ԺՈՒԿ-ի նախագահ Մանուել Գասպարյանը մեր հետ զրույցում նշեց, որ ամեն ինչ սկսվել է ՀԱԿ համագումարից։ «Մենք հրավիրված չէինք այդ համագումարին, բայց նա (Վարդան Գրիգորյանը-հեղ.) ներկա է գտնվել այդ համագումարին, որի հանդեպ մեր վարչության կազմը դժգոհություն արտահայտեց, հարցը օրակարգ մտցրեց եւ փորձում էին ինձնից բացատրություն պահանջել նրա այդ քայլին, բայց ես պատասխան չունեի։ Ավելի ուշ նա բացատրություն տվեց, որ անձնական հրավերք է եղել կոնկրետ իրեն եւ տեղեկացվել է, որ մեր կուսակցությունը հրավիրված չի եղել, քանի որ մենք գտնվում ենք «Բարեւ Երեւան» դաշինքի շրջանակներում»,- ասաց նա եւ կարծիք հայտնեց, որ կգա մի օր, որ Գրիգորյանը կվերանայի իր որոշումը։ Նրա խոսքերով՝ սա եղել է Գրիգորյանի որոշումը եւ նա հարգում է դա։ Նա նշեց, որ պատճառները մի քիչ ավելի խորքային են։ «ՀԱԿ դաշինքը օրակարգ մտավ, նիստը կայացավ, նիստից հետո երեւի որոշ մարդկանց մոտ շատ մեծ էր խանդը կամ ատելությունը եւ փորձեցին ինչ-որ մի ձեւով հարված հասցնել։ Ես սա ցավով եմ արձանագրում, որովհետեւ իրենց ձեռագրից չի տարբերվում, ինչպես Պետրոս Մակեյանի շուրջ փորձեցին ինչ-որ ինտրիգներ ստեղծել, հիմա էլ փորձում են մեր թիմում, բայց դա իրենց չի հաջողվի»,- ասաց ԺՈԻԿ նախագահ Մանուել Գասպարյանը։
Խոսելով իրեն ուղղված անձնական հրավերի մասին՝ Վարդան Գրիգորյանը մեզ ասաց, որ ՀԱԿ կուսակցության համագումարին ինքը ներկա է գտնվել որպես քաղաքական գործիչ եւ որպես ՀԱԿ խորհրդարանական խմբակցության փորձագետ։
Թագուհի ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
«Հայկական ժամանակ»