«Ագաթանգեղոսի 7 շենքը վերջապես կվերանորոգվի: Ի դեպ, այդ մասին դեռ ուսանողական տարիներից եմ երազել, թեեւ այդ շենքում բնակվող ոչ բարեկամ ունեմ, ոչ էլ տարածքի հետ որեւէ կապ ունեմ: Որոշ ստորգետնյա անցումներից գոնե զուգարանի հոտ չի գա եւ առավել արդյունավետ կօգտագործվեն այդ հատվածների առեւտրի տաղավարների համար նախատեսված տարածքները, մայրաքաղաքի կանաչապատումը կիրականացվի էկոլոգիային նպաստ բերելու նկատառումներից ելնելով եւ այլն, եւ այլն: Ու դա հեչ կապ չունի նրա հետ, որ ԲՀԿ-ն չմասնակցեց նախագահական ընտրություններին»,- այսօր «Արմատ» մամուլի ակումբում կրկին հակադարձելով լրագրողների եւ տարբեր քաղաքական ուժերի ներկայացուցիչների կողմից հնչեցվող տեսակետին, թե ԲՀԿ-ն քաղաքապետի պաշտոնի համար կենաց-մահու կռիվ է մղում, իսկ նախագահական ընտրություններն անտեսեց, ասաց ԲՀԿ մամուլի խոսնակ Տիգրան Ուրիխանյանը:
Տիգրան Ուրիխանյանը լավ է գնահատում քարոզարշավի անցած ընթացքը, բայց նմանատիպ հարցերը կոռեկտ չի համարում, քանի որ վերջնական գնահատականը տալու է ժողովուրդը՝ ընտրության օրը:
Պատասխանելով Aravot.am-ի հարցին էլ, թե ի՞նքն ինչպես է գնահատում իր կուսակցության իրական շանսերը՝ մի կողմ թողնելով հավակնությունները, Ուրիխանյանն ասաց. «Կուսակցությունների մրցակցության առումով լավ ու շահեկան եմ գնահատում, քանի որ կան մասնակից կուսակցություններ, որոնք շեշտադրում են ոչ թե կուսակցությունը, այլ որոշակի անհատի»: Մինչդեռ ԲՀԿ մամուլի խոսնակը հիշեցնում է, որ մայիսի 5-ին ընտրողը նշում է կատարելու ոչ թե ինչ-որ մի անհատի անվան դիմաց, այլ հենց կուսակցության՝ «օրինակ՝ ՀՀԿ-ի»:
Լրագրողները հետաքրքրվեցին նաեւ, թե ինչպե՞ս է ԲՀԿ մամուլի խոսնակը վերաբերվում Վարդան Օսկանյանի ֆեյսբուքյան գրառմանը, որը վերաբերվում էր ԲՀԿ-ն ընդդիմություն հռչակելուն: Տիգրան Ուրիխանյանն ասաց, որ փաստացի իրավիճակներում առկա են ԲՀԿ-ի գործողությունների եւ պաշտոնական տեսակետները: Եթե խնդիրը վերաբերում է կոնկրետ ձեւակերպումներին, ապա եթե կուսակցությունն իրեն նման հանձնարարական իջեցնի, ինքն իբրեւ մամուլի խոսնակ՝ սիրով կծանուցի դա: Ինչ վերաբերում է Րաֆֆի Հովհաննիսյանի հայտարարած միասնական ճակատին միանալ-չմիանալուն, Ուրիխանյանը վերահաստատեց, որ ԲՀԿ-ն պատրաստակամ է ցանկացած համագործակցության, եթե չկան գաղափարական հակասություններ եւ կա կոնկրետ գործողությունների պլան եւ ծրագիր:
Կարդացեք նաև
Նելի ԳՐԻԳՈՐՅԱՆ