Լրահոս
Օրվա լրահոսը

Հայրունի. «Գերմանիան կարող էր կանխել ցեղասպանությունը» (Տեսանյութ)

Ապրիլ 23,2013 13:18

Հայոց ցեղասպանության մասին գերմանական փաստաթղթերը, որոնք վերջին շրջանում եռհատորյակով հրատարակված լինելու արդյունքում քիչ են ծանոթ մասնագետներին, օտար սկզբնաղբյուրների հետ համեմատած` մեծ առավելություններ ունեն: Այսօր այս մասին «Հայացք» ակումբում խոսեց պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Հայոց ցեղասպանության վերաբերյալ գերմանական արխիվներն ուսումնասիրող Աշոտ Հայրունին:

Նա փաստեց, որ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ Օսմանյան Թուրքիայի դաշնակից համարվող Գերմանիան հյուպատոսություններ ուներ Թուրքիայում, հետեւաբար` հայերի հետ կատարվող ողբերգությունը տեսնելու ամենամեծ տեսադաշտը. «Գերմանիան դիվանագիտական ներկայացուցչություն ունեցող միակ երկիրն էր, որն Օսմանյան կառավարությունից ստացել էր թվայնացված տեղեկատվություն ստանալու մենաշնորհ, այսինքն` գերմանացիների հավաքագրած թվայնացված տեղեկատվությունն ընթեռնելու առումով անհասանելի էր թուրքական կառավարությանը»:

Աշոտ Հայրունու հավաստմամբ` Գերմանիայի դիվանագիտական տեղեկագրերը Հայոց ցեղասպանության փաստագրման առումով բացառիկ նշանակություն ունեն` իրադրության նկարագրման եւ Գերմանիայի դիվանագիտական ներկայացուցիչների կողմից հայերի հետ կատարվածի մասին անաչառ կարծիքների առումով:

Հայրունին նշեց, որ հայերի տեղահանությանը Գերմանիայի չմիջամտելու հանգամանքը պատճառաբանվում էր Թուրքիայի հետ կնքած դաշինքով, սակայն գերմանացի բարձրաստիճան զինվորականներից ոմանք առանձին տարածաշրջաններում կանխել են տեղահանության հրամանի իրագործումը. «Հայտնի է, որ Կոստանդնուպոլսում եւ Զմյուռնիայում հայերը չեն տեղահանվել եւ աքսորվել, սակայն պատճառը մեր պատմագրությանը հայտնի չէ: Պարզվում է, որ Զմյուռնիայի հայերի աքսորը տեղի չի ունեցել գերմանացի բարձրաստիճան պաշտոնյայի` Սանդերսի ինքնակամ արգելքով: Նա առանց Բեռլինին հարցնելու` արգելք է դնում այդ գործողության վրա: Սա աննախադեպ է հայոց տեղահանության, աքսորի եւ բնաջնջման պատմության մեջ: Էնվեր փաշան պահանջել է անհապաղ կատարել տեղահանության հրամանը, իսկ Սանդերսն ասել է, որ եթե փորձեն տեղահանել, նա զենքի ուժով դա կարգելի` իր տրամադրության տակ գտնվող գերմանական եւ թուրքական զորամասերի միջոցով: Ի վերջո Էնվերը նոր հեռագիր է հղում` չեղյալ համարելով տեղահանության հրամանը: Մեկ այլ գերմանացի գեներալ էլ իր հրաժարականի հեռանկարով կասեցրեց տեղահանությունը: Այստեղից հետեւություն, որ Գերմանիան կարող էր հեշտությամբ կասեցնել, կամ եթե արդեն սկսվել էր, կանխել Հայոց ցեղասպանությունը` առանց Թուրքիայի հետ դաշինքը խզելու»,-ասաց Հայրունին:

Նա նաեւ հայտնեց, որ տեղահանության մասին առաջին հաղորգադրությունը Գերմանիան ստացել է մայիսի 31-ին. «Տեղեկությունները որոշակի կերպով ներկայացնում են կատարվածը, սակայն կարեւոր նկատառում կա: Գերմանացիները նշում են, որ Էնվեր փաշան նրանց թախանձագին խնդրում է չբռնել իր ձեռքը: Այս հանգամանքը ցույց է տալիս, որ Էնվերը եւ երիտթուրքական կառավարող կոմիտեն հաշվի էին նստում այն հանգամանքի հետ, որ Գերմանիան կարող էր բռնել նրանց ձեռքը»:

 

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930