Կիրակի օրը ԲՀԿ-ականները քննություն են «վերցրել» տարբեր բուհերի ուսանողներից, որոնք հավաքվել են Ագրարային համալսարանում։
Ինչպես տեղեկացանք Բաց համալսարանի ուսանողներից, իրենց նախապես բաժանվել են քննության հարցաշարեր ընտրությունների կազմակերպման ընթացքի վերաբերյալ, որպեսզի սովորեն եւ ներկայանան ԲՀԿ-ի քննությանը։ Ուսանողներից շատերը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նշեցին, որ քննությունը շատ խիստ է եղել, նույնիսկ վերահսկել են, որպեսզի միմյանցից չարտագրեն։ Մի խոսքով իսկական բուհի ընդունելության քննությունների պես, ուղղակի այս անգամ ուսանողը սովորելու դիմաց 20 հազար դրամ կստանա, այլ ոչ թե գնահատական։ Իսկ դա կվաստակի միայն այն դեպքում, եթե կարողանա, քննության հաջող արդյունքից բացի, մայիսի 5-ին կայանալիք Երեւանի ավագանու ընտրություններում պատվով կատարել ԲՀԿ վստահված անձի աշխատանքը։ Ի դեպ, քննության արդյունքները դեռեւս չեն ամփոփվել, եւ հայտնի չէ, թե ովքեր կդառնան քաղաքական այլընտրանք ԲՀԿ-ի 20-հազարդրամանոց վստահված անձինք։
Այս առիթով «Ժողովուրդ»–ը զրուցեց ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանի հետ։
– Մեր պատասխանատուները տարբեր թրեյնինգներ են անցկացնում մեր վստահված անձանց համար, եւ դա միանգամայն բնական է։ Հանձնաժողովի մեր անդամները, մեր վստահված անձինք լրջագույնս նախապատրաստվում են իրենց պարտականությունների կատարմանը։ Ինչ վերաբերում է վստահված անձանց վճարելուն, ապա Ձեր տեղեկությունն իրականությանը չի համապատասխանում։
Կարդացեք նաև
– ԲՀԿ-ն հայտարարել էր, որ 350.000 անդամ ունի, ինչո՞ւ է այդ դեպքում ուրիշ մարդկանց եւ հատկապես ուսանողների ներգրավում ընտրական գործընթացներում։
– Ցանկացած ուսանող իրավունք ունի ունենալու իր համար նախընտրելի քաղաքական կողմնորոշում։ Եվ եթե մեծ է այն երիտասարդության թիվը, ովքեր մեր կուսակցության կողքին են կանգնած, դա ինձ միայն ուրախացնում է։ Ի տարբերություն որոշ քաղաքական ուժերի՝ մենք բռնի ուժով կուսակցական անդամակցում չենք անում, եւ դրա մասին խոսելն ուղղակի աբսուրդ է։
Սոնա ԳՐԻԳՈՐՅԱՆ
«Ժողովուրդ»