Իրականությանը համապատասխանում ե՞ն խոսակցությունները, որ ավագանու ընտրություններում ՀՀԿ ցուցակը գլխավորող Տարոն Մարգարյանին կուսակցությունում արգելել են լրագրողների հետ ուղիղ շփումից՝ Լեւոն Տեր-Պետրոսյանի որակումներին բավականին կոշտ հակադարձելու պատճառով: Հիշեցնենք, որ Տեր-Պետրոսյանը Տարոն Մարգարյանին անվանել էր «խամաճիկ», վերջինս էլ պատասխանելով լրագրողների հարցերին՝ նման կերպ արտահայտվողներին խորհուրդ էր տվել խոսելուց առաջ հայելու մեջ նայել:Ասում են, ՀՀԿ-ում քննարկումներ են եղել այդ թեմայով եւ Տարոն Մարգարյանին նախագահը նախատել է իր նման «համարձակության» պատճառով:
Հիշեցնենք, որ այդ հարցազրույցից հետո, ավագանու ՀՀԿ ցուցակը գլխավորող Տարոն Մարգարյանը հրաժարվեց բակային հանդիպումներից հետո լրագրողների հարցերին պատասխանելուց: «Զարկերակ» մամուլի ակումբում այսօր պատասխանելով Aravot.am-ի այդ հարցին, ՀՀԿ-ական պատգամավոր Սուքիաս Ավետիսյանն ասաց. «Որեւիցե նման քննարկում չի եղել, որեւէ որոշում չի եղել՝ Տարոն Մարգարյանի՝ լրագրողների հետ շփվելու կամ Տեր-Պետրոսյանին պատասխանելու մասին»: ՀՀԿ-ական պատգամավորն ասաց, որ իբրեւ քաղաքապետ եւ քաղաքապետի թեկնածու, Մարգարյանն ինքն է որոշում՝ ե՞րբ, որտե՞ղ եւ ինչպե՞ս պատասխանել լրագրողների հարցերին:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ