամանակ նա ընդգծել է, որ անհրաժեշտ է հետեւել սահմանային փոխանակումների միջազգային փորձին, ինչը նշանակում է, որ սահմանամերձ շրջանների բնակիչները կարող են սահմանը հատել արտոնյալ կանոններով:
ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ