Լրահոս
Օրվա լրահոսը

Ի՞նչ է նշանակում «թաղի խուժան»

Ապրիլ 23,2013 13:43

«Խուժան» բառն ինձ համար կապված է մանկական հիշողությունների հետ: Լենինգրադյան փողոցի այն շենքում, որտեղ ես էի ապրում, շատերը (նաեւ իմ ծնողները) բնակարան էին ստացել Գիտությունների ակադեմիայից: Իսկ մեր կողքի շենքերից մեկում ապրում էին մարդիկ, ովքեր այդ շրջակայքում մինչեւ 60-ականների սկիզբը տնակներ են ունեցել, որոնք քանդվել էին՝ խռուշչովյան բազմաբնակարան շենքեր կառուցելու համար: Այդ շենքը մենք անվանում էինք «խուժանների շենք»: Առաջին սեռական բնույթի հայհոյանքները ես լսել եմ այդ շենքի տղաներից: Ի դեպ, «ավտարիտետ» («հեղինակություն»՝ թաղային իմաստով) եզրը ես նույնպես նրանցից եմ լսել՝ այսպիսիք էին համարվում «Չուգուն» մականունով եղբայրները:

Բայց դա «խուժանի», այսպես ասած, ապաքաղաքական ընկալումն է: Քաղաքական իմաստով «թաղի խուժան» բառակապակցությունը ես առաջին անգամ լսեցի 1995 թվականին, երբ խորհրդարանական ընտրությունների օրը գործարարների թիմակիցները (այն ժամանակ թիկնապահների ինստիտուտը դեռ ձեւավորված չէր) ծեծի էին ենթարկում ընդդիմադիրներին: Դրանից հետո ոչ մի ընտրություն առանց նման միջադեպերի չէր անցնում: Հանուն արդարության նշենք, որ վերջին խորհրդարանական եւ նախագահական ընտրություններում նման դեպքերը քչացել էին: Բայց «թաղի խուժան» ինստիտուտը գոյություն ունի, եւ այդ խուժանի երեկվա բախումը ՀԱԿ-ի ակտիվիստների հետ դրա ապացույցն է: Եթե մարդիկ պարզապես խուլիգանական հակումներ ունեն, նրանց համար միեւնույն է՝ ՀԱԿ-ն է քարոզչություն անում, թե ՄԱԿ-ը՝ նրանք ուշադրություն էլ չեն դարձնի, թե ով է եկել իրենց «մայլեն» եւ ինչ թռուցիկ է բաժանում: (Ուրիշ հարց, եթե գային, օրինակ, «թաղի աղջկա հարցով»): Բայց այս խուժանը, որը խառնվում է քաղաքական գործընթացներին, ինքնուրույն չէ, ուղղորդված է եւ ակնհայտորեն քաղաքական գործիք է հանդիսանում:

Այդ քաղաքականացված խուժանը համախմբվում է սովորաբար թաղապետարանների, հիմա՝ վարչական շրջանների շուրջ: Բնականաբար, նրանց գործունեությունը չի սահմանափակվում մարդ ծեծելով՝ այսօր դա ծայրահեղ միջոց է, որից հնարավորության դեպքում հանձնարարված է խուսափել: Սովորական իրավիճակում խուժանի գործառույթները երեքն են՝ խմբով ներխուժել ընտրատարածքներ եւ լցոնումներ կատարել, ընտրակաշառք բաժանել եւ կաշառված մարդկանց «Գազելներով» տանել տեղամաս եւ խոչընդոտել լրատվամիջոցների աշխատանքին: Մայիսի 5-ին մենք կտեսնենք, թե ինչպես է աշխատում այդ «գործիքակազմը», ընդ որում՝ շեշտը, հավանաբար, դրվելու է խաղաղ՝ «ընտրակաշառքային» մեթոդների վրա: Առանց քաղաքական առաջադրանքի խուժանները պարզապես խուժան են, իսկ առաջադրանքով՝ «պետական գործիչներ»:

Գուցե երբ ԵԽԽՎ զեկուցողները գրում են պետության եւ իշխանության սերտաճման մասին, նրանք հենց դա՞ նկատի ունեն:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (9)

Պատասխանել

  1. Համլետ says:

    Արամ,ինձ համար ,,թաղի խուժան,, հասկացությունը՝ դա կենսակերպ է ու կենսափիլիսոփայության կրող,անկախ նրանից,թե ի՞նչ գործունեությամբ է նա զբաղվում:Լիսկան՝ մարզպետ է,Թոխմախի Մհերը՝ պատգամավոր,Երևանի նորանշանակ ոստիկանապետ է,թե պազի նախքին վարորդ,ալրաղացի սեփականատեր,թե՝ պատգամավոր Նավո,մեր ազգին խոպանչի համարող երգչուհի,թե՝ երկրի գլխավոր շաքարագործ,մարզադաշտի սեփականատեր Բուռնաշ,թե՝ Գյումրու նախքին քաղաքապետ,և՝ այլն…
    Հիմա,խնդրում եմ ասեք, Ձեր կարծիքով թվարկածներս ինչո՞վ են տարբերվում հաստիքավոր ,,թաղի խուժան,,-ներից…

  2. Պարոն Աբրահամյանի վերլուծությունը ինչպես միշտ հակիրճ է և դիպուկ: Ըստ իս այն արտահայտում է մերօրյա իրավիճակի 100%-ը:

    Bravo պարոն Աբրահամյան:

  3. Բորիս says:

    “…այսօր դա ծայրահեղ միջոց է, որից հնարավորության դեպքում հանձնարարված է խուսափել…” պրն Աբրահամյան, գուցե այլ մանրամասներ էլ պատմեք Շտաբի որոշումներից ու հանձնարարականներից

  4. Կարո Մելիքյան says:

    Պարզապես տխուր է,ու այն էլ շատ՜՜՜…..

  5. Galust Yenokyan says:

    Կարծում եմ որ վաղուց ժամանակն է որ ընդդիմադիր կուսակցությունները մշակեն իրէնց իրատեսական մոտեցումը «թաղի խուժանին», երբ նման քաղական ակցիա են իրականացնում դրանցում ներգրավեն ֆիզիկապես ամուր տղաների որոնք նման իրավիճակում համապատասխան պատասխան կտան: Ես ինքս վկա եմ եղել թե ինչպես այդ «չուգուն Գագոյին» սովորական մի երիտասարդ նրան այնպես «պատասխան» տվեց որ չուգունը «գետին» մտավ իր «ոհմակի» առջեվ… Էդ բոլոր «դուխով» չուգուն , նեմեցները կենդանական աշխարհի բորենիների պես են եվ նրանց «դուխը» բորենիների պես խմավորվելն է: Նրանք իրականում անհաջողակ, վախկոտ անհատներ են միավորմած ինքնապաշտպանական բնազդով, ինչպէս բորենիները…Նրանց նմանները միշտ պատրաստ են «ծառայելու» իշխանավորներին լինի դա Հայաստանում, Ռուսատանում կամ Ամերիկայում…Նրանք օգտվում են նրանից որ սովորական օրինապահ քաղաքացիները վստահ են որ դա օրինապահ ոստիկանների գործն է իրենց անվտանգությունը: Իհարկե ավազապետական իշխանությանը նման «դուխով» մարդկանց մի կտոր ոսկոռ գցելը դժվար չէ…
    Հ.Գ. Հարգելի Արամ, ինչքան հասկանում եմ դուք Աջափնյակի առաջին կամ երկրորդ շենքում եք ապրել…

    • Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ says:

      Այո, Լենինգրադյան 8: Շրջադարձի մոտ, որտեղ հիմա քանդած է, Լենինգրադյան 6-ն է, մերը հաջորդն էր:

  6. Anush says:

    Նման խուժանները կան, գործում են, որովհետև նրանց համոզել են, որ իրենց թիկունքում կանգնած են ավելի ազդեցիկ, ավելի հարուստ ու պաշտոն ունեցող խուժանները, խոստացել են պաշտոն, գումար, տարածք ու էլի ինչ-ինչ բաներ… տուն-տեղ ունեն, պետք կգա… Այ, երբ վերևներում լինեն օրենքով ղեկավարվողներ, կամ ամենավերին խուժանը փորձի հարգել իր երկրի օրենքներն ու սահմանադրությունը, կամաց-կամաց այդ աքլոր-խուժանները, նաև Համլետի թվարկած տեսակները, կվերանան, երկիրն էլ մեր ուզած երկիրը կդառնա…. Նրանք լավ գիտեն, որ ամեն ինչ որոշում են ընտրությունները, բոլոր մակարդակներում, դրա համար էլ “անձնվեր” գործում են…..

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930