«Ցեղասպանություն ասել-չասելով աշխարհի ոչ սկիզբն է, ոչ էլ՝ վերջը: Իրեն հարգած կլինի, եթե ասի, եթե չասի, վերջը չէ»,- այսօր «Փաստարկ» ակումբում ասաց ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը՝ պատասխանելով հարցին, թե ցեղասպանության 98-րդ տարելիցին ԱՄՆ նախագահը կարտասանի՞ ցեղասպանություն բառը:
Կ. Մանոյանի խոսքերով, Հայոց ցեղասպանության տարելիցին ընդառաջ հնարավոր է՝ Իսրայելի քնեսեթում կրկին քննարկվի ցեղասպանության ճանաչման հարցը, բայց Թուրքիայի հետ հարաբերությունները սերտացնելու բանակցությունների պատճառով հարցը կմնա կիսատ. «Այս անգամ եւս Իսրայելի քնեսեթը հարցը կուղարկի այնպիսի մի հանձնաժողով, որտեղ քննարկումը հրապարակավ չի արվի… ցեղասպանության ճանաչման փուլը միջազգային համայնքում, մի քանի անգամ ասել ենք, կարելի է համարել անցած»:
Պարոն Մանոյանի խոսքերով, Հայաստանը պետք է առանց Թուրքիայի կողմից ցեղասպանության ճանաչմանը սպասելուն բարձրացնի իրավունքների եւ հատուցման հարցը:
Հարցին՝ արդյոք իրավունքների եւ հատուցման հարցը Հայաստանը կբարձրացնի՞ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում, պարոն Մանոյանն ասաց.
Կարդացեք նաև
«Բավական անշնորհակալ գործ է, եթե խոսքը գնում է նրան, որ պետք է դատարանով պարտադրենք Թուրքիային ցեղասպանությունը ճանաչել: Բայց եթե դիմելու ենք միջազգային դատարան իրավունքների ձեռքբերման համար, ինչը նշանակում է կոնկրետ ձեւակերպել՝ ինչ իրավունքների մասին է խոսքը, սա ուրիշ հարց»:
Ցեղասպանության հարյուրամյա տարելիցին ընդառաջ, պարոն Մանոյանը հնարավոր համարեց, որ Թուրքիան կվավերացնի Հայաստանի հետ արձանագրություններից մեկը. «Այն մեկը, որի մեջ ժամանակացույց չկա, կան որոշ խնդրահարույց փաստաթղթեր, որոնք Թուրքիայի համար հատուկ խնդիրներ չեն առաջացնի, եւ Հայաստանի իշխանություններին բավականին դժվար իրավիճակի մեջ կգցի… Հայաստանը կարող է ստիպված գնա այնպիսի քայլերի, որոնք չեն բխում հայության շահերից»:
Պարոն Մանոյանի կարծիքով, Հայաստանը, քանի դեռ շուտ է, պետք է կամ հետ վերցնի իր ստորագրությունը:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ