Ինչո՞ւ է Տարոն Մարգարյանն իր հանդիպումների ժամանակ նույն, անգիր արած, տեքստերն արտասանում: Այսօր «Զարկերակ» մամուլի ակումբում լրագրողներն այսպիսի հարց ուղղեցին ՀՀԿ-ական պատագամավոր Սուքիաս Ավետիսյանին: «Չեմ կարծում, որ նույն տեքստերն է ասում: Նա շատ լավ բանավոր խոսք ունի եւ եթե ուշադրություն եք դարձրել`գրած որեւիցէ ելույթ չի ունեցել: Մենք ընդհանուր ենք տեսնում Երեւանի խնդիրները եւ այդ պատճառով`անկախ առանձին թաղամասի խնդիրներից, ՀՀ-ի թեկնածուն փորձում է այդ ընդհանրության մեջ տեսնել խնդիրներն ու լուծումները»,- ասաց Սուքիաս Ավետիսյանը`ընտրարշավը շատ լավ առիթ համարելով գործող քաղաքապետի եւ քաղաքապետի թեկնածուի համար`հանրության հետ շփվելու, առավել լավ ծանոթանալու եւ պատկերացնելու խնդիրները: Մանավանդ, որ ըստ պատգամավորի, հանրությունն էլ ընտրությունից-ընտրություն սպասում է իր խնդիրները բարձրաձայնելու համար:
ՀՀԿ-ական պատգամավորը հակադարձելով «Առավոտ»-ի դիտարկմանը, որ քաղաքացիների հետ շփումը պետք է քաղաքապետի ամենօրյա աշխատանքը լինի եւ ոչ թե նախընտրական առիթը դրա համար օգտագործի, ասաց, որ Տարոն Մարգարյանը բնակիչների հետ մշտապես է շփվում, բացի այդ, վարչական շրջանների ղեկավարների միջոցով տիրապետում է բոլոր ընդհանուր եւ մասնավոր խնդիրներին:
Հակադարձելով լրագրողներից մեկի դիտարկմանն էլ, որը մեջբերելով նախկին քաղաքապետ Կարեն Կարապետյանին, ասաց, թե Տարոն Մարգարյանի քարոզարշավներում «դրայվը» պակասում է, Սուքիաս Ավետիսյանն ասաց. «Դրայվը չի պակասում, ուղղակի մարդ կա փորձում է իր հարուստ խոսքը օգտագործել ու ոչ մի բան հստակ չանել, մարդ կա`շատ համեստ խոսում է, բայց գործ է անում»:
Aravot.am-ի ճշտող հարցին`կիսո՞ւմ է ՀՀԿ-ականների այն տեսակետը, որ Տարոն Մարգարյանը վերջին քսան տարիների լավագույն քաղաքապետն է, բանախոսն ասաց. «Ես երբեւիցէ չեմ ուզում նման կերպ արտահայտվել, որովհետեւ ցանկացած քաղաքապետ իր պաշտոնավարման ընթացքում քաղաքի համար աշխատել է: Քաղաքապետեր են եղել, որ քաղաքի համար ավելի գլոբալ խնդիրներ են լուծել, քաղաքապետեր են եղել, որ ավելի կարճ են աշխատել եւ չեն հասցրել ինչ-որ բան անել, բայց Տարոն Մարգարյանի պաշտոնավարման շրջանից մենք գոհ ենք»
Կարդացեք նաև
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ