Երեկ մեկնարկած ԵԽԽվ գարնանային նստաշրջանում ԵԽ Նախարարների խորհրդի նախագահ Ժիլբերտ Սաբոյա Սանյեն (լուսանկարում) իր ելույթում անդրադարձավ մարտ և ապրիլ ամիսների ընթացքում Հայաստան և Ադրբեջան կատարած այցին ու դիտարկումներին:
Իսպանացի պատվիրակ Խուկլա ի Կոստան էլ հետարքրքվեց, թե
ինչ փուլում է գտնվում ԼՂ հարցի կարգավորումը և իրենք ի՞նչ եզրակացությունների են եկել:
Ս. Սանյեն պատասխանեց. «Մենք վերջին ամիսների ընթացքում այցելել ենք Հայաստան և Ադրբեջան: Միևնույն ժամանակ հույս ունենք, որ նա քաղաքական իրավիճակի կարգավորման առումով կառուցողական մոտեցում կցուցաբերի: Եվրախորհուրդը աջակցում է ՀՀ իշխանություններին, որպեսզի նրանք կյանքի կոչեն այն պարտավորությունները, որոնց իրագործումը դեռ առջևում է: Մենք մտադիր ենք ապահովել այն ամենի իրագործումը, ինչն ընդունվել է 2012-ի մարտին»:
Դառնալով փետրվարի 18-ին կայացած ՀՀ նախագահական ընտրություններին` Սանյեն նշեց, որ դրանք ընդհանուր առմամբ «լավ կազմակերպված էին` չնայած կային լուրջ բացթողումներ, հատկապես վարչական ռեսուրսի չարաշահումը»: Նա տեղեկացրեց, որ նույն հարցը նաև դիտարկվել է Ադրբեջանում` Բաքվում: Եվրոպացի պատգամավորը կարծում է, որ հոկտեմբերին Ադրբեջանում կազմակերպվելիք նախագահական ընտրությունները լուրջ փորձաքար են լինելու:
Կարդացեք նաև
Ելույթ ունեցավ նաև ադրբեջանցի պատվիրակ Ռաֆայել Հուսեյնովը ու նշեց. «Հայաստանը շարունակաբար խոչընդոտում է հակամարտության կարգավորմանն իր անջատողական և հակամարտությունների սրման քաղաքականությամբ: Օրինակ` այդպիսի գործողություն իրականացվեց փետրվարի 21-ին Քյոսալարում և Քելբաջարում, որոնք պատկանում են օկուպացված Ադրբեջանին: ՀՀ-ն միջազգային կազմակերպությունների հետ ցանկություն է հայտնել այս տարածքում ստեղծել ռազմական գործարան, որն ունենալու է ավելի քան 4000 աշխատող: Ինձ հետաքրքրում է ի՞նչ միջոցներ կարող են ձեռնարկվել Վեհաժողովի կողմից, որպեսզի այդ նախաձեռնությունը կանխվի, որը ՀՀ-ին և Ադրբեջանին տանում է զինված առերեսման` այսպիսով նաև մեծապես վնասելով իրավիճակի խաղաղ կարգավորմանը»:
Ս. Սանյեն պատասխանեց. «Հակամարտության կարգավորման հարցը գտնվում է բանակցությունների սեղանին, և ես արդեն նշել եմ, որ գործողությունների ծրագիրը համաձայնեցվել է ՀՀ-ում և Ադրբեջանում: Եվ կարևոր է, որ երկու երկրներն էլ հավատարիմ մնան որդեգրված սկզբունքներին»:
Ադրբեջանցի մեկ այլ պատվիրակ Գանիրա Փաշաևան կրկին բարձրացրեց «ադրբեջանցի փախստականների վերադարձի և ՀՀ-ի կողմից Ադրբեջանի տարածքների օկուպացման հարցը»:
Ս. Սանյեն էլ պատասխանեց, որ Նախարարների խորհուրդը միշտ պատրաստակամ է օգնել լուծել հիմնախնդիրը:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ