Այսօր «Մեդիա կենտրոնում» կայացած քննարկմանը մասնակցում էին ՀՅԴ-ից` Արծվիկ Մինասյանը «Բարեւ Երեւան» դաշինքից` Արմեն Պողոսյանը, «Առաքելություն» կուսակցությունից` Հրաչ Սարգսյանը, «Աքիլես» վարորդական իրավունքների հետազոտական կենտրոնի ղեկավար Էդուարդ Հովհաննիսյանը, ճարտարապետ Գուրգեն Մուշեղյանը, ՀԱԿ-ից`Արմեն Մանուկյանը եւ այլք: Ավագանու թեկնածուները քննարկեցին «Երեւան քաղաքի տրանսպորտային խնդիրներն ու դրանց լուծումները»:
ՀԱԿ թեկնածուի խոսքով`ոլորտում ավտոմատ կառավարման համակարգ ներդնելու համար նախ պետք է փոխել գոյություն ունեցող համակարգը: Նա նաեւ նշեց. «Մեր կառուցապատումը թույլ չի տալիս, որ մենք ունենանք այսքան շատ երթուղայիններ, որի պատճառով էլ շատանում են խցանումները եւ վթարները»:
Հրաչ Սարգսյանի խոսքով` իրենք ներկայացրել են, որ ավագանի դառնալու դեպքում ձեռնամուխ են լինելու, որ տրանսպորտային միջոցները վերահսկվեն քաղաքապետարանի կողմից: «Այսօր օպտիմալ չեն աշխատում, այնպես է ստացվել, որ եկամտաբեր գծերը տրվել են մասնավորներին, իսկ որը եկամտաբեր չէ` քաղաքապետարանն է սպասարկում»:
ԲՀԿ ավագանու թեկնածու Գուրգեն Գասպարյանն էլ ասաց, թե մետրոպոլիտենի զարգացման համար կան շատ աղբյուրներ, իսկ նոր գծերի կառուցման հետ կապված նշեց, որ օրինակ բոլոր զարգացած երկրներում գծերը հասնում են մինչեւ օդանավակայան, հարկավոր է ընդլայնել, իսկ խցանումները Երեւան քաղաքում պայմանավորված են երթուղիներով:
Կարդացեք նաև
ՕԵԿ-ից Արթուր Միսակյանն էլ գտնում է, որ Երեւանի առաջնային խնդիրներից մեկը խցանումներն են, եւ այդ խնդիրը իրենց ուշադրության կենտրոնում է. «Մարդիկ երթուղայիններում, բացի նրանից, որ ծալապատիկ են երթեւեկում, հայտնվում են հակահիգիենիկ միջավայրում: Համապատասխան վերահսկող մարմինները պարապուրդի են մատնված: Այդ խնդիրը պետք է լուծել: Առաջարկում ենք Երեւանի կենտրոնը շրջանցող ճանապարհների կառուցում: Բացի այդ ես կարծում եմ, որ պետք է զարգացնել նաեւ հեծանվային երթեւեկության ձեւը»:
ՀՅԴ ավագանու թենածու Արծվիկ Մինասյանն էլ նշեց, որ հարկավոր է ունենալ ավտոմատացմած կառավարման համակարգ, որն էլ հնարավորություն կտա բեռնաթափում իրականացնել ու բացառել էկոլոգիական խնդիրների առաջացումը. «էստակադաների ու կամուրջների կառուցումը ոչ միայն չի լուծում տրանսպորտի հետ կապված հարցերը, այլ առաջացնում է էկոլոգիական լուրջ խնդիրներ ու ճարտարապետական տեսքի աղավաղում»,- հավելեց նա:
«Բարեւ Երեւան» դաշինքից Արմեն Պողոսյանն էլ գտնում է` «Տնտեսապես մեր էլեկտրագեներացնող ռեսուրսները ծանրաբեռնված են միայն 30 տոկոսով: Ամբողջ երկրագնդի վրա մենք միակն ենք, որ ունենք չօգտագօրծված էլեկտրաէներգիայի ռեսուրս»:
Եվա ՀԱԿՈԲՅԱՆ