Լրահոս
Օրվա լրահոսը

Ազգային գրադարանի անվտանգությունն ուժեղացվել է

Ապրիլ 23,2013 12:52

Ազգային գրադարանի անվտանգությունն ուժեղացվել է, մասնավորապես փոխվել են կողպեքները, տեղադրվել անվտանգության տեսախցիկներ: Այս մասին մեզ հետ զրույցում տեղեկացրեց Ազգային գրադարանի տնօրեն Տիգրան Զարգարյանը:

Այս վերազինումները տեղի են ունեցել այն բանից հետո, երբ բացահայտվեց, որ Ազգային գրադարանում 2010թ.-ի հունիսից մինչև 2011թ.-ի նոյեմբերը պարբերաբար կատարվել են գողություններ, որոնց արդյունքում հանցագործ խմբին հաջողվել էր գրադարանից հափշտակել 150 միավոր 1800-1900թթ հրատարակության, ռուսերեն, մատենագիտական նշանակության արժեքավոր գրքեր:

Հիշեցնենք, որ ոչ միայն Ազգային, այլև ԵՊՀ գրադարաններից կատարված գողությունների համար ձերբակալվել և դատապարտվել են ազգությամբ վրացի Վաժա Ազարիաշվիլին, նրա հանցակիցներ՝ Ազգային գրադարանի շենքի պահպանությունն իրականացնող 2 ոստիկաններ Երվանդ և Դավիթ Ղամբարյանները, ոստիկանության ակադեմիայի ուսանող Վարդան Եղիազարյանը, Կարեն Հովհաննիսյանը և ԵՊՀ Բաժնի վարիչ Հասմիկ Դուրգարյանը, իսկ շենքի պահպանությունն իրականացնող մեկ այլ ոստիկան ՝ Աբգար Հովսեփյանը ծառայության վայրը ինքնակամ լքելու հիմքով դատապարտվել է անփութության համար:

Հանցագործության բացահայտումից և մեղավորներին պատժելուց բացի, քննությունը վարող մարմինը՝ ՀՀ հատուկ քննչական ծառայությունը, գրավոր միջնորդություն էր ներկայացրել՝ գրադարանի ղեկավարության ուշադրություն հանցագործության կատարմանը նպաստող հանգամանքների վրա։ Դրանցից առաջինը Ազգային գրադարանի շենքի անվտանգության խնդիրն էր: Գրապահոցներ, որտեղ պահվում են մեծ արժեք ներկայացնող գրքեր պարզվել է կարելի էր մուտք գործել հասարակ բանալու օգնությամբ, ընդ որում, ինչպես ցույց էր տվել քննչական փորձարարությունը, դրանցից մի քանիսով նույնիսկ կարելի էր բացել միաժամանակ մի քանի դռներ: Շենքը ապահովված չի եղել նաև անվտանգության տեսախցիկներով:

«Մեր ուժերով, ինչ-որ բաներ արել ենք, բայց դա վերազինման մեծ և ծախսատար ծրագիր է, նախագիծը կազմել ենք և ներկայացրել քաղաքաշինության նախարարություն»,- նշեց Ազգային գրադարանի տնօրենը:

Քաղաքաշինության նախարարությունն էլ, ինչպես տեղեկացրեց Տիգրան Զարգարյանը, պետք է մրցույթ հայտարարի, և դրանում հաղթող կազմակերպությունն արդեն կյանքի կկոչի Ազգային գրադարանի վերազինման ամբողջական ծրագիրը: Ի դեպ, վերազինումը, տնօրենի խոսքով, ոչ միայն տեսահսկող սարքերով է սահմանափակվելու, այլև հակահրդեհային եւ այլ անվտանգության համակարգերով:

Ինչ վերաբերում է գրադարանի գրապահոցների հեշտությամբ բացվող կողպեքին, դրանց միջուկները գրադարանն արդեն իսկ սեփական միջոցներով ամբողջովին փոխվել է, անգամ որոշ դռների փոխարեն պատեր են շարվել՝ փակելով փողոցից գրապահոցներ տանող նախկին մուտքերը:

Նելլի Դանիելյան
«Փաստինֆո»

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930